Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, հրապարակվեց «Կանազ» զինհոսպիտալում 2013 թվականի նոյեմբերի 2-ին տեղի ունեցած միջադեպի գործով դատավճիռը:
Կանազի կայազորային կլինիկայի հոգեբուժական բաժանմունքում ծեծկռտուք հրահրելու մեջ մեղադրվող Արշակ Թորոսյանը, Ռազմիկ Մանուկյանը, Դավիթ Մարկոսյանը դատապարտվեցին 4 տարի 6 ամսվա ազատազրկման:
Իսկ ամբաստանյալ Գարեգին Դանիելյանը, ով ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը, դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման, սակայն դատարանը որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ նշանակելով 2 տարվա փորձաշրջան։
Armlur.am-ի հետ զրույցում Արշակ Թորոսյանի մայրը՝ Լուսինե Թորոսյանը, հայտնեց, որ իրենք միանշանակ բողոքարկելու են Առաջին ատյանի դատարանի վճիռը Վերաքննիչ քրեական դատարան, և դատարանի նշված որոշումը համարում են անհիմն և չպատճառաբանված:
«Առանց փաստերի վրա հիմնվելու, առանց որևէ բանի երեխաներին դատեցին: Մեզ իրենց տված համաներումն էլ պետք չի, ինչի՞ համար տան, եթե տղաները ոչ մի բան չեն արել: Իմ տղան ծառայել է առաջին գծում, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են էդ հոսպիտալ: Ախր դուք իմ երեխային նայեք. ինքը կարո՞ղ էր էդ 200 կիլոյանոց պետին խփեր»,- վրդովված ասաց ազատազրկման դատապարտված զինծառայողի մայրը:
Վերջինս նշեց, որ մինչև վերջին պահն էլ հուսով են եղել, որ նախագահող դատավորը որդու վրայից կհանի պետի նկատմամբ բռնություն գործադրելու չափանիշներով հոդվածը, սակայն նրանց հույսերը չարդարացան:
Լուսինե Թորոսյանի խոսքով՝ անգամ եթե զինվորները չեն ենթարկվել պետերին, դա կանխելու այլ միջոցներ պետք է կիրառվեին, բայց միանշանակ ոչ պատասխան բռնություն, այն էլ հոգեմետ դեղերի ազդեցության տակ գտնվող զինվորների նկատմամբ:
«Դա կարելի է խուլիգանություն համարել, բայց ոչ բռնություն պետի դեմ: Իսկ էդ տուժողներն էլ ընդհանրապես չեն եկել: Միայն մի անգամ եկան, ցուցմունք գրեցին ու վերջ: Նույնիսկ այսօր չեկան տեսնեն՝ ինչ եղավ, ոնց եղավ, տղաներն ինչ վիճակում են»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 2-ին Կանազի հոսպիտալում միջադեպ էր տեղի ունեցել, որի մասին իրարամերժ տեղեկություններ էին տարածվել: Մասնավորապես, ըստ Facebook սոցիալական ցանցի մի քանի օգտատերերի կողմից տարածված տեղեկությունների, ծեծկռտուք է տեղի ունեցել հոսպիտալի աշխատակիցների և զինծառայողների միջև, ինչի հետևանքով զինծառայողները ծեծված, ջարդված դուրս են եկել հոսպիտալի տարածքից և մարդկանցից օգնություն խնդրել: Ապա ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է. «Նրանք հարձակվել են նաև հերթապահ բժշկի վրա, այնուհետև դիմել փախուստի»:
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս բարձրաձայնեց զինվորների ծնողների այն հայտարարությունները, թե հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը, հոսպիտալի ատամնատեխնիկ Արմեն Հովսեփյանը, հոգեբան Վաղինակ Հովհաննիսյանը ծեծել են զինծառայողներին, սակայն այս տեղեկությունները ևս ՊՆ-ի կողմից հերքվել են: