ԲՀԿ ակտիվիստի առևանգման վարկածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 7-ին Երեւանի Տոլստոյի փողոցից առեւանգված եւ դաժան ծեծի ենթարկված ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի ծեծի առիթով հարուցված քրեական գործը հետաքրքիր վարկածներ է շրջանառում՝ քաղաքականից սկսած մինչեւ ներկուսակցական խժդժություններ:

Քննչական մարմինը ստուգում է բոլոր հնարավոր վարկածները՝ պարզելու, թե ով եւ ինչու պետք է այդքան դաժանությամբ ծեծեր ագրեսիվությամբ առանձնապես աչքի չընկած ԲՀԿ-ական ակտիվիստին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ստուգվում են ինչպես անձնական, այնպես էլ քաղաքական թշնամանքի մոտիվներով իրականացված հանցանքի վարկածները: Անձնական թշնամի, ըստ նախնական տեղեկությունների, Արտակ Խաչատրյանը չունի, համենայնդեպս, որ նրան այդ աստիճան ատի ու նման արարք թույլ տա: Իսկ քաղաքական վարկածները, թեեւ զգուշավորությամբ, այնուամենայնիվ, ստուգվում են:

Մասնավորապես քննչական մարմինները հետաքրքրվում են, թե ում հետ է հանդիպել Արտակը ծեծի նախօրեին, ինչ է զրուցել նրանց հետ, ինչ նպատակների մասին է խոսել, կիսվել: Չի բացառվում նաեւ այն, որ նա պարզապես եղել է թիրախ:

Թերեւս ամենաուշագրավ վարկածը միջկուսակցական խժդժությունն է, որը քննվում է: ԲՀԿ-ում պտտվող լուրերի համաձայն՝ Մանուկյանը, որ նախկինում եղել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի մտերիմը, հիմա Ծառուկյանի ամենահավատարիմն է համարվում: Եւ հնարավոր է՝ նրան դուր եկած չլինի իրավիճակը, որ ինչ-որ երիտասարդներ կարող են Ծառուկյանի աչքը մտնել՝ մարդաշատ ակցիաներ կազմակերպելով եւ հանդես գալով այն դիրքերից, ինչպիսին Արտակն էր: Եւ ըստ այդմ, լուրեր են պտտվում, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կուսակիցների եւ ոչ միայն նրանց շրջանում, խոսելով Արտակին առեւանգող ավտոմեքենայի մասին, բավականին ինքնավստահ ասել է, որ նրան առեւանգած սեւ գույնի «Տոյոտա կորոլա» մակնիշի ավտոմեքենայի համարանիշները չկան, դրանով հնարավոր չէ «պոչը գտնել»: Այս արտահայտությունը լրջորեն քննարկվում է իրավապահների շրջանում, քանի որ Արտակի հարազատները ձեռք են բերել եւ ոստիկանությանը տրամադրել մի տեսագրություն, որտեղ հստակ երեւում է սեւ «Տոյոտա»-ն՝ իր համարանիշներով: Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը, պատմել է, որ «Եղան բարի մարդիկ, անծանոթ մարդիկ, ովքեր փորձել են ինչ-որ բանով օգտակար լինել՝ մտածելով, որ տրամադրված տեսանյութը կարող է գործին օգուտ տալ: «Չենք կարողանում բացահայտելը» բացառվում է, որովհետեւ արդեն իսկ հրապարակված հանգամանքները, փաստերը բավականին մեծ են հանցագործությունը բացահայտելու համար: Եթե չուզենան բացահայտել, ցանկացած մարդ այդ մեղքը թողնելու է իրավապահների վրա»:

Թվում էր, որ այդ տեսանյութից հետո արդեն պետք է գործը բացահայտված լիներ, քանի որ գոնե համարանիշներով հնարավոր էր գտնել «Շրջանառության հարկի» վիճահարույց փոփոխությունների դեմ պայքարող ակտիվիստին առեւանգող սեւ գույնի «Տոյոտա Կորոլան» եւ դրա մեջ եղած դիմակավորված, սեւ համազգեստով, խոշորամարմին երեք տղամարդկանց: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ քննիչներն ու ոստիկանները բավականին օպերատիվ կերպով ստուգել են տեսաերիզում երեւացող ավտոմեքենայի համարանիշները եւ պարզել, որ դրանք կեղծ են: Այսինքն՝ այդպիսի համարանիշ Հայաստանում գոյություն չունի եւ գրանցված չէ որեւէ մեկի անունով: Ասել է թե՝ այս հետքերն էլ կորան:

Ու հենց այստեղ է, որ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի ասած խոսքերը կասկածի տեղիք են տվել իրավապահներին. նա որտեղի՞ց գիտի, որ համարանիշներով հնարավոր չէ որեւէ բան գտնել: «Ժողովուրդ»-ը զրուցեց Մանուկյանի հետ՝ հասկանալու, թե ինչու է նման բան ասել, եւ արդյո՞ք իրեն հրավիրել են հարցաքննության Արտակի ծեծի գործով: Մանուկյանը նախ ծիծաղեց, ապա ասաց, թե. «Բացառված է նման բան, հիմարություն է բառի բուն իմաստով: Մնացած հարցերը՝ գրավոր»:

Հիշեցնենք, որ Արտակին առեւանգողները եղել են սեւ համազգեստով, ըստ նրա՝ միմյանց հետ ոչինչ չեն խոսել, միայն ժեստերով են ինչ-որ բաներ հասկացրել եւ լուռ ծեծի են ենթակել: Տեղեկություններ կան նաեւ, որ նրանք եղել են զինված ինքնաձիգով, մինչդեռ այլ լուրերի համաձայն՝ հանցախմբի մոտ եղել է որսորդական «Սայգա» տեսակի հրացան, որը շատ նման է ինքնաձիգի (ավտոմատ):

Իսկ ինչ վերաբերում է սեւ «Տոյոտա Կորոլա» ավտոմեքենային, ապա թերեւս քչերին է անհայտ, որ այդ մակնիշի ավտոմեքենա Հայաստանում վարում են հիմնականում պետական պաշտոնյաները, իսկ ուժային համակարգում՝ վարչության պետերը: Եւ հիմա դժվար է ասել՝ իսկապես ուժային կառույցի ներկայացուցիչնե՞րն են կազմակերպել ծեծը, թե՞ այլ ուժեր ու գործիչներ՝ փորձելով այն բարդել ուժայինների վրա: Ամեն դեպքում, դեպքից անցել է արդեն 5 օր, բայց դեռ որեւէ տեղաշարժ չկա:

Հ. Գ. «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի անդամ Արկադիկի (ենթադրվում է, որ ազգանունը՝ Խաչատրյան) հորեղբոր որդին է:

Թամարա Միքայելյան




Լրահոս