Իմ մտքերն ու երեւակայությունը կապ չունեն այս երկրի հետ. Անի Լուպե (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշված օրերից էկրան կբարձրանա ռեժիսոր Արա Երնջակյանի՝ պատմանական հիմքի վրա նկարահանած նոր ֆիլմը, որը կոչվում է «Ժաննա»: Գլխավոր դերում Երեւանի Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անի Լուպեն է (Անի Գրիգորյան): «Ժողովուրդը» նրա հետ զրուցել է նոր կերպարի, փոքր թատրոնում խաղալու եւ ոլորտին առնչվող թեմաների շուրջ:

-Անի՛, նոր ֆիլմում Ձեր կերտած կերպարը ֆրանսիական հայտնի հերոսուհու հայկականացված տարբերա՞կն է: Ինչո՞ւ հենց Ժաննա դ՚Արկ:

-Այո՛, սա նրա շուրջ ծավալված պատմության հայկականացված տարբերակն է, որի հիմքում ընկած է Արա Երնջակյանի դրամատուրգիան: Իսկ Ժաննան նույն Ժաննան է, որը պայքարում է սեփական գաղափարների եւ դրանց դրսեւորման համար:

10846371_10202281443517135_3896595405453021330_n

-Դուք խաղում եք մի թատրոնում, որտեղ հանդիսատեսի հետ շփումն ուղղակի է եւ առավել քան՝ անմիջական: Փոքր թատրոնի առավելությունը ո՞րն է, եւ ո՞ր դեպքում այն կարող է ճնշող լինել:

-Փոքր թատրոնի մեծագույն առավելությունը հենց հանդիսատեսի հետ ջերմ ու հարազատ շփման հնարավորությունն է: Այն եւ ոչ մի դեպքում ճնշող չի կարող լինել: Այս պարագայում է, որ տեղի է ունենում յուրահատուկ նյութափոխանակություն դերասանի եւ հանդիսատեսի միջեւ:

-Քանի որ Դուք սովորել եք երաժշտական թատրոնի ֆակուլտետում, մյուզիքլի ժանրն առավել քան մոտ է Ձեր մասնագիտությանը: Այնինչ, հարցազրույցներից մեկի ժամանակ նշել եք, որ որեւէ մյուզիքլի շրջանակում կորսետով եւ զուգագուլպայով ներկայանալը Հայաստանում սխալ է ընկալվում: Ի՞նչ եք կարծում՝ սա հանդիսատեսի կրթվածության պակասի, տեղեկացված չլինելու հետեւանք է, թե՞ պայմանավորված է ազգային մենթալիտետով:

-Բոլորը միասին: Եվ, առհասարակ, ես համարձակվում եմ ասել, որ Հայաստանը պատրաստ չէ մյուզիքլի ժանրին:

1016738_10202627901618371_6292907301054438344_n

-Ակումբներում կատարում եք կուբայական, լատինոամերիկյան, բրազիլական հայտնի գործեր…Փաստորեն, մեզ մոտ՝ Երեւանում, այդ երգերը պահանջված են, այո՞:

-Շուրջ 4 տարի է, ինչ աշխատում եւ ստեղծագործում եմ իմ սեփական բենդի հետ, որն ունի մեծ լսարան: Փորձը ցույց է տվել, որ Հայաստանում կա մի մասսա, որը սիրում եւ գնահատում է լատինոամերիկյան երգարվեստը:

-Եղե՞լ է այնպես, որ գանգուր մազերով, փոքրամարմին աղջկան հանդիսատեսը որպես տարիքով փոքրի ընկալի, այսինքն՝ արտաքինը խանգարի, որպեսզի հանդիսատեսը Ձեզ լուրջ ընդունի…

-Վարսերս իմ ամուլետն են, ինչպես նաեւ՝ ամբոխից առանձնանալու լավագույն միջոցը: Չէ՛, չի եղել այնպիսի իրավիճակ, երբ ես ինձ փոքր կամ անինքնավստահ կզգամ…Հանդիսատեսն էլ ինձ որպես փոքրիկ աղջնակ չի ընկալել…

-Ինքներդ ծնվել եք արվեստագետի ընտանիքում: Մեր տեղեկություններով՝ Ձեր ընկերը եւս արվեստի մարդ է… Մի ընտանիքում երկու խենթ. վտանգավոր չի՞ լինի:

-Կարծում եմ՝ յուրաքանչյուր դեպքում ընտանիքում ինչքան խենթ, այնքան լավ ու հրաշալի (ծիծաղում է):

-Արտերկրի հետ կապված ի՞նչ ծրագրեր, երազանքներ ունեք, որոնք ռեալ են եւ կարող են իրականություն դառնալ:

10888635_10202426912273763_6212892237827396473_n

-Ծրագրեր լինում են, որոնք իրագործվում են գործուղումներով: Իսկ ինչ վերաբերում է երազանքներին, ասեմ, որ ճիշտ եւ շահեկան առաջարկի դեպքում կմեկնեմ Հայաստանից…

-Գուցե Հայաստանում Ձեզ նման ազատամիտ աղջիկների համար դժվա՞ր է ապրելը: Այդ ներքին ազատությունը երբեւէ խանգարե՞լ է:

-Այդ առումով երբեւէ դժվարություններ չեմ ունեցել, քանի որ ես ազատ մտքերիս սահմանները չեմ անցել: Եվ դա ոչ այն պատճառով, որ դրանք բարոյական չեն, այլ որովհետեւ դրանք կարող են սխալ ընկալվել մարդկանց կողմից: Պարզապես կարծում եմ, որ Հայաստանը կարծրատիպերի երկիր է: Լավ է, որ իմ բախտը բերել է, եւ ես ունեմ ընկերներ, ովքեր ամբողջովին ընկալում են ինձ: Ցավոք, իմ մտքերն ու երեւակայությունը կապ չունեն այս երկրի հետ: Ես ուղղակի սիրում եմ իմ Երեւանը…

Աննա Բաբաջանյան




Լրահոս