ԾԱՆՐԱՄԱՐՏԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնում ընթացող օլիմպիական խաղերում նախօրեին զրո միավոր ստացած  ծանրորդ Առաքել Միրզոյանի պարտության պատճառներին անդրադառնալով` օլիմպիական խաղերի բազմակի  չեմպիոն, ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը նշել  է, որ օլիմպիական խաղերի չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդու` Առաքելի պարտության հիմնական պատճառները երիտասարդ մարզիկի` թիմից առանձին, իրենց գյուղի ավտոտնակում մարզվելն էր եւ քաշի նշանակալի նվազեցումը: Առաքելի 77 կիլոգրամ քաշը մի քանի օրում հասցվել էր 67-ի, որպեսզի նա հանդես գար առավել թեթեւ քաշային կատեգորիայում: Երեկ մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում Յուրի Վարդանյանը նշել է այս երկու հիմնական գործոնները` միաժամանակ շեշտադրելով, որ ոլորտը հանձնված է ոչ պրոֆեսիոնալներին: «Այդ իրավունքը եւ թույլտվություն չպիտի տրվեր, այն էլ` ոչ պրոֆեսիոնալ  մարդու կողմից»,-նշել է լեգենդար ծանրորդը` հստակեցնելով, որ ինքը նկատի ունի հենց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին. «Այո՛, նրան, բա ինքը պրոֆեսիոնա՞լ է, ինքը գիտի՞ ծանրամարտի սպորտի մասին: Իհարկե չգիտի: Այսինքն՝ ինքը Օգսենին վստահել է այն բանի համար, որ նա ճանապարհ անցած մարդ է, օլիմպիական չեմպիոն է, եթե ասում է` թույլ տվեք տղայիս մարզեմ, ուրեմն մի բան գիտի: Հասկանում եք, սա անձնական խնդիր չէ, սա ազգի պատիվն է»: Վարդանյանի խոսքերից ստացվում է, որ այսօր հայկական սպորտի գլխին կանգնած են մարդիկ, որոնք որոշումները կայացնում են` ելնելով զուտ  միջանձնային հարաբերություններից, մեկ-երկու հոգով նստում, որոշում են` որ մարզիկի քաշային կատեգորիան փոխեն, ում որտեղ մարզեն եւ այլն: Գրեթե այնպես, ինչպես ԲՀԿ ղեկավար եւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իրականացնում է իր քաղաքական գործունեությունը: Սակայն քանի որ սպորտն ավելի միանշանակ եւ ոչ կոմպրոմիսային ոլորտ է, այստեղ ձախողումներն առավել ակնառու են դառնում: Կասկածից դուրս է, որ օլիմպիական ռեկորդակիր չեմպիոնի այս  գնահատականները առաջիկա օրերին  կշահարկվեն ՀԱՕԿ  եւ ԲՀԿ նախագահի ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցների, սպորտային ու նաեւ քաղաքական շրջանակների կողմից: Բնականաբար, կասեն, որ Վարդանյանն այդպես ասաց, քանի որ ինքն էր հավակնում սպորտի նախարարի պաշտոնին, որ անձնային խնդիրներ ունի Օգսեն Միրզոյանի եւ Գագիկ Ծառուկյանի հետ եւ այլն: Գուցե եւ դրանում ճշմարտության զգալի չափաբաժին կա: Խնդիրն այն է, սակայն, որ  այդ բոլոր մեղադրանքներն ու մեկնաբանությունները չէին լինի, եթե չլիներ  մեր մարզիկի (ինչու չէ՝ մարզիկների)` նման ջախջախիչ պարտությունը:
Եւ ի դեպ, հետաքրքիր էր, որ Վարդանյանի հարցազրույցին ժամեր անց «Ֆեյսբուքում» արձագանքած Առաքել Միրզոյանն անդրադարձել էր ոչ թե իրենից տարիքով եւ առավել եւս` վաստակով ավագ Յուրի Վարդանյանի պրոֆեսիոնալ գնահատականներին ու իր պարտության  պատճառներին, այլ շտապել էր գովերգել Ծառուկյանին ու նրա կայացրած որոշումները, որոնց արդյունքում, սակայն, առայժմ մեր  հավաքականը որեւէ  հաջողություն չի գրանցել Լոնդոնում:




Լրահոս