Հակոբ Հակոբյանի ֆիլմի սցենարում սարսափելի բան չկար. այն սիրո պատմություն էր. Արա Դեղտրիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ պետք է տեղի ունենար Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) սցենարով և ֆինանսական միջոցներով նկարահանած «Հիշողություն» ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին: Կինոթատրոններն անհայտ պատճառներով հրաժարվել են ցուցադրել ֆիլմը, իսկ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով ֆիլմն առգրավված է: Հակոբ Հակոբյանի կալանավորումից հետո ֆիլմի ճակատագիրը մնացել է անհայտ:

Armlur.am-ն արդեն ներկայացրել է, թե ֆիլմի ճակատագրի մասին ինչ է մտածում դերասանուհի Լուիզա Ղամբարյանը: Այսօր կներկայացնենք ֆիլմում նկարահանված մեկ այլ դերասան Արա Դեղտրիկյանի մոտեցումը: Նա նախ նշեց, թե անձամբ ֆիլմը չի դիտել, քանի որ կազմակերպված փակ դիտումների մասին ավելի ուշ է իմացել:

«Ես, ճիշտն ասած, մի քիչ զարմացած եմ ու չեմ հասկանում այն կարծիքները, որոնք հնչեցնում են մարդիկ, ովքեր այս ֆիլմը չեն դիտել: Ես անձամբ ֆիլմը չեմ դիտել, բայց մարդիկ կան, ովքեր չեն տեսել և կարծիք են հայտնում: Ախր արվեստի գործը՝ լինի թատրոնում, թե կինոյում, մինչև չտեսնես` չես կարող կարծիք հայտնել», – ընդգծեց նա:

Դերասանը դժվարացավ ասել, թե ինչու հետաձգվեց ֆիլմի ցուցադրությունը, սակայն նշեց, թե ֆիլմի սցենարը հետաքրքիր դրվագներ է պարունակում:

«Ես ամբողջ սցենարը կարդացել եմ և եթե չկարդայի, իմ համաձայնությունը չէի տա: Սցենարում ինչ-որ այդպիսի սարսափելի բան չկար, որ ասեի՝ ֆիլմն ապազգային կլիներ: Սիրո պատմություն է՝ հայ աղջկա և թուրք տղայի, հետաքրքիր դրվագներ կային, բնականաբար կային դաժանության տեսարաններ», – նշեց նա` ընդգծելով, թե չի կարծում, որ այս թեմայով ֆիլմերը հնարավոր է առանց նման տեսարանների:

Ա. Դեղտրիկյանն այդ ֆիլմում որևէ վտանգ չի տեսնում, քանի որ այժմ բոլորը խոսում են Հայոց Ցեղասպանության  100-ամյակի մասին: Այն հարցին, թե ֆիլմն արժանի էր արտերկրում ցուցադրության, դերասանն ընդգծեց, թե դա կարող էր որոշվել միայն տեղական ցուցադրություններից հետո:




Լրահոս