Ավետիսյանների տուն տարված Պերմյակովն ուշաթափվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ձերբակալության հաջորդ օրը տարել են Գյումրիի հոսպիտալ:

Թերթի աղբյուրների հաղորդմամբ՝ Վ. Պերմյակովի ինքնազգացողությունը վատացել է, և նրան հոսպիտալ տեղափոխելուց հետո տարբեր ստուգումների են ենթարկել: Ըստ նույն տեղեկությունների՝ Պերմյակովը ծեծված է եղել, ինչի հետևանքով էլ վերջինիս ինքնազգացողությունը վատացել է, և ստիպված են եղել նրան հոսպիտալ տեղափոխել:

Ստուգումներից հետո նրան անմիջապես տեղափոխել են հետ՝ Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազա: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ հոսպիտալում աշխատում են նաև հայ բժիշկներ, որոնցից շատերը հրաժարվել են Պերմյակովի առողջական խնդիրներով զբաղվել: Ի դեպ, բժիշկներն ընդհանուր ստուգել են նաև՝ ոճրագործության մեջ մեղադրվող երիտասարդը որևէ առողջական խնդիր ունի, թե՝ ոչ։

Armlur.am-ի տեղեկություններով՝ մի քանի օր շարունակ Վ. Պերմյակովին տարել են դեպքի վայր՝ Ավետիսյանների տուն: Սովորաբար, նրան դեպքի վայր են տեղափոխել գիշերով: Գիշերը տեղափոխելու նպատակն, իհարկե, ոչ միայն անվտանգության նկատառումներն են, այլև այն, որ դեպքը տեղի է ունեցել ուշ ժամի, ուստի՝ հարկավոր է պարզել Պերմյակովի՝ բնակարան մուտք գործելու և հետագա քայլերն անելու հանգամանքները: Վերջին անգամ, սակայն, մեր տեղեկություններով՝ մեղադրյալին տարել են ցերեկը: Այս անգամ նրա ինքնազգացողությունը վատացել է, և նա ուշաթափվել է:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամ, ծանր վիրավորվել 7 ամսեկան Սերյոժան: Վերջինս էլ դեպքից 1 շաբաթ անց հեռացավ կյանքից: Սպանության մեղադրանքով կալանավորված է ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:




Լրահոս