ԲՀԿ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ՀԱԿ նախաձեռնությունն այդպես էլ իրականություն չդարձավ. արտահերթ նիստ անցկացնելու ձեւաթղթի տակ անհրաժեշտ 44-ի փոխարեն ստորագրել էր ընդամենը 21 պատգամավոր: Ու սա այն դեպքում, երբ իշխանության մաս չկազմող խորհրդարանական չորս խմբակցությունների պատգամավորների թվաքանակը լիուլի բավարար էր 44 ստորագրություն ունենալու համար: Մի բան էլ ավելին. նրանք միասին ունեն 54 պատգամավոր: 
ԲՀԿ-ն իր քաղաքական անմեղսունակությամբ, ըստ էության, տապալեց “Հարսնաքար”-ում կատարված դեպքերի վերաբերյալ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությունը: Բանն այն է, որ արտահերթ նիստ հրավիրելու ձեւաթղթի տակ ստորագրել են Հայ ազգային կոնգրեսի բոլոր 7 պատգամավորները, ՀՅԴ 5-հոգանոց խմբակցությունից 3 պատգամավոր՝ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը եւ Արծվիկ Մինասյանը: “Ժառանգություն” խմբակցությունից նախաձեռնությանը միացել էին  բոլոր պատգամավորները՝ բացի Րաֆֆի Հովհաննիսյանից. իսկ այդ կուսակցության անդամներից մեկը լրագրողների մոտ հայտարարել էր, թե Հովհաննիսյանը ԿԸՀ-ից չի վերցրել մանդատը, հետեւաբար իրեն պատգամավոր չի համարում: Ուշագրավ էր, սակայն, ԲՀԿ-ի պահվածքը. 37-հոգանոց խմբակցությունից այս ստորագրահավաքին միացել էր ընդամենը 7 պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Տիգրան Ուրիխանյանը, Սամվել Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Վահան Բաբայանն ու Վահե Հովհաննիսյանը:
Բայց եթե ստորագրահավաքին մասնակցեր ԲՀԿ խմբակցության պատգամավորների գոնե կեսը, ապա անհրաժեշտ 44 ստորագրությունը կհավաքվեր, եւ ԱԺ ղեկավարությունը ստիպված կլիներ նախաձեռնել արտահերթ նստաշրջան: Ու ոչինչ, որ այդքանից հետո իշխող մեծամասնությունը կբոյկոտեր արտահերթ նիստն ու քվորումի բացակայության պատճառով այն կհամարվեր չկայացած: Բայց այս դեպքում պատասխանատվությունը կընկներ ՀՀԿ-ի, այլ ոչ թե ԲՀԿ-ի վրա:
Ի դեպ, ԲՀԿ-ականներն իրենց խմբակցության պահվածքի վերաբերյալ այդպես էլ հիմնավոր բացատրություն չեն տվել. մե՛կ հայտարարել են, որ ԲՀԿ-ական պատգամավորներն արձակուրդում են, մե՛կ՝ որ նրանք ազատ են իրենց գործողություններում, մե՛կ՝ որ այդ նախաձեռնությունն իրատեսական չէ եւ այլն: Երեկ էլ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն “Ազատություն” ռ/կ-ի հետ զրույցում ասել է, որ իրենք նախաձեռնության տապալման հարցում որեւէ պատասխանատվություն չեն կարող ունենալ, քանի որ նման նիստ հրավիրելու անհրաժեշտություն այս պահին չեն տեսնում եւ այդ մասին ի սկզբանե հայտարարել են ոչ կոալիցիոն 4 խմբակցությունների քննարկման ժամանակ: Եւ այդպես շարունակ:
Թվում էր, թե ԲՀԿ-ն ժամանակին հաջողությամբ անցավ առաջին փորձությունը. կառավարության ծրագրին դեմ քվեարկեց գրեթե ողջ խմբակցությամբ: Սակայն այս անգամ նրանք գերադասեցին այլ մարտավարություն՝ ցանկանալով “փրկել” Ռուբեն Հայրապետյանին: Իսկ կատարվածից հետեւություններ պետք է անի Հայ ազգային կոնգրեսը, որն իր գործողություններում չպետք է անվերապահորեն հույսը դնի ԲՀԿ-ի, նաեւ՝ ընդդիմադիր մյուս խմբակցությունների վրա, որովհետեւ չի բացառվում՝ շատ ավելի կարեւոր հարցերում հանկարծ նրանք նույն մարտավարությունն ընտրեն: Բայց դա նաեւ չի նշանակում, որ Կոնգրեսը պետք է ընդհանրապես հրաժարվի այդ ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու “Ժառանգության” հետ համագործակցությունից: Պարզապես “շան հետ ընկերություն անելիս չպետք է փայտը գցել ձեռքից”:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս