Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Հայաստանում իրավիճակը չի փոխվելու, քանի դեռ այդ ցանկությունը չունի Սերժ Սարգսյանը: Պատգամավորը վստահ է, որ ցանկացած ոլորտում որոշում կայացնողը Ս. Սարգսյանն է, ինչի արդյունքում Հայաստանն անընդհատ ձախողումներ է ունենում:
-Տիկի՛ն Սարգսյան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դիմելով Կառավարության անդամներին, ասել է, որ համաշխարհային տնտեսությունում վերջին տարիներին տեղի ունեցող վայրիվերումները տնտեսական պատերազմի դրսեւորում են, ու նշել, որ. «Մեր երկիրը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի»: Ստացվում է, որ ՀՀ իշխանություններն արդեն խոստովանում են, որ օր օրի երկրի վիճակը վատանում է: Այսինքն՝ կարող ենք արդեն արձանագրել, որ Հովիկ Աբրահամյանին եւս չհաջողվեց երկրում իրավիճակ փոխել:
-Մենք ի սկզբանե էլ բոլորս գիտեինք, որ չի ստացվելու ոչինչ, ինչ վարչապետ, ինչ Կառավարություն էլ որ ձեւավորվի հետագայում, եթե իշխանության ղեկին կանգնած է Սերժ Սարգսյանը, որը վերահսկում է ե՛ւ Կառավարությունը, ե՛ւ Ազգային ժողովը, ե՛ւ տարբեր ոլորտներ` բոլորը, բացահայտ մենաշնորհի կարգավիճակով, ապա այդ դեպքում լավ բան ակնկալել պետք չի: Հետեւաբար որեւէ բան որեւէ մեկի մոտ չէր ստացվելու: Դրան եթե ավելացնենք երկրում ստեղծված կառավարման ճգնաժամը, որը իշխանությունների հանցագործ բացթողումների եւ երբեմն էլ նաեւ նպատակային բացթողումների արդյունք է, ապա, բնականաբար, նրանք չեն ցանկանալու ոչ մի բան փոխել: Մի բան է ասելը, մի այլ բան է այդ սցենարներին պատրաստվելու հնարավորություններ ունենալը, դրանք խոսքեր են, որոնք ասվում են: Բայց արդյո՞ք կառավարման այս համակարգը թույլ տալիս է պատրաստվելու, արդյո՞ք պատրաստ են ամեն մի սցենարի պատասխանել, ավելի քան վստահ եմ, որ ոչ: Որովհետեւ այս իշխանությունն այլեւս կամազուրկ իշխանություն է, միշտ էլ սեփական գրպանը սպասարկելու ուղղությամբ է աշխատել ու նույն կերպ էլ շարունակելու է: Այժմ էլ փորձում է սահմանադրական բարեփոխումների միջոցով հավերժացնել ՀՀԿ-ի մենաշնորհը: Դժբախտաբար այդ մենաշնորհը ոչ միայն տնտեսության ոլորտում է, այլ նաեւ քաղաքական: Իսկ մեր երկրի հերն անիծում է այդ մենաշնորհը:
-Իսկ ի՞նչ են անում այսօր ՀՀ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն այդ ճգնաժամից դուրս գալու համար:
-12 քայլերը հենց այն սցենարն էր, որն առաջարկվել էր ՀՀ Կառավարությանը՝ ճգնաժամից դուրս գալու համար, իսկ եթե նրանք նման նպատակ ունենային, ապա թեկուզեւ դանդաղ, բայց այդ 12 կետերի իրականացման ուղղությամբ կաշխատեին: Բայց քանի որ դա ընդդիմությունն էր պահանջում, ու նաեւ դա կպնելու էր իրենց գրպանին, որոշեցին, որ դա չի կարելի իրագործել:
-Բայց կարծես թե հիմա արդեն իրավիճակը փոխվել է: Ի վերջո, եթե արդեն բացահայտ հայտարարվում է, որ պետք է սպասել բացասական զարգացումների, ընդդիմությունը թերեւս պետք է առավել ակտիվ գործի: Այնուամենայնիվ, գուցե արժի՞ պահանջել ՀՀ վարչապետի հրաժարականը, որին չի հաջողվում անգամ նվազագույն դրական տեղաշարժ արձանագրել:
-Իհարկե, կարելի է, բայց իմաստը ո՞րն է: Եթե գա հաջորդ վարչապետը, եւ նախագահը կրկին լինի Սերժ Սարգսյանը, ապա լինելու է ավելի վատ վիճակ, քան այսօր է: Մեր երկրի միակ խնդիրը Սերժ Սարգսյանն է, եթե չի լինում ինքը, հարցերն ինքնըստինքյան լուծում են ստանում: Ուրեմն պետք է մտածել, թե ինչպես պետք է ազատվենք այն նախագահից, որը չի հասկանում, որ երկիրը կործանվում է, ու չի ուզում ընդունել, որ ինքը հավեժ նախագահ չի լինելու:
-Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանն աշխատում է, սակայն արդյունքը չի գրանցվում, քանի որ Սերժ Սարգսյանը խոչընդոտո՞ւմ է, Դուք այդ տեսակետի՞ն եք:
-Ես չեմ կարող ասել՝ ուզում է աշխատել, թե ոչ, բայց միանշանակ է, որ ոչ մի Կառավարություն կամ նոր վարչապետ ի զորու չէ միայնակ որոշումներ կայացնելու: Եթե բոլոր կարգի որոշումները կայացվում են Բաղրամյան 26-ում, ու վարչապետը ինքնուրույն տնտեսական համակարգը կառավարելու հնարավորություն չունի, ապա այդպես պետք է լինի:
-Տեսակետ կա, որ Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելով` Ս. Սարգսյանը նրան քավության նոխազ է դարձրել:
-Քանի որ վարչապետի պաշտոնը նաեւ քաղաքական պաշտոն է, հավանաբար Սերժ Սարգսյանը չուներ մեկ այլ մարդ, որը կարող էր նշանակվել այդ պաշտոնին: Ու ես չեմ բացառում, որ, այո՛, անհրաժեշտ պահին նա քավության նոխազ կդարձնի հենց Հովիկ Աբրահամյանին ու նրա Կառավարությանը, բայց դրանով ավելի կձախողի բոլոր կարգի հնարավորությունները, որոնք կարող են իրականացվել, ինչի արդյունքում ավելի խորը ճգնաժամի մեջ կխրվի Հայաստանը:
ՉԵՐՉԻԼՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԹՇՎԱՌ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով Հայաստանի օր օրի աճող պետական պարտքի մասին, հիշեց Չերչիլի խոսքերը՝ նշելով, թե պարտք տալիս են այն պետություններին, որոնք կարող են այն մարել:
-Պարո՛ն Շարմազանով, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014 թվականին Հայաստանի պետական պարտքը կազմել է 4 միլիարդ 441 միլիոն 524 հազար դոլար: Ընդ որում, մեր երկրի արտաքին պարտքը 2014-ի վերջին ամսում աճել է 81 միլիոն 598 հազար դոլարով: Արդյո՞ք իշխող ՀՀԿ-ում մտածում եք, որ ապագայում երկիրը շատ լուրջ խնդրի առաջ է կանգնելու, եթե այո, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը փոքր-ինչ թեթեւացնելու ուղղությամբ:
-Մի բան ասեմ, բայց խնդրում եմ այլ կերպ չմեկնաբանել, չկա երկիր, որ չունենա պետական պարտք, երկրի ամենազարգացած պետությունները, եթե նայում եք, ունեն ամենամեծ պետական պարտքը: Չերչիլն ասում էր՝ պարտք տալիս են այն պետություններին, որոնք կարող են այն մարել: Ու երկրորդն էլ՝ Չերչիլն ասում էր, որ պետական պարտքի առկայությունը խոսում է պետության հեղինակության մասին: Հիմա ես չեմ ասում, որ եթե այդպես է՝ պետք է մեր պետական պարտքերը մեծացնենք, ես դրա ջատագովը չեմ: Ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք մեր ապագա սերունդների համար դրական իրավիճակ ստեղծել: Բայց դա այսօր առաջնային խնդիր չէ, քանի որ, ըստ իս, այսօր մեր գլխավոր խնդիրը մեր երկրի անվտանգության հարցն է: Մենք պետք է գիտակցենք, որ 2015 թվականին Ադրբեջանը սկսել է իրեն ավելի լկտի պահել, ու առաջին հերթին մենք պետք է մեր քայլերն ուղղենք մեր հանրության անվտանգության ապահովմանը:
-Բայց կարծես թե այդ հարցում եւս իշխանությունները համարժեք քայլեր չեն ձեռնարկում. ՀՀ իրավասու պաշտոնյաները լռում են այն ժամանակ, երբ Ադրբեջանը հայկական գյուղերն է ռմբակոծում:
-Ո՛չ, Դուք սխալվում եք, քանի որ Հայաստանի պատկան մարմիններն իրենց գործը շատ լավ գիտեն ու ամեն ինչ անում են, որպեսզի հակառակորդն իր լկտի արարքներից հրաժարվի: Ու ես համոզված եմ, որ այդպես էլ լինելու է:
-Պարո՛ն Շարմազանով, օրերս Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կուրսանտ սպանվեց, քանի որ Ձեր ասած` իրենց գործը շատ լավ իմացող պատկան մարմիններն իրենց «տեղում չէին: Չե՞ք կարծում, որ այս պարագայում Ս. Օհանյանը պետք է հրաժարական տա, քանի որ հենց նա է հանդիսանում ոլորտում առկա խնդիրների թիվ մեկ պատասխանատուն:
-Պարոն Օհանյանն այդ դեպքի հետ կապված շատ ամբողջական պատասխան տվել է: Ես կարծում եմ, որ Ս. Օհանյանի հրաժարականի խնդիր չկա, իհարկե, շատ ցավալի դեպք է, բայց Ս. Օհանյանի ղեկավարման ժամանակահատվածում ՀՀ-ի զինված ուժերն ավելի են ամրապնդվել, ավելի արհեստավարժ են դարձել ու կատարում են իրենց առջեւ դրված պարտավորությունները: Ես կարծում եմ, որ պետք չէ արհեստական հարցեր բերել օրակարգ: Ս. Օհանյանը մեր լավագույն նախարարներից մեկն է:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՉԻ ԴԻՏԵԼ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, անդրադառնալով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի «Հիշողություն» ֆիլմին, ասաց, որ ֆիլմը չի դիտել եւ առանձնապես ցանկություն էլ չունի դիտելու: «Անկեղծ ասած, աշխատանքային ծանրաբեռնվածությունը հաճախ ժամանակ չի թողնում անգամ բարձրարժեք ստեղծագործություններ վայելելու: Հակոբ Հակոբյանի այս նախաձեռնությունը գնահատում եմ որպես ոչ պրոֆեսիոնալ գեղարվեստական ինքնադրսեւորում, այնպես, ինչպես որեւէ մեկը փորձեր գիրք գրել, կամ երաժշտություն հորինել, կամ, ասենք, լուսանկարչական հմտությունները փորձարկել»,- ասաց նախարարը:
Հարցին, թե արդյո՞ք նախկին պատգամավորի ձերբակալման մեջ քաղաքական ենթատեքստ չեք տեսնում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա հայտարարել էր, թե պատրաստվում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին ֆիլմ նկարել, նախարարը պատասխանեց. «Բարեբախտաբար, մենք արդեն մոռացել ենք այն ժամանակները, երբ մեր երկրում «ծաղկում» էր գրաքննությունը, իսկ նման ինքնադրսեւորումներն այսօր օրենքով արգելված չեն: Վստահ եմ, որ Հակոբ Հակոբյանի ձերբակալության մեջ քաղաքական ենթատեքստ չկա: Տեղեկացված եմ, որ այս վարույթը հետեւանք է պարոն Հակոբյանի տնտեսական գործունեության: Այլ հայտարարություն գործի վերաբերյալ չեմ անի, քանի որ գործը նախաքննության փուլում է, եւ այս հարցով որեւէ տեղեկատվություն հանրությանը հայտնելու իրավասությունը համապատասխան մարմիններինն է»:
ԻՐ ՄԵՂՔԻ ՄԱՍԻՆ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի՝ արդեն նախկին ղեկավար Մարտին Կարապետյանն ասաց, որ ինքը վատ հոգեվիճակում է եւ անգամ պաշտոնանկ լինելուց հետո դժվարանում է խոսել ինստիտուտում կատարված դաժան սպանության մասին: Հարցին, թե Ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում կատարվածում, ինստիտուտի ղեկավարն ասաց. «Եթե չտեսնեի, հրաժարական չէին տա, ինձ հանգիստ թողե՛ք»: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժան սպանություն էր տեղի ունեցել` չորս կուրսանտներ դաժան ծեծի էին ենթարկել իրենց ծառայակցին, այնուհետեւ սպանել նրան ու կախել ինստիտուտի պտուտակաձողից` փորձելով կատարվածը ներկայացնել որպես ինքնասպանություն:
ԱՃՈՒՐԴՈՎ ՏՐԱԿՏՈՐ
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն այս անգամ էլ աճուրդի է հանել թրթուրավոր տրակտոր` «Բուլդոզեր Տ-130» մակնիշի: Տրակտորը վաճառվում է 1 միլիոն 344 հազար 102 դրամով: