ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախկին ոստիկանապետն առերեսվել է. ինչ են ասել զինծառայողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը առերեսվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահների հետ:

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 27-ին ՀՀ քննչական կոմիտեն վերանայել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը` ավելի խստացնելով այն:

Այլ կերպ ասած` եթե սեպտեմբերի 18-ին առաջադրված մեղադրանքով նախկին ոստիկանապետը մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, որոնք անզգուշությամբ նյութական ծանր հետեւանքներ են առաջացրել, ապա այժմ նա մեղադրվում է նույն արարքը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով անելու համար:

Բացի այդ, նրան նոր մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով` առանձնապես խոշոր չափի յուրացում ու վատնում կատարելու համար:

Քննչական կոմիտեն մեկ այլ հետաքրքրական հանգամանք էլ էր հայտնել նշված քրեական գործից:
Ըստ նախաքննության` ՀՀ երրորդ նախագահի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի կողմից ամբողջությամբ` 54.790.433 դրամի չափով, վերականգնվել է Վլադիմիր Գասպարյանի եւ այլ պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել, որ նա, 1997թ. հունիսից մինչեւ 2011թ. նոյեմբեր զբաղեցնելով ռազմական ոստիկանության պետի, ապա պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ է եղել, որ ռազմական ոստիկանության զորամասի 3 զինծառայողներ 2001, 2004 եւ 2009թթ.-ից աշխատանքի են ընդունվել, բայց նշանակման օրվանից չեն ներկայացել ծառայության:

Դրա փոխարեն նրանցից մեկն աշխատել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր` Լյովա Սարգսյանի մոտ որպես վարորդ, մյուս երկուսը Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներն են եղել:
Վլադիմիր Գասպարյանը ոչ միայն համապատասխան իրավական ընթացք չի տվել այդ հանգամանքներին, այլեւ 2010 թվականի դեկտեմբերի 3-ին 5 տարի ժամկետով երկարաձգել է նրանցից մեկի զինծառայության ժամկետը:
Այս ապօրինությունների արդյունքում ՀՀ երրորդ նախագահի եղբայրների աշխատակիցներին պետական բյուջեից վճարվել է ընդհանուր 21.691.481 ՀՀ դրամ գումար:

Մեկ ուշագրավ հանգամանք եւս. Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է վերադարձրել իրեն ու եղբորը տարիներ շարունակ պետական բյուջեից վճարված գումարները, բայց Վլադիմիր Գասպարյանին դա պատասխանատվությունից չի ազատել:

Նկատենք, որ Վլադիմիր Գասպարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին սույն քրեական գործից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ քնչական կոմիտե է հրավիրվել եւ առերեսվել է ռազմական ոստիկանության զորամասի այդ 3 զինծառայողների հետ : Ըստ մեզ հասած լուրերի` առերեման ժամանակ զինծառայողներն ասել են, որ աշխատանքի ընդունվել են Ռազմական ոստիկանություն, բայց նշանակման օրվանից չեն ներկայացել ծառայության: Դրա փոխարեն մեկն աշխատել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի մոտ` որպես վարորդ, մյուս երկուսը Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներն են եղել:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս