Ազգային ժողովում շարունակվում է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկումը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարց տվեց հարակից զեկուցող Վարդան Այվազյանին, թե ինչու քաղաքական մեծամասնությունը վիճելի հարցի հետ կապված քաղաքական կամք չի դրսևորում:
Հարակից զեկուցող ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը նշեց, որ իրենց կողմից դրսևորվող քաղաքական կամքն այն է, որ ՓՄՁ-ներին փորձում են օգնել, մինչև 58 միլիոն դրամ շրջանառություն ունեցողին փորձում են օգնել, իսկ մնացածին` հարկել:
«Բայց ինչպե՞ս հասկանալ, որ ձեռնարկատերին ասում են` մեկ տոկոս վճարի, ասում է` չէ, ես ուզում եմ երեք տոկոս վճարել, անգամ` հինգ տոկոս: Հարց չե՞ք տվել, թե ինչու է այդպես»,- հարց ուղղեց նա` հավելելով, որ պետք է ապահովել թափանցիկություն, որը հնարավորություն կտա փաստաթղթավորում իրականացնել:
ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը նշեց, որ, միևնույն է, պետք է պայքարել վերևից եկող և տարածվող ստվերի դեմ: Լևոն Զուրաբյանն արձագանքեց. «Փաստաթղթավորո՞ւմն է ստվերի դեմ պայքարի միակ միջոցը, թե՞ քաղաքական կամքի բացակայությունն եք ուզում դրանով փոխհատուցել»:
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ ՓՄՁ-ի ներկայացուցիչները հիմնականում դժգոհում են ՀԴՄ-ների գոյությունից, որոնք դժվարացնում են իրենց աշխատանքը: «Հո ՀԴՄ-ները «ժիվո՞յ» չեն, ի՞նչ անենք որ դժգոհում են»,- արձագանքեց Վարդան Այվազյանը: