ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ԿՐԻՄԻՆԱԼ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ ԿԱՊԵՐ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակելով ընթերցողի ուշադրությանը ներկայացնել ԱՄՆ դիվանագիտական արխիվի՝ Հայաստանին առնչվող փաստաթղթերը՝ այսօր կանդրադառնանք Երեւանի ավագանու 2009թ. ընտրություններին առնչվող մի հետաքրքիր զեկուցագրի: Այն հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը վերոհիշյալ քվեարկությանը նախորդող օրերին: Փաստաթուղթը հատկապես ուշագրավ է այն առումով, որ դեսպանը դիտարկում է նախընտրական դրությունը, համադրում իշխանության ճամբարից ստացված տեղեկությունները եւ ճշգրտորեն ներկայացնում ընտրություններում ակնկալվող պատկերը: Հատկանշական է, որ դիվանագետը նաեւ ընդգծում է իշխանությունների կողմից կեղծիքներ իրականացնելու հավանականությունը՝ դրանք համարելով ընտրությունների ինստիտուտը հիմնավորապես ոչնչացնող պրակտիկա:

Այսպես՝ հեղինակը նախ եւ առաջ փաստում է ընտրությունների կարեւորությունը՝ որպես քաղաքային առաջին ընտրություններ, որոնց հանդեպ, սակայն, քաղաքացիները խիստ անտարբեր կեցվածք են պահպանում: Դիվանագետն ի սկզբանե հռչակում է, որ քաղաքական այս խաղերին քաջատեղյակ շրջանակներից ստացված տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կիսելու են առաջին երկու տեղերը, իսկ ՀԱԿ-ը կլինի երրորդ հորիզոնականում: Հիշեցնենք, որ 2009թ. մայիսի 31-ին կայացած քվեարկության արդյունքները հենց այս պատկերով հրապարակվեցին ԿԸՀ կողմից: Յովանովիչը հայտնում է, որ ՀՀԿ ներկայացուցիչ Գագիկ Բեգլարյանն էլ կդառնա քաղաքապետ, քանի որ «հայկական յուրաքանչյուր ընտրության մեջ մեծ դեր ունեն լայնամասշտաբ կեղծիքներն ու ստորին օղակներում ծավալվող բռնությունները քվեարկության վայրերում»:
Անդրադառնալով իշխանական կուսակցություններին՝ դեսպանը նկատում է, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը չափազանց կարեւոր է, քանզի նա կառավարելու է հանրապետության 1/3 կամ նույնիսկ 1/2 բնակչությանը եւ ունենալու է ադմինիստրատիվ լուրջ լծակներ՝ զուգորդված ֆինանսական ու քաղաքական իշխանությամբ: Հեղինակը սա է համարում իրական պատճառը, որ «դեռ 1995թ., երբ Հայաստանն ընդունեց ՀՀ Սահմանադրությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանը նախընտրեց այդ պաշտոնը նշանակովի դարձնել եւ ոչ թե ընտրովի, քանզի, ինչպես ասվում է, երկիրը երկրորդ նախագահի կարիք չունի»: Ուշագրավ հանգամանք է, սակայն, որ քաղաքային իշխանության ընտրովիությունն այսօր իրականում ոչինչ էլ չի փոխել, եւ ընտրված քաղաքապետը նշանակվածից տարբերվում է լոկ նրանով, որ տեղի է ունենում պարզագույն եւ իմիտատիվ մի ընտրական միջոցառում, եւ ավելի շատ գումար է ծախսվում: Այս պարագայում, ըստ էության, գլխացավանքն է մի քիչ ավելի մեծ, իսկ արդյունքների առումով բացասականն ավելի շատ է, քանզի եւս մեկ քայլ է կատարվում ընտրական կեղտոտ ավանադույթների ամրապնդման հարցում:
Վերադառնալով ընտրական գործընթացին՝ Յովանովիչը շեշտում է, որ մնացած ուժերից ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը չեն կարող հաղթահարել 7 տոկոսանոց շեմը, ուստի եւ կզրկվեն ավագանու աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից: Նրա համոզմամբ՝ եթե ՀՅԴ-ն նորաթուխ ընդդիմադիր է ու դժվարություններ ունի հասարակությանը համոզելու գործում, ապա ՕԵԿ-ը երեւանցիների մոտ ընկալվում է որպես կեղծ ուժ՝ նկատի ունենալով 2008թ. նախագահական ընտրություններից հետո կուսակցության շրջադարձը: Յովանովիչը չի զլացել կրկին գնահատել Արթուր Բաղդասարյանի դերը քաղաքական կյանքում՝ նրան որակելով «հայկական քաղաքականության քամելեոն՝ պատրաստակամ վաճառելու իր կուսակցությունը ամենաբարձր գնով»:
Նախկին դեսպանը նկատում է, որ ՀՀԿ-ի գերխնդիրը Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ին մեծաթիվ ձայներից հեռու պահելն է: Դրան զուգահեռ՝ հարկավոր է ապահովել թիկունքը, քանզի ԲՀԿ-ն էլ ակնհայտորեն լուրջ է մոտեցել ընտրարշավին՝ հանձին Ծառուկյանի ընդգծված մասնակցության: Ի դեպ, Յովանովիչը հավելում է, որ երեւանյան շրջանակներում Ծառուկյանն ընկալվում է որպես գյուղացի մարդ, ով իր կողմն է գրավում ֆինանսական դժվարություններ ունեցող եւ աշխատանքը կորցրած բնակչությանը: Դիվանագետը պնդում է, որ «2008թ.-ին սկսված ֆինանսական ճգնաժամի ժամանակ Ծառուկյանի՝ մարդկանց աշխատանքը չկորցնելու հարցում ցուցաբերած օժանդակությունն ու քաղաքական նպատակներ ունեցող բարեգործությունը գրավում է մարդկանց»: ԲՀԿ-ին այս հարցում համեմատելով ՀՀԿ-ի հետ՝ դեսպանը եզրակացնում է, որ Բեգլարյանն առավելապես հայտնի չէ եւ «երկու անգամ ընտրվելով Կենտրոնի թաղապետ՝ հռչակված է կրիմինալ աշխարհի հետ կապերի ու կեղծիքներով լի արշավների համար»:
Եզրափակելով սպասվող ընտրությունների շուրջ իր գնահատականը՝ Յովանովիչը հատկանշում է, որ «Հայաստանի ընտրություններն ահավոր վատն են դառնում, երբ քաղաքական մշակույթում կիրառության մեջ են մտնում խախտումները: Ինչպես նախորդ ընտրություններում, մենք ակնկալում ենք ստանալ լայնամասշտաբ տեղեկություններ ընտրական ահաբեկումների, կեղծ քվեարկությունների եւ իշխանական կուսկացությունների` ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի կիրառած բռնությունների մասին: Քվեաթերթիկների ավելցուկը, կառուսելային քվեարկությունը, ընտրողներով լի ավտոբուսները, բազմակի քվեարկությունները, ձայների գնումը, ձայների հաշվարկի ժամանակ խախտումները կտեսնենք մայիսի 31-ին: Մենք կարծում ենք, որ ընդդիմությունն ու լրատվամիջոցները բռնությունների կենթարկվեն խախտումները փաստաթղթավորելու փորձերի ժամանակ»: Դիվանագետը նշյալ ընտրությունների միակ նոր բաղադրիչը համարում է ՀՀԿ-ԲՀԿ հակադրությունը: Եվ իրավամբ, այդ ընտրություններով էլ սկիզբ դրվեց ՀՀԿ-ԲՀԿ պայքարին, որն այժմ փորձում է տեղավորվել «համաժողովրդական շարժման» ներքո: Ուշագրավ է, որ շատերը չեն հավատում նման պայքարի իսկությանը, ինչը, կարծում ենք, այս տարի վերջնականապես կհաստատվի: Կամ էլ կհերքվի՝ չդիմանալով ժամանակի փորձությանը:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԲՈՂՈՔԵԼ

ՀՀ Կառավարության շենքի առջեւ փոքր եւ միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները երեկ բողոքի ակցիա անցկացրին «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության դեմ, որը ուժի մեջ պետք է մտնի փետրվարի 1-ից: Վրդովված առեւտրականները Կառավարության շենքի առջեւ «վարչապետ, կասեցում» բացականչություններով պահանջեցին հանդիպում՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա առեւտրականների եւ փոքր ու միջին գործարարների բողոքի ակցիաներից հետո ՀՀ Կառավարությունը «Շրջանառության հարկի մասին» օրենքով նախատեսված գույքագրման պահանջը 2014 թվականի հոկտեմբերի 1-ից հետաձգեց մինչեւ այս տարվա փետրվարի 1-ը: Օրենքով սահմանվում է, որ մինչեւ 58.3 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող գործարարները 3,5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն վճարեն միայն 1 տոկոս, սակայն նրանք միաժամանակ պետք է ներկայացնեն ապրանքի փաստաթղթերը, այլապես կտուգանվեն:
Տեղեկացնենք, որ երեկ երեւանյան տոնավաճառների տաղավարների մեծ մասը փակ էր: Չէր աշխատում նաեւ Երեւանի ոսկու շուկայի վաճառականների մեծ մասը: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը այցելեց ոսկու շուկա եւ պարզեց, որ այս անգամ շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը ո՛չ աթոռ կոտրեց, ո՛չ էլ սեղան: «Ժողովուրդ»-ին նա ասաց. «Ես արդեն հոգնել եմ: Բողոքում են, թող բողոքեն»:
Նշենք, որ երեկվա բողոքի ակցիային մասնակցեցին ոչ միայն Երեւանի տոնավաճառի, այլեւ Արմավիր, Վանաձոր եւ Գյումրի քաղաքների առեւտրականները: Գյումրիում եւս բողոքի ակցիա կայացավ:
Ակցիայի մասնակիցներից մեկը՝ Սամվել Գրիգորյանը, հիշեց, որ դեռեւս նախորդ տարի, երբ կրկին բողոքի ակցիաներ էին անցկացվում, վարչապետի եւ առեւտրականների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ եթե մինչեւ փետրվարի 1-ը «մեծ բիզնեսը փոքրերին փաստաթղթերով չապահովի, ապա այդ օրենքը կկասեցվի»: «Ահա, եկել է օրը, եւ մեծ բիզնեսը մեզ չի ապահովում փաստաթղթով»,- նկատեց քաղաքացին:
Ողջ ակցիայի ընթացքում առեւտրականները պահանջեցին, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անձամբ իջնի եւ հանդիպի իրենց հետ, սակայն նրա փոխարեն կառավարության շենքից դուրս եկավ կառավարության նամակների եւ դիմում-բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, որին բնակիչները վատ ընդունեցին: Ղազարյանը վարչապետի անունից առեւտրականներին փոխանցեց, որ յուրաքանչյուր տոնավաճառից մեկական ներկայացուցիչ բարձրանա վերեւ՝ զրուցելու: Սակայն առեւտրականները համառորեն հրաժարվեցին: Նրանք Ղազարյանի հայտարարությանը պատասխանեցին բարձր սուլոցներով: Ավելի ուշ բողոքի ակցիայի մասնակիցները որոշում կայացրին հեռանալ եւ հանդիպել այսօր՝ առավոտյան ժամը 11-ին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՀՐԵՏԱԿՈԾԵ՞Լ ՏԱՆ
Նոյեմբերյանի տարեցները քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանին խնդրել էին հանդիպել իրենց հետ: Հունվարի 27-ին Նոյեմբերյանի տարեցների տանը սահմանամերձ քաղաքի վետերանները ներկայացրին իրենց մտահոգություններն առ այն, որ Նոյեմբերյանը դուրս է մնացել սահմանամերձ, որոշակի արտոնություններ ունեցող համայնքների ցանկից: Այդ ցանկում տեղ է գտել 31 համայնք, որոնցից 24-ը՝ Տավուշի մարզից են, ընդ որում, դրանից 8-ը՝ հենց Նոյեմբերյանի տարածաշրջանից: Քաղաքապետի հետ հանդիպմանը տարեցները հիշեցրին, որ պատերազմի տարիներին Նոյեմբերյան քաղաքը բազմիցս հրետակոծվել է, դրա հետեւանքով Նոյեմբերյան քաղաքի տարածքում զոհվել է 18 մարդ, եւս 3 մարդ զոհվել է սահմանամերձ Գոգվելի տեղամասում, գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ: Քաղաքապետն ասաց, որ 1997թ. Կառավարության որոշմամբ Հայաստանի շուրջ 400 բնակավայր համարվել է սահմանամերձ: 2014թ-ին Կառավարությունը սահմանամերձ, վերջին 5 տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից գնդակոծված 31 համայնքների ազատել է հողի հարկից, դրանց բնակիչների համար բնական գազի եւ էլեկտրաէներգիայի վարձի 50 տոկոսի զեղչեր սահմանել: Վ. Ամիրաղյանն ընդգծեց, որ Նոյեմբերյան քաղաքը վերջին 5 տարվա ընթացքում չի հրետակոծվել կամ գնդակոծվել: Նա հայտնեց, որ Նոյեմբերյանին սահմանամերձ, արտոնություններ ունեցող համայնքի կարգավիճակ շնորհելու հարցն ինքը երկու անգամ քննարկել է քաղաքի ավագանու անդամների հետ, այդ խնդրով դիմել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, սակայն վերոհիշյալ պատճառով հարցը լուծում չի գտել: Քաղաքապետը նաեւ տեղեկացրեց, որ համայնքների վարչական տարածքների ճշգրտման գործընթացի արդյունքում Գոգվելի տեղամասը՝ որպես Նոյեմբերյանի վարչական տարածքի 2-րդ հատված, Կառավարության որոշմամբ հանձնվել է Բերդավան համայնքին:

 

ՄԱՐԶՊԵՏՆ ԱԶԱՏԵՑ
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, հիմք ընդունելով Տավուշի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի 2014թ. դեկտեմբերի 3-ի աուդիտորական հաշվետվությունը եւ հաշվի առնելով «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վ. Մարգարյանի բացատրությունը, 2014թ. դեկտեմբերի 8-ին կարգադրել էր աշխատանքում լուրջ թերությունների եւ խախտումների համար Վ. Մարգարյանի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» կարգապահական տույժը՝ վերջինիս կարգադրելով 15 օրվա ընթացքում վերացնել հայտնաբերված թերություններն ու խախտումները: Հունվարի 23-ին մարզպետը Վ. Մարգարյանին ազատել է Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից: Մարզպետի մեկ այլ որոշմամբ Իջեւանի ԲԿ-ի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել են այդ ԲԿ-ի տնօրենի բուժական գծով տեղակալ Համլետ Չոբանյանի վրա: Վերջինս թեեւ լավ վիրաբույժ է, սակայն արդեն տարեց է, ուստի Իջեւանի ԲԿ-ն առաջիկայում կունենա նոր ղեկավար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս