ԴԺՎԱՐ Է ԳԼԽԻ ԸՆԿՆԵԼ, ԹԵ ՀԱԶԱՐ ՀՈԳԻՆ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով «Շրջանառության հարկի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու նախագծի մասին, հայտարարեց, որ ինքը, լինելով հանձնաժողովի անդամ, ամեն ինչ անելու է, որպեսզի հասարակության պահանջներն այս անգամ բավարարվեն:

-Պարո՛ն Հակոբյան, առեւտրականներն արդեն բավական երկար ժամանակ է՝ փողոց են դուրս եկել ու պահանջում են, որ ՀՀ Կառավարությունը կասեցնի «Շրջանառության հարկի մասին» օրենքը: Արդեն երկրորդ անգամ Կառավարությունը ստիպված է լինում հետաձգել օրենքի կիրառումը եւ ուղարկել խորհրդարան՝ քննարկման: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը առեւտրականների բողոքի հետ կապված, արդարացված համարո՞ւմ եք նրանց պահանջը:
-Հիմա այդ հարկի հետ կապված տոկոսի խնդիր կա, հիմա մենք օրենք ենք ընդունել, որ այն դառնա մեկ տոկոս, իսկ փաստաթղթաշրջանառությունը կլինի 100 տոկոսով, բայց իրենք դեմ են դրան, ու կարծում եմ, որ այդտեղ մտածելու բաներ կան, իսկապես խնդիրներ կան:
-Ըստ Ձեզ՝ պե՞տք է «Շրջանառության հարկի մասին» օրենքն ամբողջությամբ հանել, թե Դուք այն տեսակետին եք, որ պետք է օրենքում փոփոխություններ կատարել ու կրկին դնել շրջանառության մեջ:
-Իսկ ո՞վ է ասում, որ հարկը պետք է հանվի, նման բան չի կարող լինել, եթե մարդը աշխատում է, ինքը պարտավոր է իր աշխատանքի չափով հարկեր վճարել, ցանկացած տնտեսվարող սուբյեկտ իր աշխատանքի չափով հարկ է վճարում, այստեղ հարցը դրան չի վերաբերում: Հարցն ընդհանուր առմամբ վերաբերում է 3.5 տոկոսին, որն իջնում է 1 տոկոս, ու առեւտրականները պնդում են, որ խնդիր կա, քանի որ իրենք բոլոր ապրանքները չէ, որ կարող են փաստաթղթով ձեռք բերել: Թե չէ, որ նայում ես՝ առաջին հայացքից, բնականաբար, ինքը լավ է երեւում՝ 3.5 փոխարեն ընդամենը 1 տոկոս, բայց կարծես թե դա էլ չի բավարարում իրենց: Մանրակրկիտ ուսումնասիրության կարիք կա, ու մենք պետք է ուսումնասիրենք, որպեսզի ճիշտ որոշում կայացնենք:
-Բայց այդ ամենը քննարկելու եւ ճիշտ որոշում կայացնելու համար թե՛ Կառավարությունը եւ թե՛ խորհրդարանը բավականաչափ ժամանակ ունեին: Մինչդեռ արդեն երկրորդ դեպքն է, որ այդ նույն օրենքի հետ կապված որոշում է կայացվում, որն առեւտարականների «սրտով» չէ, եւ որի պատճառով ՀՀ Կառավարությունը ստիպված է լինում այն հետաձգել ինչ-որ ժամանակով: Ինչո՞ւ Կառավարությանը եւ ԱԺ-ին չի հաջողվում ի սկզբանե նորմալ, ճիշտ հաշվարկված եւ մշակված օրենքներ ընդունել:
-Այնպես չէ, որ Կառավարությունը չի կարողանում կողմնորոշվել, քանի որ հարկերը շատ բազմազան են ու բազմատեսակ, դրա համար Կառավարությունն ինչ ասեց… ասեց, որ պետք է հետաձգենք մի քանի ամսով, որպեսզի ով ինչ հարցեր ունի, ինչ խնդիրներ, որ տեսնում է, նշի, դրանք քննարկենք ու մեկ կետի գանք: Այսինքն՝ այնպիսի մի որոշում կայացնենք, որը ձեռ կտա ե՛ւ Կառավարությանը, ե՛ւ տնտեսվարողներին:
-Տեսակետ կա, որ այս օրենքը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործունեության երկրորդ ձախողումն է, քանի որ նրան այդպես էլ չի հաջողվում այնպիսի որոշում կայացնել, որը հանրության շահերից է բխում: Դուք այդ տեսակետը կիսո՞ւմ եք:
-Սխալ տեսակետ է, ես մի անգամ էլ եմ կրկնում, որ այդքան հեշտ չի գլխի ընկնել, թե, ասենք, հազար մարդ ի՞նչ է ուզում, հազարին եթե հարցնում ես, հազարն էլ տարբեր բաներ են ասում ու ուզում, իսկ հասկանալ, թե ինչ տեսքով օրենքը պետք է հրամցնել, որպեսզի բոլորին բավարարի, սա արդեն դժվար գործ է: Եթե ղեկավարությունը լինեք դուք, եթե լինեմ ես, դա հեշտ չէ: Ու հիմա կարծում եմ, որ Կառավարությունը ճիշտ որոշում կայացրեց, հիմա ով ասելիք ունի, ինչ հարցեր ուզում են քաշել, թող քաշեն, ես էլ որպես տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ, բնականաբար, պատրաստ եմ այդ հարցերը լսել ու քննարկել, քննարկել անգամ տնտեսվարողների հետ, որպեսզի մենք վերջնական օրենք ունենանք: Ես էլ եմ ցանկանում, որ այդ օրենքում այլեւս որեւէ խնդիր չլինի, ու այն բավարարի մեծամասնությանը: 100 տոկոսով բոլորին չի բավարարի, բայց 80 տոկոսին այն կբավարարի: Ընդհանուր առմամբ ես 7 տարվա պատգամավոր եմ ու փորձում եմ այնպես աշխատել, որպեսզի ժողովրդի օգտին լինի, քանի որ, կարծում եմ, որ ես ժողովրդական մարդ եմ:
-Իսկ ի՞նչ ազդեցություն է այդ օրենքն ունեցել Ձեր բիզնես գործունեության վրա:
-Ես արդեն մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ ես բիզնեսմեն չեմ, ու այդ օրենքը, բնականաբար, չի ազդում ինձ վրա: Ես արդեն նշել եմ, որ իմ ընտանիքին է պատկանում այդ բիզնեսը:
-Լավ, Ձեր ընտանեկան բիզնեսի վրա ինչպիսի՞ն է եղել ազդեցությունը:
-Միջին բիզնես է մեր ընտանեկան բիզնեսը, խնդիր ունենք փաստաթղթի, որովհետեւ փաստաթուղթ չեն վերցնում փոքրերը, մենք էլ ուզում ենք, որ փաստաթղթով վաճառենք, եւ, իհարկե, մենք նրանց ենք վաճառում, ովքեր փաստաթուղթ են ուզում:

 

 

 

 

 
ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՆ ՈՒ ԱՐՍԵՆՅԱՆԻ ԱՆԵԿԴՈՏԸ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ՝ խորհրդարանական հայտարարությունների ժամին, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները պետք է «բոցաշունչ» ելույթներ ունենային փետրվարի 5-ին ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովի վերաբերյալ: Նախատեսված էր եւս մեկ անգամ իրազեկել եւ բարձրաձայնել, որ փետրվարի 5-ը Հայաստանի համար անշրջելի է լինելու, քանի որ հենց այդ օրը պետք է որոշվի այն ճանապարհային քարտեզը, որի հիման վրա ԲՀԿ-ն առաջ է շարժվելու:

Սակայն հայտարարությունների ժամին ընդամենը երկու ԲՀԿ-ական հանդես եկավ՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, որը կրկին խոսեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ, եւ Վահան Բաբայանը, որը «թռուցիկ» կարգով անդրադարձավ հրավիրված համաժողովին:
Ըստ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքից բխող պարտադիր փաստաթղթավորման պահանջի հետաձգման հարցը զուտ քաղաքական է. «Այժմ ունենք 80 հազար հարկային հաշվետվություն ներկայացնող ձեռներեցներ, որոնցից 67 հազարը կազմում են փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները: 58.700-ը շրջանառության հարկ վճարողներ են, իսկ մնացածները՝ այլ տեսակ հարկ վճարողներ»:
Իսկ ԱԺ ԲՀԿ խմակցության անդամ Վահան Բաբայանը հիշեցրեց, որ ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրված «Ոչ իշխանական քաղաքական եւ հասարակական ուժերի» խորհրդաժողովն անցկացվելու է փետրվարի 5-ին: Ըստ պատգամավորի՝ քննարկվելու են երկրում առկա կարեւոր հարցերը, մասնակցելու են ՀԿ-ներ, շարժումներ, ակտիվիստներ, գիտնականներ, մտավորականներ, ազատամարտիկներ. «Այսօր մենք մի իրավիճակում ենք, որ իշխանությունն ու ոչ իշխանությունը խոսում են լուրջ խնդիրների մասին, որոնք 2015թ. դարձրին ավելի պրոբլեմատիկ»: Պատգամավորը հավելեց, որ հասարակությունը պետք է հասկանա, թե ինչ ելքեր կան, եւ պետք է երկիրը միասնական դուրս բերվի այս իրավիճակից:
ԲՀԿ խմբակցությունից «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ ելույթ ունեցավ նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը, որը եւս խորհրդաժողովի վերաբերյալ որեւէ բան չասաց: Փոխարենը պատգամավորը հիշեց բոլորին վաղուց հայտնի հետեւյալ անեկդոտը. «Մեկը բարձրանում է ծառի ճյուղին եւ սկսում է կտրել հենց այդ նույն ճյուղը: Ներքեւից ճյուղը կտրողին ասում են, որ զգուշանա ընկնելուց: Երբ ճյուղը կոտրվում է, եւ կտրողը ցած է ընկնում, վերջինս վրդովված ասում է իրեն զգուշացնողին՝ նավսեցիր»:
Անկախ այն հանգամանքից, թե ով ում է նավսել, նկատենք, որ ԲՀԿ-ի հրավիրած համաժողովը եւս, կարծես, նավսված լինի. այն, հիշեցնենք, արդեն մեկ անգամ հետաձգվել է Գյումրիի դեպքերի պատճառով: Հիմա էլ, կարծես թե, համաժողովից հանրության ուշադրությունը շեղող նոր միջադեպ եղավ` Բերձորի դեպքերը: Նկատենք, որ ԲՀԿ-ական պատգամավորներից շատերը հրաժարվում են խոսել փետրվարի 5-ին հրավիրված խորհրդաժողովի մասին` պատճառաբանելով, որ իրենք անգամ տեղյակ չեն, թե այդ օրն իրենց ինչ է սպասվում:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
«ՀԱՅԱՍԻ ԳՐՈՒՊԸ» ՏՈՒԳԱՆՎԵԼ Է
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերությունը հերթական անգամ տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ անցած տարվա դեկտեմբերի 7-ին ընկերության անունով ներմուծվել է սննդամթերք, որը ընկերության տնօրեն Անդրանիկ Մարտիրոսյանը չի հայտարարագրել, ինչի համար մաքսային ծառայությունը նրան տուգանել է 50 հազար դրամով: Ի դեպ, տարածված լուրերի համաձայն՝ «Հայասի գրուպ» ընկերության փաստացի կառավարումն իրականացնում է ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Լեւոն Դոխոլյանը: Սակայն փաստաթղթերում նրա անունը որեւէ կերպ չի արձանագրվում, եւ նա էլ ոչ մի թուղթ չի ստորագրում, քանի որ ՀՀ Սահմանադրությունը պատգամավորներին արգելում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

 

CD ԵՎ DVD ԱՃՈՒՐԴՈՎ
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել հազար հատ CD, DVD, PC DVD ձայնասկավառակներ՝ ֆիլմեր, երաժշտություն, խաղեր, որից 49 հատը, ըստ հայտարարության, լիցենզավորված սկավառակներ են: Ի դեպ, մեկ հատիկ սկավառակի գնահատված արժեքը 245.5 դրամ է: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ՀՀ Կառավարությունն առաջարկեց փոխել «Ակցիզների մասին» ՀՀ օրենքը, եւ արդյունքում առանց ակցիզի CD-ներ եւ DVD-ներ վաճառելն արգելվեց, դրանով զբաղվող մի շարք խանութներ փակվեցին: Այդ խանութների ներկայացուցիչներն, իհարկե, փորձեցին բողոքել այդ մոտեցման դեմ, նույնիսկ ՀՀ Կառավարության առջեւ բողոքի ակցիա կազմակերպեցին, բայց ապարդյուն: ՀՀ Կառավարությանը, ինչպես միշտ, տնտեսվարողների տեսակետը հետաքրքիր չէր, իսկ հանրությունն էլ չաջակցեց, քանի որ սկավառակներով վաճառվող տեղեկությունները մարդիկ կարող են գտնել ինտերնետում:

 

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա նիստում կքննարկի «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ներկայացված «Հրազդան-5» կայանի՝ 2015 թվականի ներդրումային ծրագրին հավանություն տալու հարցը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագրի համաձայն՝ այն կազմելու է 301 մլն 200 հազար դրամ` առանց ավելացված արժեքի հարկի: Ներդրումն ինքնին լավ բան է, բայց այս դեպքում նշանակում է, որ մեկ այլ ռուսական ընկերություն՝ ՀԷՑ-ը, ավելի շատ էլեկտրաէներգիա է գնելու «Հրազդան 5» կայանից: Իսկ ինչպես հայտնի է՝ «Հրազդան 5» կայանի էլէներգիան ամենաթանկերից է:




Լրահոս