Բարձրացրեցին Լևոն Տեր-Պետրոսյանի կենսաթոշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին և այն սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելուն:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

«Հունվարի 9-ին լրացավ հանրապետության առաջին նախագահի 70-ամյակը, և մենք հայտնաբերեցինք, որ օրենքը, որ ժամանակին մշակել էինք, պետք է փոփոխվի. ապա հանրապետության պաշտոնաթող նախագահի աշխատանքային երաշխիքների մեջ կային որոշակի սահմանափակումներ, որոնք, երևի թե, այն պահին համարվում էին շատ բնական: Սակայն պարզ է, որ կյանքն այնպիսին է, որ 70 տարեկանում մարդ շարունակում է գործել, և դա ենթադրում է համապատասխան երաշխիքներ: Առաջին հերթին՝ խոսքը վերաբերում է գրասենյակին: Օրենքով նախատեսված է, որ հանրապետության պաշտոնաթող նախագահին իր ցանկությամբ տրամադրվում է գրասենյակ, սակայն այդ գրասենյակը տրամադրվում է օգտագործման մինչև իր 70 տարին լրանալը, մենք առաջարկում ենք հանել այդ սահմանափակումը. այն պետք է տրամադրվի իր ցանկությամբ օգտագործման՝ ցկյանս»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Խոսելով նաև առաջին նախագահի կենսաթոշակային ապահովման մասին՝ նախարարն ասաց, որ այդ առումով առաջարկում են վերադառնալ նախկին կարգավորմանը, այսինքն՝  տրամադրել գործող նախագահի աշխատավարձի  80 տոկոսը:

«Իսկապես սա առանձնահատուկ պաշտոն է, և անհրաժեշտություն կա հատուկ երաշխիքներ սահմանել հանրապետության նախագահի համար: Առաջարկում եմ հաստատել, ավելին, ես առաջարկում եմ, որ այս օրենքը ճանաչվի անհետաձգելի»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահին ապահովում է բնակարանով, ավտոտրանսպորտով, ինչպես նաև՝ պաշտոնաթող նախագահի ցանկությամբ` կահավորված գրասենյակով: Պաշտոնաթող նախագահին բնակարանը տրամադրվում է սեփականության իրավունքով, կահավորված գրասենյակը հատկացվում է օգտագործման իրավունքով` մինչև 70 տարին լրանալը, իսկ ավտոտրանսպորտը` ցմահ օգտագործման իրավունքով:




Լրահոս