Ինչո՞ւ ԲՀԿ-ն մոռացավ Արտակ Խաչատրյանին. նա կշարունակի հավատարիմ մնալ Գագիկ Ծառուկյան անձին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 7-ին Երևանի Տոլստոյի փողոցից՝ «Ծղոտների» մոտից, անհայտ անձինք առևանգել էին «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանին: Նրա մտերիմներից մեկն ավելի վաղ հայտնել էր, թե ակտիվիստին առևանգողները եղել են երեք հոգի` դիմակավորված, ավտոմատներով, իսկ Արտակը եղել է ընկերոջ հետ, որին հրել-գցել են:

Կազդուրվելուց հետո Արտակ Խաչատրյանը հանդես էր եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ հայտարարել էր, թե հույս ունի, որ իրավապահ մարմիններն անաչառ և օբյեկտիվ քննություն կանցկացնեն և մեղավորները կկրեն իրենց հասանելիք պատիժը: Իսկ Armlur.am-ի հետ զրույցում ակտիվիստը վստահեցրել էր, որ իր հետ կատարվածը բացառապես իր ունեցած քաղաքական դիրքորոշման և ակտիվիստական գործունեություն ծավալելու հետևանք է: Որևէ անձնական խնդրի պատճառով նման բան, Ա. Խաչատրյանի խոսքով, իր հետ տեղի ունենալ չէր կարող:

Ի դեպ, նշենք, որ ԲՀԿ` արդեն նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեպքից 5 օր անց այցելեց Ոստիկանություն, հանդիպեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` հետաքրքրվելու իր կուսակից Արտակ Խաչատրյանի դեմ կատարված հանցագործության քննության ընթացքի մասին: Ավելին, Գ. Ծառուկյանը 100 հազար ԱՄՆ դոլար խոստացավ այն անձին կամ անձանց, ովքեր արժեքավոր տեղեկություն կտային և կօգնեին բացահայտել ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի առևանգման և ծեծի զարհուրելի հանցագործության կատարողներին և կազմակերպիչներին:

Իմանալու համար` ինչ հասցրեց պարզել քննությունն այս մեկ ամսվա ընթացքում և մի քանի այլ հարցերի շուրջ Armlur.am-ը զրուցեց «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի հետ:

-Արտա´կ, դեպքից 2 օր անց ԲՀԿ-ական մի քանի պատգամավոր և Ձեր կուսակիցներից մի քանի այլ անձինք բողոքի բուռն ակցիաներով և պահանջներով էին հանդես եկել: Պատգամավորներն, անգամ, ոտքի կանգնեցին և հայտարարեցին, որ հետևողական կլինեն, որպեսզի մեղավորները պատժվեն, քանի որ տեղի ունեցածը չի կարելի կուլ տալ: Սակայն տևական ժամանակ է` որևէ պահանջով հանդես չեն գալիս ո´չ պատգամավորները, ո´չ ակտիվիստները: Ո՞րն է պատճառը, ինչ-որ բան հե՞տ է կանգնեցրել նրանց:

-Որևէ բան նրանց հետ չի կանգնեցրել: Պահանջներն ուժի մեջ են, և դրանք նույն այն պահանջներն են, որոնք եղել են սկզբում: Պարզապես սկզբում իրավիճակն այլ էր: Այն ժամանակ թարմ հետքերով բացահայտելն ավելի հեշտ կլիներ, իսկ հիմա իրավապահ մարմինները քննություն են անցկացնում: Ինչ-որ բան կպարզվի, թե ոչ` արդեն չգիտենք…

-Այսինքն այլևս հույս չունե՞ք, որ կբացահայտվի Ձեր դեմ կատարված հանցագործությունը: Եվ այս պահի դրությամբ վերջապես ինչ-որ բան պարզվե՞լ է արդյոք:

-Ոչինչ չի պարզվել: Հույսս մեծ հաշվով կտրել եմ: Արդեն լիարժեքորեն չեմ կարծում, որ ինչ-որ բան կբացահայտվի:

-Ձեր կուսակիցները և՞ս հուսահատվել են:

-Բնականաբար:

-Շրջանառվող լուրերը, թե տեղի ունեցածը ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի պատվերով է եղել, ո´չ հերքվեցին, ո´չ հաստատվեցին: Կարծիքներ կան, որ պարոն Մանուկյանը այդ քայլին է դիմել, այսպես ասած, նախանձից դրդված, քանի որ կազմակերպչական ինչ-ինչ հարցեր ԲՀԿ-ում նրա փոխարեն արդեն Դուք էիք լուծում: Ձեր կարծիքով, հավանակա՞ն է արդյոք այդ տարբերակ:

-Ձեր ասածների մեծ մասն ավելի շատ հորինվածքներ են ընդհանուր ֆոնի մեջ, իրականությունից շատ հեռու:

-Բայց չէ՞ որ քննչական գործողությունների ընթացքում Դուք որպես դեպքի վայր մատնանշել էիք այն տարածքը, որը պատկանում է Աբրահամ Մանուկյանին:

-Ես քննչական մարմիններին ասել եմ, որ դա այդ տարածքը չէ: Դեպքն իրականում ուրիշ տեղ է կատարվել:

-Այդ դեպքում ինչո՞ւ են քննչական գործողություններ իրականացվել «Տեցի կռուգ»-ում գտնվող նախկին «Հայկոոպի» բազայի տարածքում, որտեղ այժմ գործում է Աբրահամ Մանուկյանին պատկանող «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ն: Գուցե վարույթն իրականացնող մարմինը և՞ս կասկածներ ունի, որ կատարվածը Ձեր կուսակցի «ձեռքի գործն է»:

-Հնարավոր է` իրավապահ մարմինները նման վարկածներ ունենան: Ես չեմ կարող ասել: Այդ հարցը, կարծում եմ, նրանց պետք է տալ: Կրկնում եմ` ես ասել եմ, որ դեպքը նշված տարածքում տեղի չի ունեցել:

-Իսկ Դուք զրուցե՞լ եք պարոն Մանուկյանի հետ այս թեմայի շուրջ:

-Չեմ խոսել: Այսինքն` խոսել եմ այնքանով, որքանով մյուսների հետ:

-Արտա´կ, անդրադառնանք «Բարգավաճ Հայաստան»-ում տիրող ներկուսակցական խմորումներին: Ձեր կուսակիցները մեկը մյուսի հետևից լքում են ԲՀԿ-ն: Ձեր տված ասուլիսի ժամանակ հայտարարել էիք, որ միշտ մնալու եք Գագիկ Ծառուկյան անձի հետ: Ստեղծված իրավիճակում ո՞ր թևին եք միանալու` մնացողների՞, թե՞ գնացողների:

-Եթե պայմանականորեն մնացողներ և գնացողներ տարանջատում անենք, ապա մնացողների: Ամեն դեպքում ես մնացողների կողքին եմ լինելու: Շարունակելու եմ մնալ կուսակցության շարքերում:

-Չնայած այն հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանն այլևս առաջնորդ չէ՞:

-Չնայած այդ հանգամանքին…

 

Զրուցեց Տաթև Հարությունյանը




Լրահոս