Այսօր ԱԺ քառօրյայի ընթացքում «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ ԲՀԿ-ական պատգամավորների ելույթներին ԱԺ ամբիոնից ռեպլիկի կարգով հակադարձեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով նշեց հետևյալը.
«Բնական և սպասելի էր, որ հերթական անգամ երկրում գոյություն ունեցող խնդիրները, մարդկանց դժգոհությունը, պրոբլեմները լուծելու ուղղությամբ մեր կողմից կատարվող քայլերը, թեկուզև ցավոտ, բայց, այնուամենայնիվ, լուծում գտնելու նպատակով կատարվող, բոլորի համար ընդունելի, իրական, առաջ տանող և խութերը վերացնելուն ուղղված քայլերը մեր ընդդիմությունը պետք է օգտագործեր ևս մեկ անգամ սեփական «PR»-ն անելու, երկրի բոլոր մեծ ու փոքր, հին ու նոր տնտեսական և քաղաքական , այս օրինագծի հետ կապ ունեցող ու չունեցող բոլոր հարցերը հնչեցնելու, բարձրաձայնելու, ոչ թե այն խնդիրը, որ այսօր առկա է լուծելու համար, այլ փողոց դուրս եկած դժգոհ հատվածին ցույց տալու համար, որ իրենք կան: Քննարկման ժամանակ էլ ինչի մասին ասես, որ արդարացի բորբոքված չխոսեցին, դասեր տվեցին, տնտեսական խնդիրը անխնա քաղաքականացրեցին, հենց իրենց հետ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունները անտեսեցին:
Վերջում լավ էր հիշեցին, որ երկրի վարչապետը, ինչպես միշտ, ականջալուր և պատրաստակամ մասնակցեց ԱԺ նախագահի մոտ իրենց հետ խորհրդակցությանը և եկան պայմանավորվածության: Հետևաբար, ինչի՞ համար են այս բոցաշունչ ելույթները, երբ պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել, և հենց Ձեր մասնակցությամբ՝ սեղմ ժամկետում խնդրի լուծումը տալ: Սա անհասկանալի է հանրության համար»: