ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ԿՕԳՆԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում` Դեբեդի հովտի բնակավայրերում, դեղձի լավ բերք կա: Վաղահաս սորտերի դեղձն արդեն իսկ շուկայում վաճառվում է, իսկ 20 օրից կսկսվի հիմնական բերքահավաքը: Պտղաբույծները, ունենալով նախորդ տարիների դառը փորձը, արդեն իսկ անհանգստանում են մրգի իրացման համար:
Հուլիսի 9-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի Պտղավան գյուղ էր այցելել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, որը ծանոթացավ այգիների առատ բերքին, զրուցեց այգեգործների հետ, լսեց մրգի իրացման վերաբերյալ նրանց մտահոգությունները: Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասաց, որ դեղձենիների ճյուղերը ջարդվում են բերքի առատությունից, ինչի արդյունքում պտղի չափերը փոքր են, այն ունի ապրանքային ոչ բարվոք տեսք, ուստի բերքն իրացնելու համար հարկ կլինի օգտագործել վերամշակող ձեռնարկությունների հնարավորությունները:
Գյուղնախարարը պտղավանցիներին հավաստիացրեց, որ ինքը հանդիպում է ունենալու Հայաստանից պտղի արտահանմամբ զբաղվող ընկերությունների ղեկավարների հետ, որպեսզի վերջիններս զբաղվեն Դեբեդի հովտի դեղձի իրացմամբ: Նաեւ խոստացավ,  որ նրանց աճեցրած դեղձն ամբողջությամբ կիրացվի: Կարծում ենք, որ գյուղնախարարը լավ հնարավորություն ունի իր խոստումներն իրականացնելու համար, քանի որ նա Այրումի պահածոների գործարանի սեփականատեր «Արտֆուդ» ընկերության հիմնական բաժնետերն է:
Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Այրումի պահածոների գործարանում խյուսի արտադրամասի գործարկման ժամանակ Սերգո Կարապետյանը Սերժ Սարգսյանին վստահեցնում էր, թե գործարանը ընդունելու, վերամշակելու է Դեբեդի հովտի այգեգործների աճեցրած պտուղը: Սակայն նրա խոսքերը լոկ խոստումներ մնացին: 2012թ. ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանի՝ Այրում քաղաք նախընտրական այցի ժամանակ այրումցիները նրան խնդրում էին միջոցներ ձեռնարկել, որպեսզի պահածոների գործարանը բնականոն աշխատի, իրենք էլ աշխատատեղ ունենան: Աշնանը պարզ կդառնա, թե դեղձի բերքն իրացնելու վերաբերյալ Ս. Կարապետյանի հավաստիացումները որքանով էին իրական:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս