Դատարան են բերվել «Վերնիսաժ»-ի գործով իրեղեն ապացույցները. րոպեներ անց կհարցաքննվի Գոռ Առաքելյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն  Armlur.am-ը հայտնել էր, «Վերնիսաժ»-ի գործի շրջանակներում դատարան պետք է բերվեին իրեղեն ապացույցները: Armlur.am-ի թղթակիցը դատարանից հայտնում է, որ որպես ապացույց բերվել են պարկուճներ և փամփուշտներ, իսկ մեղադրող դատախազը՝ Հարություն Սարգսյանը, ներկայացրեց  տուժող Մնացական Սուքիասյանին հասցված գնդակը:

Երկրորդ գնդակի առաջնային մասը դեֆորմացված էր: Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նկատեց, որ դեֆորմացված հետքերի առկայությունը փաստում է, որ այն հասցվել է արգելապատնեշին դիպչելուց հետո:

Ապա մեղադրողը ներկայացրեց դեպքի վայրից առգրավված 6 փամփուշտ և 1 գնդակ: Վերջինիս վրա դեֆորմացիայի, քերծվածքի հետքեր չկային: Նա ներկայացրեց նաև տուժողների և մեղադրյալների հագուստները, որոնք ճանաչվել են իրեղեն ապացույցներ: Պաշտպանները չցանկացան դրանք տեսնել՝ չնայած նախագահողի այն խոսքին, որ հագուստների վրա երևում են վնասվածքներ:

Նշենք, որ որքան էլ զարմանալի է, այդուհանդերձ, որպես իրեղեն ապացույց է ներկայացվել նաև ամբաստանյալ Գոռ Առաքելյանի հագուստը: Այս հանգամանքը որևէ կերպ չմեկնաբանեց մեղադրող դատախազը: Այս պահին հայտարարվել է ընդմիջում, որպեսզի մեղադրյալ Գոռ Առաքելյանը պատրաստվի իր հարցաքննությանը: Րոպեներ անց նա կհարցաքննվի:

Հիշեցնենք, որ նախորդ տարի մայիսի 17-ին Վերնիսաժ տոնավաճառի մոտ վիճաբանության արդյունքում կրակոցներ էին արձակվել, ինչից տուժել էին շարքային քաղաքացիներ ևս: Որպես մեղադրյալ անցել է նաև ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան` Գոռ Առաքելյանը:




Լրահոս