Որոշ բանկեր միլիոնների վնասներ են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. արդյունքներն ամփոփվում են նաև բանկային համակարգում: Նախորդ տարվա տվյալներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ մի քանի բանկեր վնասով են աշխատել:

Որքան էլ զարմանալի է,  այնպես է ստացվում, որ փողի պակաս ունեն` ըստ հայտնի արտահայտության փողի վրա նստած ընկերությունները: Բայց փաստը մնում է փաստ, որ բանկերը միլիարդավոր դրամների վնասներ են հայտարարագրել: Հայաստանում գործող 21 բանկերից տարին վնասով են փակել Առէկսիմբանկը (Գազպրոմբանկի խումբ), Արցախբանկը, ԲՏԱ և Բիբլոս բանկերը:

Ըստ տվյալների, Առէկսիմբանկը 5 մլրդ 668.9 միլիոն դրամի վնաս է կրել,  Արցախբանկը՝ 1 միլիարդ 697.1 միլիոն դրամի, Բիբլոս բանկն ունեցել է 513.4 միլիոն դրամի վնաս, իսկ ԲՏԱ-ն` 177.9 միլիոն դրամի։ Ընկերություններն իրենց տարեկան հաշվետվություններում սովորավար վնաս  նշում են հարկերից խուսափելու համար:

Նշված  բանկերը խոշոր հարկատուների ցանկում առաջատարների թվում չեն: Վերջին շաբաթներում բավական ակտուալ է դարձել բանկերի միավորման թեման և այդ ֆոնին նման պատկերը նույնպես հետաքրքրական է, առավել ևս, որ նախորդ բոլոր հրապարակումներն այս բանկերի օգտին չեն եղել:

Թե որն է եղել նման խոշոր չափի վնասով աշխատելու պատճառը, Armlur.am-ը փորձեց պարզել  հենց բանկի ներկայացուցիչներից: Նշենք, որ վերը նշված բոլոր չորս բանկերի ներկայացուցիչներն էլ այս կամ այն կերպ հրաժարվեցին մեզ որևէ պարզաբանում տալ՝ նշելով, որ հաշվետվությունում հրապարակված թվերից զատ որևէ այլ տեղեկատվություն չեն կարող ներկայացնել:

«Արցախբանկ»-ի ներկայացուցիչը մեզ հետ զրույցում նշեց, որ բոլոր տվյալներն իրենց պաշտոնական կայքում ներկայացված են և բանկի գործունեության մասին որևէ այլ տվյալ չեն կարող տրամադրել: Աշխատակցի խոսքով, այսպիսի տվյալները ներկայացնում է միայն բանկի հաշվապահը, ով սակայն, ըստ աշխատակցի, մեզ հետախոսով չէր կարող որևէ տվյալ տալ: Նա այդպես էլ չնշեց, բանկը վնասով աշխատել է, թե ոչ՝ հայտարարելով, թե այդպիսի տվյալների չի տիրապետում:

Բանկի պաշտոնական կայքում անհրաժեշտ ինֆորմացիան գտնելու խորհուրդ տվեց նաև «Առէկսիմբանկ»-ի ներկայացուցիչը: Այնուամենայնիվ, նա մեզ հեռախոսահամար տվեց, որպեսզի թեմային իրազեկ բանկի աշխատակիցը պատասխանի մեր հարցերին: Ավելի ուշ պարզվեց, որ այդ իրազեկ անձն այժմ արձակուրդում է, կվերադառնա մի քանի օր անց, իսկ այլ աշխատակից մեզ օգնել չէր կարող:

Արձակուրդում էր գտնվում նաև ԲՏԱ բանկի աշխատակիցը. մեր հարցերին պատասխանող անձ այդպես էլ չգտնվեց: «Բիբլոս» բանկի աշատակիցն էլ թեև արձակուրդում չէր, սակայն տեղում էլ չէր, և մեր հարցերը կրկին անպատասխան մնացին:

Հիշեցնենք, որ Armlur.am-ն իր նախորդ նյութերից մեկում արդեն ներկայացրել էր բանկերի ընդհանուր կապիտալի չափը, ըստ որի պարզ էր դարձել, թե Հայաստանում գործող 21 բանկերից որոնք են գտնվում ռիսկային գոտում:




Լրահոս