ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՇՈՒՆՉ ՔԱՇԵԼ, ՀԱՆԳՍՏԱՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած շաբաթ ՀՅԴ-ից դուրս գալու մասին հայտարարություն էին տարածել դաշնակցության Արցախի կառույցի տասը անդամներ: Նրանք իրենց քայլը պատճառաբանել էին հետեւյալ կերպ. «Կիսելով ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի եւ կոմիտեության անդամների հայտարարության մեջ բերած փաստարկները՝ մենք եւս մեկ անգամ խորը հիասթափություն ապրեցինք՝ տեղեկանալով ՀՅԴ վերջին ընդհանուր ժողովի կողմից ընտրված Բյուրոյի կազմի մասին»: Հայտարարության տակ ստորագրել էին ՀՅԴ Արցախի «Արթուր Մկրտչյան» եւ «Դիզակ» կոմիտեների հինգական անդամներ:

Իսկ դրանից առաջ` հունվարի 24-ին, եւս 24 դաշնակցականներ ՀՅԴ-ից դուրս գալու մասին հայտարարություն էին տարածել: Վերջիններս ներկայացել էին որպես ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի եւ կոմիտեության անդամներ: Իրենց քայլը նրանք պատճառաբանել էին նրանով, որ «Հայ հեղափոխական դաշնակցությունն ամբողջությամբ շեղվել է իր առաքելությունից եւ վերածվել ապազգային ու անգործունակ կառույցի»:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի հետ՝ պարզելու, թե ինչու են դաշնակցականները լքում կուսակցության շարքերը:
-Պարո՛ն Վարդանյան, ի՞նչ է կատարվում ՀՅԴ-ում, մեկամսյա ընդհանուր ժողովից հետո Ձեր կուսակցության անդամները հեռանում են դաշնակցությունից, ինչո՞ւ:
-Կարծում եմ՝ Ձեր հարցի ձեւակերպումը ոչ ճշգրիտ է, մենք ունեցել ենք երկու նման դեպք, մեկը որ Սպիտակից եղավ հայտարարություն, ու մենք այդ հայտարարությունից հետո բացատրությունը տվել էինք, որ այդ ստորագրածներից միայն երկուսն են, որ այսօր դաշնակցության մեջ էին: Իրենց ինքնահաստատման համար, չգիտեմ, ինչ-որ միջոց են գտել ու փորձում են դաշնակցության մեջ նման ինչ-որ բաներ առաջացնել: Հանդիպում են կռված տղաների, կեղծ, զգացական, հայրենասիրական ինչ-որ ճառեր են ասում, ու այդ տղաներն էլ պարզ մարդիկ են, ու ոմանք ընկնում են ազդեցության տակ: Կրկնում եմ՝ ակնհայտ է կեղծիքը՝ 24-ից միայն 2-ն են դաշնակցության անդամ, նույնն էլ տեղի ունեցավ Ղարաբաղում, երբ ՀՅԴ կոմիտեից հայտարարեցին դուրս գալու մասին, ու այդ ամենից հետո եղավ ԼՂՀ կենտրոնական կոմիտեի հայտարարությունը, որտեղ ասվում էր, որ այդ 10 հոգուց միայն մեկն է, որ այս պահին դաշնակցական է, մյուսները կա՛մ հեռացվել, մեկուսացվել են կուսակցությունից, կա՛մ կուսակցության հետ կապ չեն ունեցել: Այս աղմուկը, այս տիրաժավորումը նաեւ ԶԼՄ-ներով, այդ կազմակերպության հայտարարություններով, մեկ նպատակ ունի՝ փորձել ինքնահաստատվել դաշնակցության հաշվին: Բայց ես Ձեզ երաշխավորում եմ՝ սա ո՛չ առաջին դեպքն է, ո՛չ երրորդ եւ ո՛չ էլ հարյուրերորդ, նման մեթոդներով, նման գործելաոճով դաշնակցությանը պառակտել, մասերի բաժանել չի հաջողվելու, թող հանգստանան, շունչ քաշեն, իրենց գործով զբաղվեն:
-Իսկ ովքե՞ր են այդ ամենի «հետեւում» կանգնած, ովքե՞ր են այդ ուժերը, որոնք ցանկանում են ՀՅԴ-ն պառակտել:
-Ես արդեն ասացի` կոնկրետ կա կազմակերպություն, որի անդամները պտտվում են Հայաստանի տարբեր շրջաններում, մարզերում, հանդիպում են այդ մարդկանց հետ ու փորձում են այդ մարդկանց վրա ներազդել, սա զուտ այդ ներազդման արդյունքն է:
-Բայց ինչո՞ւ են հենց դաշնակցության անդամների վրա փորձում ներազդել:
-Թերեւս բացատրությունը հետեւյալն է. ի վերջո, նրանք փորձում են աշխատել, ներազդել ազատամարտին մասնակցած, կռվող տղաների վրա, որոնց հետ մասնակցել են ազատամարտին, ծանոթներ են, ընկերներ են եւ այլն: Սա է, նրանց են ճանաչում, նրանց հետ հարաբերություններ ունեն, ուստի փորձում են այդպես ներքաշել ու տանել իրենց կազմակերպություն:
-Բայց ինչո՞ւ է այդքան հեշտ դարձել դաշնակցականի վրա «ներազդելն» ու կուսակցությունից հիասթափեցնելը: Գուցե իսկապե՞ս ՀՅԴ-ում լուրջ խնդիր կա, ու ամբողջ հարցը դրա մեջ է:
-Հեշտ չի դարձել, ի՞նչն է հեշտ դարձել, եթե թվարկեցինք երկու դեպք, 3 անուն, մնացածը կեղծիք է, ուրեմն նշանակում է, որ հեշտ չի դարձել: Գիտեք, եղել են ժամանակներ, որ տարբեր կուսակցություններից մարդիկ տասնյակներով հեռացել են, դուրս են եկել, բայց երբեւիցե այսպիսի աժիոտաժ, այսպիսի մեծ աղմուկ չի առաջացել, դաշնակցության քարը միշտ ծանր է: Ես Ձեզ մի բան ասեմ, որ այսօր էլ կան մարդիկ, որոնք ժամանակին տարբեր պատճառներով ինքնամեկուսացել են դաշնակցությունից, նրանք այսօր դիմում են գրում, վերադառնում են: Ամենավառ օրինակը Ռոլանդ Շառոյանի օրինակն է, որը մեկ տարի առաջ հեռացել էր դաշնակցությունից, բայց մեկ տարի այդ մարդը ուղղակի իր տեղը չէր գտնում ու դիմում գրեց, նորից ընդունվեց դաշնակցության շարքերը: Այնպես որ, ես այդտեղ ողբերգություն չեմ տեսնում:
-Իսկ ինչո՞վ եք պայմանավորում այն հանգամանքը, որ նախկին ՀՅԴ-ականները դուրս գալուց հետո համալրում են «Հիմնադիր խորհրդարանի» շարքերը, որի ղեկավարն ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանն է:
-Ովքե՞ր են գնում, ընդամենը 3 հոգի, բայց թե ինչու են գնում, իրենց հարցրեք: Ես արդեն ասացի. քանի որ իրենք եղել են ազատամարտի մասնակից, կռված տղա, եւ նրանց վրա ազդում են կեղծ հայրենասիրական բաներով, մարդկանց համոզում են ինչ-որ կերպ… Ես համոզված եմ, որ կանցնի ժամանակ, ու այդ մարդիկ կգիտակցեն, թե իրենց ճիշտը որտեղ էր, բայց, բնականաբար, իրենք արդեն Դաշնակցությունում տեղ չունեն:

 

 

 

 

ՀԱՅՐԵՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻ

Երեկ Ազգային ժողովում իսկական խառնաշփոթ էր ստեղծվել: Պատճառն այն էր, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը որոշել է փոխել լրագրողների հավատարմագրման փաստաթղթի ձեւը՝ այն դարձնելով անճոռնի, ինչ-որ գույներով տարբերակված եւ բազմաթիվ ավելորդ տվյալներով հագեցած «գրքույկ»: Երեկ պատգամավորներն անգամ նոր հավատարմագրերը նմանեցնում էին կանանց կալանավայրում կիրառվող փաստաթղի հետ, որոնք կալանավորներն անպայման կախում են իրենց պարանոցից:

Նախ ներկայացնենք, թե ԱԺ նոր հավատարմագրերն ինչ տեսք ունեն: Հեռուստաընկերությունների հավատարմագրերի գույնը կապույտ է, լրատվական կայքերինը՝ վարդագույն, օրաթերթերինն ու թերթերինը՝ դեղին: Թե ինչպես են որոշել գույները ու այդ բաժանումը կատարել, անհասկանալի է: Լրագրողների հավատարմագրերը մի քանի էջից են բաղկացած, մեջտեղի հատվածում որոշել են օրացույց «տեղադրել», որտեղ ներկայացված են ԱԺ քառօրյայի օրերը, իսկ մյուս հատվածում՝ ԱԺ հանձնաժողովների անուններն են ընդգրկված՝ իրենց հեռախոսահամարներով: Նկատենք, որ այդ ամբողջ տեղեկատվությունը նույնությամբ ներկայացված է խորհրդարանի պաշտոնական կայքում, որը մշտապես հասանելի է յուրաքանչյուր լրագրողի:
Բացի այն, որ հավատարմագիրն իսկապես շատ անհարմար է իր չափերի առումով, այն առաջին հայացքից լրագրողների վզից կախված «նախընտրական բուկլետների» տպավորություն է թողնում: Անհասկանալի է, թե ինչու է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը որոշել հենց լրագրողների հավատարմագրերի վրա ինչ-որ ձեւափոխություններ անել: Համենայնդեպս, որեւէ մեկը չի կասկածում, որ այդ նախաձեռնությունից Գալուստ Սահակյանն անմասն է, քանզի գաղտնիք չէ, որ նա ի վիճակի չէ անգամ ԱԺ նիստերը վարելու: Գրիգորիչը, որը նիստերի ժամանակ քնում է, հավանաբար «քնում» է նաեւ իր աշխատասենյակում, ինչի արդյունքում էլ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն անում է այն, ինչ մտքով անցնում է:
Եվ պատահական չէ, որ երեկ, երբ լրագրողները փորձեցին ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանից պարզել, թե ինչու է նա որոշել փոխել հավատարմագրման ձեւը, վերջինս ինքնավստահ հայտարարեց, թե ինքն է որոշում` ինչն է ճիշտ, ինչը` սխալ:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ՔԿՀ-Ի ՊԵՏԻՆ ԿԱԶԱՏԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանն առաջիկայում պաշտոնանկ կարվի: Ըստ նույն տեղեկությունների՝ պաշտոնանկության պատճառը նրա ղեկավարած ՔԿՀ-ում անցկացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումներն են: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՔԿՀ-ի պետն ասաց, որ նման բան չկա: Հիշեցնենք, որ դեռեւս 2012 թվականին ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը ծառայողական քննության ընթացքում ժամանակավորապես դադարեցրել էր Արամ Խաչատրյանի լիազորությունները: Նշված ՔԿՀ պետի պաշտոնակատար էր նշանակվել պետի տեղակալ Արտուշ Չոբանյանը: Ավելի ուշ Խաչատրյանը վերադարձավ իր պաշտոնին:

 

ԿԳՆԱՆ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Ինչպես հայտնի է՝ 2013 թվականին «Կանազի» զինվորական հոսպիտալում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում դատարանի առաջ են կանգնել զինվորներ Ռազմիկ Մանուկյանը, Արշակ Թորոսյանը եւ Դավիթ Մարկոսյանը: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 30-ին մեղադրողը միջնորդել է զինվորներին մեղավոր ճանաչել եւ նրանց դատապարտել 5-ից 6 տարվա ազատազրկման: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Դավիթ Մարկոսյանի հայրը` Ռազմիկ Մարկոսյանն ասաց, որ հունվարի 30-ի դատական նիստին ոչ բոլոր քաղաքացիներին են թույլ տվել մտնել դատարանի դահլիճ: «Ուզում են իրենց ուզածով երեխաներին դատել, թույլ չեմ տա, մինչեւ Եվրոդատարան կգնամ, իսկ աղմուկը անխուսափելի է լինելու, այս ինչ են անում, իմ տղան հոգեկան խնդիրներ ունի, դա ապացուցված է»,- ասաց Ռազմիկ Մարկոսյանը:
 

ՄԻՆՉ ԱՅԴ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ
Հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին ակտուալ է դառնում մեկ կարեւոր հանգամանք՝ 2014 թվականի դեկտեմբերի 19-ին «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ներկայացուցիչների եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հենց այդ հանդիպման ժամանակ էլ Բակո Սահակյանը Ժիրայր Սեֆիլյանին՝ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավարին, հորդորել է դեպի Արցախ ավտոերթ չկազմակերպել, հակառակ դեպքում սպառնացել է ուժ կիրառել: ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Նախագահ Սահակյանն ընդունել է իրենց, որեւէ սպառնալիք չի եղել, ուղղակի նախագահը, բառիս բուն իմաստով, հորդորել է, խնդրել է որպես մարտական ընկերոջ եւ ասել է, որ հասարակությունը վատ է տրամադրված այդպիսի գաղափարների հանդեպ, հորդորել է գալ Արցախ, ինչ ցանկանում են անել, ապրել եւ այլն: Բայց այդ նախաձեռնությունն անընդունելի է եղել: Դա ծրագրավորված բան չէր, ու այդ ժամանակ Սեֆիլյանը չի էլ ասել, որ ինքը գալու է, գնացել է, Արցախից հետո հայտարարել, որ գալու է»:




Լրահոս