«Եթե դադարեմ ֆիլմերում նկարահանվել, չեմ ապրի»,-ասում է թատրոնի եւ կինոյի դերասանուհի Անահիտ Ղուկասյանը, ով չնայած արդեն երկար տարիներ է, ինչ այս ասպարեզում է, սակայն չի հասցրել ո՛չ հոգնել, ո՛չ էլ, առավել եւս, ձանձրանալ իր աշխատանքից: «Աշնան արեւ», «Տերը», «Ապրիլ», «Վերջին կիրակին», «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ», «Ո՞ւր էիր, մա՛րդ Աստծո»… նրա մասնակցությամբ հանդիսատեսին հայտնի ֆիլմերը շատ են, ինքը, սակայն, առանձնացնում է կինոյում կերտած իր առաջին դերը՝ Աղունի կերպարը: Եվ պատահական չէ, որ դերասանուհու հուշերում տպավորվել է հենց «Աշնան արեւ»-ը: Պատճառներից մեկն այն է, որ հենց այս ճակատագրական ֆիլմն էր, որ կապեց իրեն եւ ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանին:
«Ֆիլմի անձնակազմից շատերը նկատել էին, որ Բագրատն իմ հանդեպ անտարբեր չէ, միայն ես էի, որ չէի զգացել: Ավելի ուշ դերասաններն ինձ գլխի գցեցին»,-«Ժողովուրդ»-ի հետ անկեղծացավ Անահիտ Ղուկասյանը: Նրա խոսքով՝ Բագրատ Հովհաննիսյանը ֆիլմի ավարտից հետո ուղղակի բռնել էր թեւից ու տարել իրենց տուն, այդպես ամուսնացել էին:
Դերասանուհու կյանքում որոշիչ էր նաեւ մեկ այլ դեր, արդեն՝ «Տերը» ֆիլմում: Այս անգամ նա կերտում էր դժբախտ մի կնոջ, ով չէր կարողացել երջանկացնել ամուսնուն, երեխա պարգեւել նրան: Դերը պատասխանատու էր: Խորեն Աբրահամյանի կողքին հանդես գալ այնպես, որ ինքը ստվերում չմնար, այդքան էլ հեշտ բան չէր. «Հիշում եմ՝ ֆիլմի նկարահանման ընթացքում ես անընդհատ լարված էի…Երբ ավարտեցինք այն, Խորենն ինձ գրկեց, համբուրեց, ասաց՝ ապրես, դու իսկական մարդ ես»,-պատմեց Անահիտ Ղուկասյանը:
Դերասանուհին իրեն երջանիկ մարդ է համարում, քանի որ իր ողջ կյանքի ընթացքում գործ է ունեցել պրոֆեսիոնալների, ավելի ճիշտ՝ ոլորտի հսկաների հետ: Մեծերի հետ խաղալով, սակայն, Անահիտ Ղուկասյանը երբեւէ ստվերում չի մնացել եւ կարողացել է հայ կինո բերել, օրինակ, նոր Աղունի, հաջողությամբ կերտել տարբեր հոգեբանության տեր կանանց: Եվ պատահական չէ, որ լիտվացի դերասանուհի Եվգենյա Պլեշկիտեն, դիտելով նրա մասնակցությամբ «Աշնան արեւ» ֆիլմը, զարմանքով ասել է դերասանուհուն. «Այդ ինչպե՞ս կարողացաք ամբողջ Հայաստանի քարերը հավաքել մի բռում եւ «շպրտել» մարդկանց երեսին…»:
Հ.Գ. Հունվարի 29-ին Անահիտ Ղուկասյանը նշեց իր 69-ամյակը: «Ժողովուրդ»-ը շնորհավորում է դերասանուհուն՝ մաղթելով առողջություն եւ տոկոնություն:
Աննա Բաբաջանյան