Ստորև ներկայացնում ենք «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ.
«Սիրելի հայրենակիցներ,
Առկա մարտահրավերներին և վտանգներին դիմակայելուն ուղղված գործընթացները պահանջում են զինված ուժերի մշտական կատարելագործում, հզորացում և մարտական հնարավորությունների բարձրացում, քանի որ հզոր զինված ուժերի առկայությունը մեր պետության անվտանգության ապահովման գլխավոր երաշխիքն է: Հայոց բանակը կարողացավ հաղթանակով ավարտել իրեն պարտադրված պատերազմը և այսօր էլ մեր զինված ուժերն ի զորու են պաշտպանելու մեր հայրենիքն ու ժողովրդին:
Սակայն այս ամենին զուգահեռ պետք է հնարավորինն արվի, որ նվազագույնի հասնեն բանակում առկա արատավոր երևույթները: Որ խաղաղ պայմաններում զինվոր չզոհվի, որ բարոյապես ամուր ու սոցիալապես պաշպանված լինեն բոլոր այն մարդիկ, ովքեր կանգնած են եղել բանակի կազմավորման ակունքներում ու այժմ էլ կանգնած են բանակաշինության ամենօրյա դժվարին աշխատանքի թիկունքում:
Պետք է արժանին մատուցել ազատամարտիկներին, զինվորներին, բոլոր նրանց, ում ձեռամբ կերտվեց արցախյան պատերազմի հաղթանակը, պետք է արժանին մատուցել զոհված հերոսների ընտանիքներին, պաշտպանել ու հոգ տանել նրանց, քանզի վաղվա էլ ավելի հզոր բանակ ունենալու գրավականներից մեկն էլ, թերևս, հոգածությունն է առ հայրենիքի պաշտպանը: Մատաղ սերունդը պետք է տեսնի, որ պետությունը արժանին է մատուցում բոլոր այն մարդկանց, ովքեր երբևէ ոչինչ չեն խնայել հայրենիքի պաշտպանության սուրբ գործում:
Հայոց բանակի մեծ ու հաղթական տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ մեր ժողովրդին, բանակի սպայական կազմին ու քաջարի զինվորներին: Մեր հայրենիքի պաշտպանության դժվարին, բայց միևնույն ժամանակ ազգանվեր ու պատվաբեր ծառայության ընթացքում մաղթում եմ առողջություն, կամք, վճռականություն ու խաղաղ երկինք:
Հավերժ փառք հայրենիքի համար ընկած հայորդիներին:
Աստված պահապան մեր զինվորներին»: