Այսօր հայ գրող Կոստան Զարյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է Շամախի քաղաքում։ 1890 թվականին` հոր մահվանից հետո, Եղիազարյանների ընտանիքը տեղափոխվում է Բաքու, որտեղ Կոստանն ընդունվում է ռուսական գիմնազիա։ Մի քանի տարի անց ավագ եղբայրը նրան տանում է Փարիզ և տեղավորում Սեն-Ժերմեն քոլեջում, որն ավարտելուց հետո Կոստան Զարյանն ապրում է Կովկասում և մեկնում Բելգիա` ուսումը շարունակելու նպատակով։
Այստեղ նա ստանում է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1910-1913 թվականներին Զարյանն ապրում է Վենետիկում, որտեղ էլ Մխիթարյան միաբանների մոտ սկսում է սովորել հայերեն։ Մինչ այդ Զարյանն իր աշխատությունները գրում և հրատարակում է տարբեր լեզուներով` իտալերեն, ֆրանսերեն և այլն։ Իր առաջին գիրքը` «Երեք երգերը» գրվել է իտալերեն (նույնը հայերեն լեզվով լույս է տեսել 1931 թվականին)։ Այդ պոեմների հիման վրա հետագայում կոմպոզիտոր Օտտորինո Ռեսպիգին ստեղծում է սիմֆոնիա։
Հռոմում մշակութային և գրական իր լայն գործունեության համար Մուսոլինին պետական թոշակ է առաջարկում, որից Կոստան Զարյանը հրաժարվում է։ 1914 թվականին, երբ Պոլսում Հեթանոսական շարժմանն էին ներգրավված հայտնի մտավորականներ, Պոլսում Կոստան Զարյանը Դանիել Վարուժանի, Հակոբ Օշականի, Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ միասին հիմնում է «Մեհեան» հանդեսը, որի առաջին համարը լույս է տեսնում 1914թ.–ի հունվարին։ 1920-ական թվականներին Հայոց եղեռնից մազապուրծ եղած Կոստան Զարյանը Շահան Պերպերյանի հետ համատեղ լծվում է «Բարձրավանք» հանդեսի հրատարակմանը։ 1922 թվականին Պոլսում լույս է տեսնում Զարյանի հայերեն լեզվով առաջին գիրքը` «Օրերի պսակը»։
Նույն թվականի աշնանը Զարյանն ընտանիքով հաստատվում է Երևանում` հայրենիքում ընդմիշտ հաստատվելու նպատակով։ Սակայն Խորհրդային Միության ազգակործան քաղաքականության պատճառով 1924 թվականին Զարյանը կրկին մեկնում է Եվրոպա, լինում Միացյալ Նահանգներում, Մերձավոր Արևելքում։ Հենց այդ ճանապարհին էլ հղանում է «Երկիրներ և Աստվածներ» շարքը, որը, ըստ էության, Զարյանի նոթերի ամբողջությունն է։Առաջին գրքում, որտեղ Զարյանը ներկայացնում է Իսպանիայից ստացած իր տպավորությունները («Սպանիա»), ըստ էության, շարադրված է մշակույթի փիլիսոփայություն։ իսպանիան նմանեցնելով Հայաստանին` Զարյանը ցույց է տալիս, թե ժամանակակից ժգնաժամային իրականության պայմաններում ինչպես կարող է պահպանվել Մարդը։
Երկրորդ գիրքը, որը վերնագրված է «Միացյալ Նահանգներ», ներկայացնում է ամերիկյան «քաղաքակրթությունը», որը միտում ունի տարածվել ողջ աշխարհում։ Դեռևս անցյալ դարի 20-ական թվականներին, երբ մտավորականների զգալի մասն ապրում էր Viva America նշանաբանով, Կոստան Զարյանը տեսնում էր ամերիկյան ապրելակերպի` աշխարհի համար հնարավոր վտանգի եղելությունը։ Այնուամենայնիվ, Զարյանը կրկին վերադառնում է Հայաստան և մինչև կյանքի վերջն ապրում Երևանում։ Այստեղ քչերն են կարողանում կյանքի օրոք հասկանալ և գնահատել Կոստան Զարյանին (ով կոչում էին հայկական Գյոթե)։ Տիգրան Մանսուրյանը Զարյանի մի շարք բանաստեղծությունների հիման վրա ստեղծել է վոկալային երաժշտություն։