ՀՀ-ՈՒՄ ՄԵՂՈՒՆԵՐՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական տվյալներով՝ 70-ականների համեմատ Հայաստանում մեղվաընտանիքների թիվը նվազել է շուրջ 50%-ով: Մեղվաբույծների ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառյուկյանի կարծիքով՝ Հայաստանում մեղվաբուծության մասին վիճակագրական տվյալները ստույգ չեն, քանի որ քաղաքացիները, խուսափելով հարկային տուրքերից, թաքցնում են մեղվափեթակների ճիշտ քանակը: Ըստ նրա՝ Հայաստանում այժմ կա մոտ 540 հազար  մեղվաընտանիք:
Հայաստանը մեղվաբուծության համար նպաստավոր պայմաններ ունի: 1912թ. Հայաստանի ներկա տարածքում պահվել է 26 հազ. մեղվաընտանիք: 1971թ. այդ թիվը հասել է 150 հազարի: Ագրարային բարեփոխումների 1-ին տասնամյակում մեղվաբուծությունն անկում է ապրել: Անկախությունից հետո խոշոր գյուղատնտեսական ձեռնարկությունների արագ լուծարման, այգիների տարածքների կրճատման եւ մեղվաբուծության ոլորտում տոհմային աշխատանքների բացակայության պատճառով այս ճյուղը հասավ քայքայման եզրին: Բավական է նշել, որ 2003թ. ազգային վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում մնացել է 77 հազ. մեղվաընտանիք: Գյուղատնտեսական ձեռնարկներից (2009թ.) մեկում նշված է, որ այս ոլորտում ստեղծված ծանր կացության հիմնական պատճառը տնտեսական է. հայ մեղվապահները միջոցներ չունեն անհրաժեշտ գրականության եւ դեղորայքի ձեռքբերման, մեղվաբուծական պարագաներ գնելու համար: Չկա նաեւ մեղրի իրացման շուկա, որից ստացված եկամուտների մի մասը հետագայում կարող էր ուղղվել մեղվաընտանիքների թվի մեծացմանը:
 Անցյալ տարի Հայաստանում արտադրվել է շուրջ 2000 տ մեղր, որից 1350 տոննան տվել է «Մուլտի ագրո» ընկերությունը: Հայկական արտադրանքը բավարարում է ներքին շուկայի պահանջարկը: Արդյոք կա ավելին արտադրելու անհրաժեշտություն, քանի որ չկա արտահանման շուկա: Պաշտոնական տվյալներով՝ 2008թ. արտահանվել է շուրջ 3.6 տ մեղր, 2009թ.՝ ընդամենը 887 կգ, իսկ 2011թ.՝ 901 տ: Սակայն սա եւս շատ ցածր ցուցանիշ է՝ խոսելու Հայաստանից մեղրի արտահանման եւ միջազգային շուկայում թեկուզ փոքրիկ տեղ զբաղեցնելու մասին: Չնայած այս ամենին՝ Մեղվաբույծների ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանի վկայությամբ՝ Ավստրալիայում անցկացված գիտաժողովում հայկական մեղրն իր որակական հատկանիշներով համարվել է լավագույնը եւ ստացել որակի սերտիֆիկատ: Հայկական մեղրի շուկայական գինն այսօր 3-4 հազ. դրամ է: Այս ցուցանիշը պահպանվում է արդեն քանի տարի: Մեղրը թանկ է նաեւ միջազգային շուկաներում: Այն չես համեմատի չինական էժան ու ցածրորակ մեղրի հետ, որն այսօր աշխարհի շատ շուկաներ է գրավել, այդ թվում` եվրոպականը:
Հայաստանի մեղվաբույծների հավաստմամբ` Հայաստանում մեկ մեղվաընտանիքն այսօր տալիս է առավելագույնը 20-25 կգ մեղր: Ռ. Ծառուկյանին պատկանող «Մուլտի ագրո» ընկերությունն այլ ցուցանիշ է արձանագրել. «Յուրաքանչյուր փեթակից ստանում ենք մոտ 30-40 կգ մեղր, որից մոտ 10 կգ-ն  պահվում է որպես կերապահուստ»:
Տավուշի մարզի բնակիչ Սանդրո Ղարագյոզյանը վաղուց է զբաղվում մեղվաբուծությամբ: Նա ասում է, որ մեկ մեղվաընտանիքից ստանում է 8-10 կգ-ից ավելի մեղր: Ցածր բերքատվությունը վերջինս պայմանավորում է խոնավ կլիմայով, դեղորայքի թանկությամբ: «Մուլտի ագրո»-ից «Ժողովուրդ»-ին տեղեկացնում են, որ գյուղնախարարությունն իրենց կազմակերպությանը տրամադրում է 10 մլն դրամ (նախկին 8-ի փոխարեն) դեղորայք ձեռք բերելու համար: Այն տրամադրվում է մեղվապահներին` ըստ մեղվաընտանիքների թվի: Ռ. Ծառուկյանն ասում է, որ դեղորայք բաժանելիս կանգնում են լուրջ հիմնախնդրի առջեւ, քանի որ հայտագրված մեղվաընտանիքների թիվը չի համապատասխանում իրական ցուցանիշին: Մեղվապահները, խուսափելով հարկային վճարումներից, թաքցնում են փեթակների փաստացի թիվը:
Հայկական մեղվաբուծության մեջ գրանցվել է առաջընթաց նաեւ գույքագրման մասով: «Մուլտի ագրո» ընկերության եւ կառավարության համագործակցության արդյունքում Հայաստանի մեղուները «ձեռք են բերել» անձնագրեր: ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության կողմից մեղվապահին տրամադրում են «Մեղվանոցի անասնաբուժա-սանիտարական անձնագիր», որտեղ գրանցվում են մեղվապահի տվյալները, փեթակների քանակը, մեղուների հիվանդության պատմությունը, նշանակված դեղորայքի անունը: Սակայն անձնագիրը, միանշանակ, ունի վերահսկողական առանձնահատկություն: Նաեւ մարզից մարզ տեղափոխելիս անձնագիրը համարվում է մեղվանոցների անցագիրը:
Այսպիսով՝ մեղվաբուծության ոլորտում կատարվում են որակական եւ քանակական փոփոխություններ, սակայն այս ոլորտում գերխնդիր է մնում մեղրի արտահանումն ու իրացման նոր շուկաների ձեռքբերումը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս