ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՋԻ ԹԱԹԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները վերջին շրջանում սկսել են ակտիվորեն այցելել Հայաստան: Երեկ պաշտոնական այցով Հայաստանում էր ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Իսկ ընդամենը օրեր առաջ այստեղ էր ժամանել ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Եւս մեկ ուշագրավ փաստ. բացի Նարիշկինից, երեկ Երեւանում էր նաեւ ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը, որը ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի հետ միավորված կոլեգիայի նիստ է անցկացրել:
Հայաստանի հանդեպ նման հետաքրքրասիրությունը, թերեւս, կարելի է ուշագրավ համարել: Համենայնդեպս, ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ ՌԴ նման բարձրաստիճան պաշտոնյաների՝ իրար հաջորդող այցերը հազիվ թե լինեն հասարակ խնդրի առնչությամբ: Առավել եւս, երբ այդ այցերը տեղի են ունենում մի ժամանակահատվածում, որը սովորաբար համարվում է հանգստի սեզոն: Եվ ուրեմն՝ կա լուրջ խնդիր, որի պատճառով իրար հաջորդող նման այցեր են կատարվում:
ԱԺ-ում տարածված տեսակետ կա, որ սա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհիվ է. ընդ որում, խորհրդարանի նորընտիր խոսնակը ոչ թե ինքն է մեկնում այլ երկրների պաշտոնակիցների հետ հանդիպման, այլ ՌԴ դումայի երկու պալատների նախագահներն իրենք են այցելում Երեւան: Մանավանդ որ Հայաստանն ու ՌԴ-ն ռազմավարական գործընկերներ են, ու դա գործընկերության լավագույն ապացույց է: Բայց սա ընդամենը առաջին հայացքից:
Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ ՌԴ պետդումայի երկու պալատների նախագահներն էլ, ԱԺ նախագահից բացի, հանդիպել են նաեւ Սերժ Սարգսյանի հետ: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումներն իրականում եղել են արտաքին շղարշ, եւ իրենց իրական նպատակը եղել է հենց առաջին դեմքի մակարդակով որոշակի խնդիրների վերաբերյալ որոշակի երաշխիքներ ստանալը, պայմանավորվածություններ ձեռք բերելը եւ այլն: Ընդ որում սա տեղի է ունենում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝  տարածաշրջան, այդ թվում եւ Հայաստան կատարած այցից հետո:
Ուստի դժվար չէ ենթադրել՝ նման պարբերականությամբ տեղի ունեցող այցերն ավելի լուրջ ենթատեքստ ունեն եւ առնչվում են տարածաշրջանային խնդիրներին: Իսկ տարածաշրջանում իրադարձությունները սկսել են զարգանալ սրընթաց կերպով. կիզակետում Սիրիան է: Այնտեղ ընթացող իրադարձություններն իրենց վրա են բեւեռել գերտերությունների ուշադրությունը: Ընդ որում գերտերություններից յուրաքանչյուրը, իրեն ցանկալի տարբերակով Սիրիայի խնդրին լուծում պարտադրելով, փորձում է սեփական ազդեցությունը սահմանել երկրում, նաեւ՝ տարածաշրջանում: Ու թեեւ Հայաստանն անմիջականորեն սահմանակից չէ Սիրիային, այնուամենայնիվ, տեղի ունեցող գործընթացներն առնչվում են նաեւ մեզ: Ի վերջո, Հայաստանը ոչ միայն լուրջ համայնք ունի Սիրիայում, այլեւ ԼՂ խնդրի շնորհիվ տարածաշրջանի թեժ կետերից մեկն է: Ու հիմա ՌԴ-ի համար կարեւոր է տարածաշրջանում իր գործողությունները ճշգրտել նաեւ Հայաստանի հետ: Առավել եւս, երբ Սիրիայի խնդիրը մոտ է հանգուցալուծմանը: Դրանից հետո հերթը արդեն հասնելու է Իրանին: Իսկ վերջինիս խնդրի լուծումից հետո ԼՂ հիմնահարցի կարգավորումն ընդամենը կլինի տեխնիկայի գործ: 
Բացի այդ, այս այցերն առնչվում են Ռուսաստանի այլ նկրտումների հետ. տարածաշրջանում, սահմանելով իր ազդեցությունը, ՌԴ-ն ձեռնամուխ է լինելու ԵվրԱզԷսի ծրագրի իրականացմանը: Նպատակ, որը վերջերս ՌԴ-ի համար դարձել է առաջնային: “Հայաստանի ղեկավարությունն ուշադրությամբ հետեւում է, թե ինչպես է զարգանում եվրասիական նախագիծը` ձգտելով իր տեղը որոշել այդ նախագծում՝ հասկանալով, որ եվրասիական տնտեսական տարածքը հեռանկարային է առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման առումով”,-ՀՀ իշխանությունների անունից երեկ հայտարարել է Նարիշկինը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս