ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻԱՍՆԱԿԱՆ
«ՀՅԴ-ն միանշանակ հայտարարել է, որ իր համար առաջնային են սկզբունքները, որոնց համաձայն՝ պետք է առաջադրվի ընդդիմության միասնական թեկնածուն, քանի որ ակնհայտ է, որ մեկ քաղաքական ուժը չի կարող լուրջ փոփոխություններ իրականացնել երկրում»,-երեկ այդ մասին հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա ասել է, թե ՀՅԴ-ն կաշկանդված չէ նախագահի սեփական թեկնածուն առաջադրելու գաղափարով: «Սակայն կուսակցության Գերագույն մարմնի նիստում նշվել է, որ մենք պետք է ձգտենք համախմբել ուժերն այդ գաղափարների կամ ՀՅԴ թեկնածուի շուրջ»,-ասել է նա: Մինասյանն անդրադարձել է նաեւ ԱԺ-ում ստեղծված էթիկայի հանձնաժողովին՝ փաստելով, որ այն բավական ծանրաբեռնված է:

ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպումից հետո՝ ասուլիսի ժամանակ, Զանիերն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը: Ըստ նրա՝ ԵԱՀԿ-ն մտահոգված է ԼՂ շփման գծում վերջին միջադեպերի կապակցությամբ: «Ստատուս քվոն լուծում չէ, բայց անհրաժեշտ է խուսափել նման միջադեպերի կրկնությունից: Կարեւոր է, որպեսզի կողմերը զերծ մնան պատասխան ագրեսիայից»,-նշել է նա` ընդգծելով շփման գծից դիպուկահարներին հեռացնելու կարեւորությունը: Նա նաեւ մատնանշել է Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների, խորհրդարանականների, լրագրողների միջեւ շփումների կարգավորման անհրաժեշտությունը: Զանիերը հատկապես ընդգծել է հասարակությանը խաղաղության նախապատրաստելու կարեւորությունը եւ այդ ուղղությամբ աշխատանքների աշխուժացման անհրաժեշտությունը:

ԱՄՈՒՍՆԱՆԱԼ 18-ԻՑ
Կառավարության երեկվա նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այնտեղ առաջարկվում է աղջիկների համար 17 տարեկանի փոխարեն ամուսնության շեմ սահմանել 18 տարեկանը: Օրենքի մեջ կատարվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է տղամարդկանց եւ կանանց միջեւ գենդերային հավասարությունն ապահովելու պահանջով:

ՄԵՐԺԵՑ
11 ամիս ընթացած դատաքննությունից հետո երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է նկարիչ Մինաս Ավետիսյանի որդու՝ Արման Ավետիսյանի հայցն ընդդեմ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի: Դատավոր Ա. Խաչատրյանի վճռով հայցը մերժվեց ամբողջությամբ: Հիշեցնենք, որ  2011-ի օգոստոսին Ավետիսյանը հայցով դիմել էր դատարան՝ պահանջելով 500.000 դրամ՝ որպես հասցված վիրավորանքի համար փոխհատուցում, 1.500.000 դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում, եւ 200.000 դրամ՝ որպես փաստաբանական ծառայության համար փոխհատուցում, ընդամենը` 2,2 մլն դրամ, ինչպես նաեւ` պատասխանողի կողմից «ներողության տեքստ»-ի հրապարակում: Եւ սա այն դեպքում, երբ «Ասպարեզ»-ն իր հրապարակումից հետո տպագրել էր նաեւ Արման Ավետիսյանի պատասխանը:

ԴԵՊԻ ԵԴ
«Սիվիլիթաս» հիմնադրամում այս օրերին շարունակվում են հարկային ստուգումները: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է «Սիվիլիթաս»-ի տնօրեն Սալբի Ղազարյանը: Նա հայտնել է, որ իրենց փաստաբանն ԱԱԾ-ում քրեական գործ հարուցելու որոշումը բողոքարկել է դատարան: «Եթե Հայաստանում իրավական պաշտպանության բոլոր միջոցները սպառվեն, եւ իշխանություններն իրենց այս հետապնդումները հասցնեն իրենց տրամաբանական ավարտին, ապա միջազգային դատական վերահսկողության համակարգ եւս կա»,-ասել է Ղազարյանը:

ԶՈՒ ՎԻՃԱԿԸ
Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների՝ 2012թ. հունվարի 1-ից մինչեւ հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում գրանցվել է 23 միջադեպ, որի հետեւանքով մահացել է 27 զինծառայող: Նշված ժամանակահատվածում գրանցված մահացության 27 դեպքերից 11-ը հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով են, 4-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետեւանքով, 1-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման, 4-ը՝ դժբախտ պատահարի, 3-ը՝ առողջական խնդիրների եւ ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման պատճառով, 3-ը՝ սպանության եւ 1-ը՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու հետեւանքով:




Լրահոս