Եթե խելոք չմնամ, կենթարկեն ավելի խիստ պատժի. Լոռու մարզի դատավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 3-ին արդարադատության խորհրդի դռնփակ նիստում որոշվել է կարգապահական պատասխանատվության ենթարկել մեծանուն գրող Հրանտ Մաթեւոսյանի եղբոր որդու սպանության գործը քննող դատավոր Աղասի Մկոյանին: Դատավորը ստացել է նախազգուշացում:

Հիշեցնենք, որ նշված օրը ՀՀ Վճռաբեկ դատարանում ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունների հիման վրա կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հրավիրված հատուկ նիստին, բացի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Մկոյանից, քննարկվել է նաեւ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանի հարցը: Նշենք, որ դատավորների միջնորդությամբ խորհուրդը որոշել է նրանց հարցը քննարկել դռնփակ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աղասի Մկոյանը հայտնեց, որ նիստի ընթացքում որոշվել է իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկել` նախազգուշացում հայտարարելով:

-Պարո՛ն Մկոյան, առաջին անգամ եք կարգապահական պատասխանատվության ենթարկվում:

-Առաջին անգամն է, ու հուսով եմ, որ վերջինը կլինի:

-Ի՞նչ սխալ էիք գործել, որ որոշեցին Ձեր հարցն արդարադատության խորհրդում բարձրացնել:

-Սխալը ոչ թե դատավարական գործի հետ է կապված, այլ դատավորի վարքագծի կանոնների հետ: Այսինքն՝ պետք է խորհրդակցական սենյակում որոշում կայացնեի, բայց արձանագրային կարգով ասեցի, որ այդ միջնորդությունը մերժում եմ արձանագրային կարգով եւ խորհրդակցական սենյակ չեմ գնացել: Հրապարակել եմ որոշումը, նոր եմ գնացել խորհրդակցական սենյակ, երեւի դա էր իմ սխալը: Այդ պահը նկարել, հրապարակել էին, ու, ըստ էության, կարգապահական հանձնաժաղովը տեսել էր: Բայց պետք է նշեմ, որ այդ քայլով ոչ մեկի իրավունքը չի խախտվել:

-Չգիտեի՞ք, որ նման որոշում կայացնելու համար պետք է խորհրդակցական սենյակ գնալ, թե՞ մտածել եք՝ ով կիմանա:

-Չէ, օրենքն այդտեղ բաց է: Այսինքն՝ քրեական դատավարության օրենսգրքի 313 հոդված 2-րդ մասն ասում է. «Գործը լրացուցիչ քննության ուղարկելու, կարճելու կամ կասեցնելու, խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու, բացարկների, փորձաքննություն նշանակելու մասին որոշումները դատարանը կայացնում է խորհրդակցական սենյակում, եւ դրանք պետք է շարադրված լինեն առանձին փաստաթղթերի ձեւով` ստորագրված դատարանի ամբողջ կազմի կողմից»: Այստեղ նշված է կարճմանը, իսկ ես մերժելու էի: Օրենքում նշված չէ, որ մերժման որոշում էլ է կայացվում խորհրդակցական սենյակում, մերժման դեպքում էլ է պետք է գնալ խորհրդակցական սենյակ:

-Իսկ փորձեցի՞ք ՀՀ արդարադատության խորհրդում արդարանալ, մատնանշել օրենքի բացը:

-Ո՛չ, ես գտել եմ, որ ունեի սխալ եւ ընդունեցի այն:

-Կոնկրետ կասե՞ք Ձեր վարույթում գտնվող որ գործի քննության ընթացքում սխալ թույլ տվեցիք:

-Սխալը թույլ եմ տվել Թովմա Մաթեւոսյանի սպանության գործի շրջանակներում:

-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հրանտ Մաթեւոսյանի եղբոր որդու սպանության գործով ամբաստանյալի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ Դուք ամեն ինչ անում եք՝ այս գործն ավարտին հասցնելու համար, քանի որ սովորաբար քննել եք քաղաքացիական գործեր, եւ վերջին 7-8 ամիսն է, ինչ քննում եք քրեական գործեր, ուստի հիմա կրկին փորձում եք վերադառնալ Ձեր հին գործին, դրա համար արագացնում եք քրեական վարույթների քննությունը:

-Այդ պաշտպանն է գործը միտումնավորը ձգձգում, երկրորդ պաշտպանի հետ չի ներկայանում դատական նիստին: Օրինակ՝ փետրվարի 12-ին նիստ եմ նշանակել, ասում է, որ այլ գործ ունեմ, հետաձգեք: Ճիշտ է՝ ես քաղաքացիական գործը քննող դատավոր եմ եղել, բայց նաեւ քննել եմ քրեական գործեր, այսինքն՝ ամեն ինչ խառը քննել եմ:

-Արդյո՞ք ճիշտ է՝ քաղաքացիական գործը քննող դատավորը քննի նաեւ քրեական գործեր:

-Չէ՛, սխալ չէ: Ինձ համար անծանոթ ոլորտ չէ քրեականը, ուղղակի 6-7 տարի զբաղվել եմ քաղաքացիական գործերով, տեղափոխվեցի քրեական, բայց զգացի, որ իմը քաղաքացիական է, ու որոշեցի տեղափոխվել: Պետք է տեղափոխվեի փետրվարի 2-ին, սակայն հետաձգել են միչեւ ապրիլի 2-ը, որպեսզի վարույթումս գտնվող գործերը ավարտեմ:

-Եթե երկրոդ անգամ այլ սխալ թույլ տաք, ի՞նչ է Ձեզ սպասվում:

-Մեկ տարվա ընթացքում սա մարում է: Եթե խելոք չմնացի, կենթարկեն ավելի խիստ պատժի՝ աշխատավարձի պահումով, տարբեր աստիճաններ կան:
Իսկ, ահա, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը «Ժողովուրդ»-ին հայնտեց, որ 18 տարվա դատավոր է եւ կարգապահական տույժ երբեք չի ունեցել. «Օրենքը թույլատրում է, համապատասխան հոդված կա: Եթե առաջին անգամ որեւէ լուրջ խախտում թույլ չի տալիս դատավորը, ապա նրա հարցը քննարկելով՝ բավարարվում են: Ուստի որոշվել է կարճել ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը»:

Քնար Մանուկյան




Լրահոս