168.am-ի հետ զրույցում իր զգացողությունների մասին է պատմել հունվարի 29-ի վաղ առավոտյան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բակում պտտաձողին կախված վիճակում հայտնաբերված, ինստիտուտի առաջին կուրսեցի, 19-ամյա Հայկազ Արկադիի Բարսեղյանի մայրը՝ Արմինե Միքայելյանը:
«Այդ երկու օրը սիրտս այնքա՜ն տագնապով էր, ես չեմ մտածել Հայկազի մասին, մտածում էի՝ ապահով է, քանի հոգի զինծառայողներ կան: Երեկոյան ժամը 5-ին տուն մտա, արևոտ եղանակ էր, մտա բակ ու վախ զգացի, սկսեցի դողալ, տուն մտա, էլի դողում եմ, գնացի հողամաս, էլի դողում եմ, անձրևի հոտ առա: Գիշերը 4:10-ին արթնացա, անտանելի մրսում էի, զգացի ինչ-որ բան, երևի հենց այդ ժամանակ էլ իմ բալեն…»,-ասել է Հայկազի մայրը:
Սպանված զինծառայողի մայրն անընդհատ շեշտում էր, որ եթե որդին սահմանում թուրքի գնդակից զոհված լիներ, իր վիրավորանքը, ցավն այսքան մեծ չէր լինի. «Էլի ցավ կլիներ, բայց կասեի՝ իմ բալեն զոհվել է հայրենիքի համար, հերոսի մահով է մահացել, բայց ոչ թե տականքների ձեռքով է մահացել»: Նա պատմում է, որ մեկ օր առաջ աղոթել է Աստծուն՝ խնդրելով, որ գոնե Հայոց բանակի օրը սահմանում զոհեր չունենանք. «Առավոտյան հեռուստացույցը միացրեցինք՝ զոհ չէր եղել: Ասի՝ փառքդ շատ, Տեր: Չորեքշաբթի գիշերն էլ զոհ չունեինք, էլի նույնը ասացի: Բայց մի երկու-երեք ժամ հետո իմացա, որ իմ բալան է մահացել: Ասում եմ՝ թուրքն այդ երկու օրը մեր տոնը հարգել է, մեր հայը չի հարգել, դա է վիրավորականը: Դա ամբողջ ազգի համար խայտառակություն է»: Տիկին Արմինեի խոսքով՝ վերջին անգամ, երբ Հայկազը տնից գնացել է զորամաս, ասել է՝ «Մամ, էլ չեմ գալու»: Հայկազն ընդհանրապես չէր սիրում շատ զանգել տուն կամ արձակման թերթիկ վերցնել՝ տուն գալու համար:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: