Բակո Սահակյանի ուղերձն ընտրություններից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արցախի հանրապետության վերընտրված նախագահ Բակո Սահակյանը հանդես է եկել ուղերձով` 2012թ. հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ:
Ստորեւ ներկայացնում այդ ուղերձը.
“Սիրելի հայրենակիցներ,                                            
Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի հինգերորդ ընտրություններն արդեն իսկ կայացած իրողություն են: Այս ընտրությունները դարձան մեր ժողովրդի նոր հաղթանակը իրավական պետության կառուցման եւ ազգային իղձերի իրականացման  ճանապարհին, նրա բարձր քաղաքացիական կեցվածքի ու իմաստնության եւս մեկ դրսեւորումը: Արցախի ժողովուրդը կրկին վերահաստատել է իր հավատարմությունը միջազգային նորմերին ու սկզբունքներին եւ ազատ, անկախ ու արդար պետություն կառուցելու ուղու անշրջելիությանը:
Ես խորին երախտագիտություն եմ հայտնում Արցախի բոլոր քաղաքացիներին` ընտրություններին մասնակցելու համար, նրանց, ովքեր իրենց ձայնը տվել են իմ օգտին` բարձր վստահություն հայտնելով ինձ, եւ նրանց, ովքեր պաշտպանել են նախագահի մյուս թեկնածուներին: Որպես Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ` ինձ համար չկա ավելի մեծ ու պարտավորեցնող ուժ, քան իմ ժողովրդի վստահությունը եւ պատասխանատվությունը մեր երկրի ապագայի հանդեպ: Եվ մենք պատրաստակամ ենք ու վճռական այդ ապագայի կերտման գործում:
Երախտագիտություն եմ հայտնում նաեւ միջազգային դիտորդներին, ովքեր հետեւել են այս ընտրությունների ընթացքին եւ որակել որպես միջազգային չափանիշներին համապատասխան, ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ: Նրանց կարծիքը, գնահատականներն ու առաջարկությունները չափազանց կարեւոր են մեր պետության կայացման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար:
Այս հինգ տարիների ընթացքում մեր երկրում իրականացվել է մեծածավալ աշխատանք, սակայն անելիքներն էլ դեռ շատ են: Մենք հետեւողական ենք լինելու առկա հիմնախնդիրները լուծելու, թերությունները վերացնելու, բացթողումները շտկելու գործում: Կարվի հնարավոր ամեն ինչ պետության հետագա զարգացման ու զորացման, Պաշտպանության բանակի մարտունակության ամրապնդման, մեր ժողովրդի կենսամակարդակի շարունակական բարձրացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ընդլայնման ու խորացման ուղղությամբ: Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք հաջողությամբ իրականացնել մեր համազգային նպատակներն ու ձգտումները եւ անպայման կարձանագրենք նոր հաղթանակներ:
Շարունակենք սկսածը` հանուն Արցախի, հանուն մեր ապագայի”:




Լրահոս