ԱՊԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության վերջին` 2012-2017թթ. ծրագրում, որպես գործունեության գերակայություն, նշված է. «տնտեսության տարազանման (դիվերսիֆիկացման) ապահովում` տնտեսության կառուցվածքում արտահանելի հատվածների տեսակարար կշռի ավելացման միջոցով»: Նաեւ` «զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում, մասնավորապես, նպատակաուղղված արդյունաբերական քաղաքականության վարման  միջոցով, ինչը թույլ կտա կրճատել Հայաստանի եւ զարգացած երկրների բնակչության եկամուտների միջեւ տարբերությունը»: Ասել է թե` կառավարությունը պատրաստվում է երկրի տնտեսությունը կարգի գցել եւ խոստացված յոթտոկոսանոց աճն ու մնացած լավ բաներն ապահովել երկրի արդյունաբերության զարգացման եւ դրա արդյունքում արտահանման ծավալների մեծացման միջոցով: Մինչդեռ վստահաբար շատերն են հիշում, թե ինչպես էր ընդամենը մեկուկես տարի առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր աղմկահարույց հեռուստահարցազրույցում լրագրողներին բացատրում, որ Հայաստանին պետք չէ ապրանք արտադրել եւ արտահանել, որ Հայաստանը պետք է լինի բացառապես միտք արտահանող երկիր: Սակայն ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք, հիմա եթե մարդը  ճանապարհի կեսից հասկացել է, որ սխալվել է, թերեւս կարելի է միայն ողջունել նրա վերադարձը ճիշտ ուղուն` որն էլ, տվյալ դեպքում, կարող է դիտարկվել կառավարության ներկայիս ծրագիրը: Եվ ահա երեկ հրավիրվել է վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել է արտահանման  վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքը, որը ներառում է  կառուցվածքային, կազմակերպչական ներդրումային եւ ֆինանսական աջակցության ծրագրեր: Իսկ ի՞նչ է թաքնված այս գեղեցիկ բառակույտի տակ: Եթե հավատանք ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին, 2012թ. առաջին կիսամյակում արդյունաբերության զարգացումն ընթանում է բավական դինամիկ տեմպերով, արդյունաբերական կազմակերպությունների կողմից  թողարկվել է 501.4 մլրդ դրամի արտադրանք` 2011թ. համեմատ աճելով 13 տոկոսով: Ափսոս միայն, որ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չէ, թե արդյունաբերության կոնկրետ որ ոլորտում է նկատվել նման «դինամիկ աճ»: Սակայն դատելով նույն հաղորդագրությունից, պարզ է դառնում, որ կառավարությունը չի պատրաստվում երկրում զարկ տալ լուրջ` ոչ միայն թեթեւ արդյունաբերական ծրագրերին: Երեկվա նիստում քննարկված հիմնական ուղղությունը եղել է կոնյակագործությունն ու գինեգործությունը: Փաստորեն, վարչապետի՝ «միջազգային շուկաներում մրցակցային հայկական միտքը» կոնյակագործությունից այն կողմ առայժմ չի անցնում:




Լրահոս