ԲՀԿ քաղխորհրդի անդամ, ՓՄՁ-ների ակցիաների ակտիվիստ Արտակ Խաչատրյանը շուտով հանրությանը կներկայացնի փետրվարի 7-ին իր հետ տեղի ունեցած դեպքի մանրամասները: Այս մասին «Մալաթիա» ԲԿ այցելած Armlur.am-ի թղթակցին հայտնեց ակտիվիստը` հավելելով, որ վերջնականապես կազդուրվելուն պես ինքն իր ասելիքը կասի:
«Ինձ համար անհանգստացողները դրսում պայքարում են արդարության համար: Ես հիմա մանրամասներ հայտնել չեմ կարող: Նախաքննական մարմինն անում է իր գործը, և շուտով ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց մեր զրուցակիցը:
Armlur.am-ի հարցին` ճի՞շտ են արդյոք շրջանառվող լուրերն այն մասին, թե ծեծի ենթարկվելու նախորդ օրն ինքը հանդիպել է ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի հետ, ինչի հետ էլ կապվում է տեղի ունեցածը, Արտակ Խաչատրյանը պատասխանեց. «Պարոն Օսկանյանի հետ հանդիպել եմ փետրվարի 5-ին` ԲՀԿ խորհրդաժողովի ժամանակ: Նրա հետ չեմ զրուցել ու այդ օրը միայն նրան չէ, որ տեսել եմ: Բնականաբար, մի քանի մասնակիցների հետ զրուցել եմ: Պարոն Օսկանյանին հեռվից գլխով բարևի նշան եմ տվել: Լուրերը, թե հանդիպումը որևէ կերպ կարող է կապ ունենալ տեղի ունեցածի հետ, չեն կարող հավաստի լինել»:
Նշենք, որ ծեծի ենթարկված ակտիվիստի հետ երկար խոսել չհաջողվեց, քանի որ նրան հանգիստ էր պետք: Իսկ «Մալաթիա» ԲԿ-ի Վերակենդանացման բաժանմունքից տեղեկացանք, որ Արտակ Խաչատրյանի ինքնազգացողությունը բարելավվում է, առավոտյաn նաև կարողացել է նախաճաշել: Տեղեկացնենք, որ դեպքից հետո վիրահատել էին նրա քիթը, ինչից հետո նրա թոքերում օդ է կուտակվել: Այն հեռացնելու համար կատարվել է դրենաժավորում, և երեք օրից դրենաժը կհանվի:
Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են մի շարք վկաներ և գործով տուժող ճանաչված Ա.Խաչատրյանը։
Քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արտակ Խաչատրյանը և իր ընկեր Նարեկ Աբրահամյանը «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել են Երևան քաղաքի Տոլստոյի փողոցում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրին և կայանել նշված համալիրին կից պատի տակ:
Այդ պահին Տոլստոյի փողոցի վերևի հատվածից արագ նրանց է մոտեցել «Տոյոտա կորոլա» մակնիշի սեւ ավտոմեքենա, որից իջել է դիմակավորված, սև համազգեստով, խոշորամարմին երեք տղամարդ։ Նախնական տվյալներով՝ նրանց մոտ եղել է նաև հրազեն։ Նրանք Ն. Աբրահամյանին հրել են մի կողմ, իսկ Ա.Խաչատրյանին նստեցրել ավտոմեքենան և արագ ընթացել Նար-Դոսի փողոցի ուղղությամբ: Ա. Խաչատրյանին առևանգելուց հետո մի քանի ժամ ծեծի են ենթարկել, որից հետո նրան բաց թողել մի ամայի տարածքում, որտեղից էլ վերջինս ինքնուրույն եկել է իր բնակարան։ Նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Ա.Խաչատրյանը շտապօգնության 73-րդ անձնակազմի միջոցով իր բնակության վայրից տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ։
Քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը տուժողի մոտ եղել է երկու հեռախոս, որոնցից մեկը հայտնաբերվել է «Մետաքս-Գոլդ» կոչվող շենքի մոտակայքում. ըստ ականատեսի հեռախոսը դուրս է նետվել «Տոյոտա» մակնիշի սև ավտոմեքենայից: Երկրորդ հեռախոսը հայտնաբերվել է Երևան քաղաքի Խաղաղ-Դոն փողոցում։
Քրեական գործի շրջանակներում պարզվել են հեռախոսները սեւ մեքենայից նետելը նկատած քաղաքացիների ինքնությունը, ովքեր հարցաքննվել են իրենց հայտնի հանգամանքների շուրջ։
Նախաքննության ընթացքում տուժող Ա. Խաչատրյանի եղբայրը քննությանն է ներկայացրել տեսագրություն, որի զննությամբ պարզվել է, որ դեպքի օրը Նարեկ Աբրահամյանի վարած «Մերսեդես Բենց ՄԼ» մակնիշի ավտոմեքենային հետևել է «Տոյոտա կորոլա» մակնիշի սև ավտոմեքենան:
Պարզվել է, որ «Մերսեդես Բենց ՄԼ» մակնիշի ավտոմեքենան պատկանում է Խաչիկ Տեր-Հակոբյանին, որը դեպքի օրը վարել է Ն.Աբրահամյանը։ Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել պարզելու «Տոյոտա կորոլա» մակնիշի սեփականատիրոջ ինքնությունը, նշված ավտոմեքենան, հնարավոր տեսագրությունները հայտնաբերելու եւ քննությանը ներկայացնելու համար։
Նախաքննությունը շարունակվում է: