Իրականում, 50 միլիարդ դրամ արտահման ծավալ ունեցող ընկերությունների համար շահութահարկի տասնապատիկ նվազում ենթադրող այդ օրինագիծն իրենից ներկայացնում է «վնեշտորգի» ստեղծում, որն ունենալու է արտահման մոնոպոլիա: ԱԺ-ում այսօր նման կարծիք արտահայտեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա հիշեցրեց, թե ինչպես, օրինակ, Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, ոչխարի մսի վաճառքի մասին պայմանավորվելով արաբական ինչ-որ շեյխի հետ, մոնոպոլիզացրեց այդ առևտուրը: Նա հետաքրքվեց, թե ինչն է խանգարելու Ալեքսանդր Սարգսյանին կամ նրա նմանին, օգտագործելով նման հնարավորությունները, այս անգամ ստեղծել մի մասնավոր կառույց, որը թույլ կտա ամբողջ արտահանումը վերցնել իր ձեռքը:
Զուրաբյանը նշեց, որ ՀՀ արտահաման ծավալները կազմում են 1 միլիարդ 570 միլիոն դոլար, որոնցից 926 միլիոն դոլարը կազմում է հանքահումքային, թանկարժեք, կիսաթանկարժեք քարերի և մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը, որը չի մտնում «Շահութահարկի մասին» օրինագծով սահմանված շահութահարկի արտոնությունների մեջ: