ՀՀ Տավուշի մարզի Կողբ համայնքի բնակիչներն արդեն հնարավորություն ունեն երթևեկել առավել հարմարավետ և նոր ավտոճանապարհով:
«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում ամբողջությամբ վերանորոգվել է Կողբ գյուղի շուրջ 3.6 կմ երկարությամբ ներհամայնքային ավտոճանապարհը, որտեղ գտնվում են գյուղապետարանը, դպրոցը, գյուղամիջյան նորակառույց եկեղեցին, Նոյեմբերյանի անտառատնտեսությունը:
Նշված ներհամայնքային ճանապարհը տանում է դեպի Մշկավանք եկեղեցի և «Փյունիք» մանկական ճամբար:
Համայնքի հիմնական և դրանից սկսվող ճանապարհահատվածների հողային պաստառը, ճանապարհային ծածկը վատ կամ խիստ քայքայված վիճակում էին:
Տարբեր խորությամբ և մակերեսով առաջացած փոսերը դժվարանցանելի էին դարձրել երթևեկությունը տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Առանձին տեղամասերում ջրահեռացման համակարգը վթարված էր, իսկ մյուսներում ընդհանրապես բացակայում էր:
Անմխիթար վիճակում էին նաև երթևեկության կազմակերպման ու անվտանգության տարրերը, որոշ հատվածներում դրանք գոյություն չունեին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Լևոն երկրորդ» ՍՊ ընկերությունը կատարել է հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհի երթևեկելի մասի վերակառուցման, ջրթող խողովակների նորոգման, նորերի տեղադրման, հենապատերի կառուցման, կամրջի նորոգման, ինչպես նաև ճանապարհի կահավորման աշխատանքներ:
Աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Կապալի պայմանագրային արժեքը 417.472. 672 ՀՀ դրամ է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովը ճանապարհահատվածն ընդունել է շահագործման: