«Նախագահն ասում է` մաքրենք դաշտը տգետներից, հանցագործներից. թող սկսի իր շրջապատից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Նորաշեն-2007» կոոպերատիվի հերթական ձախողված դատական նիստը: Ինչպես բազմիցս բնակիչներն ահազանգել են, այսօր ևս հայտնեցին, որ նախագահողը չի տիրապետում քրեական գործին:

Այսօր նա մի շարք անհիմն միջնորդությունների թվում նաև մերժեց տուժած բնակիչներից մեկի միջնորդությունը, որով խնդրում էր կալանքից հանել իր կողմից գնած բնակարանը, քանի որ հաշտության էր եկել մյուս կողմի հետ: Ըստ երևույթին` մերժման պատճառ հանդիսացավ այն, որ տուժողները դատավոր Մարինե Մելքոնյանին պարզաբանման կարգով հայտնեցին, որ նախկինում այս գործը քննող դատավոր Վազգեն Ռշտունին բազմաթիվ այսպիսի միջնորդություններ է բավարարել: «Դատավորը Ռշտունու անունը լսելիս ընկավ հիստերիայի մեջ (բնակիչների ասելով նրանք վաղուց հասկացել են այս նախանձի հանգամանքը) և առանց հասկանալու մերժեց այն»,- ասացին տուժած բնակիները:

Իրենց խոսքում բնակիչները հատուկ շնորհակալություն էին հայտնում դատավոր Վազգեն Ռշտունուն. «Նրա շնորհիվ մեր տուժած բնակիչներից մոտ 60-ը հետ ստացան իրենց բնակարանները, և աղերսով ենք հիշում նրա վարած նիստերը: Իսկ ներկայիս դատավորին կարծես դիտավորյալ են նշանակել, որ մաքրի որոշ հայտնի վաշխառուների ու խարդախների կեղտոտ գործերը: Հետո էլ նախագահն ասում է` մաքրենք դաշտը տգետներից, հանցագործներից: Է՛, թող սկսի իր շրջապատից: Ինչքան զզվելի է երբ խարդախն ու վաշխառուն կին է, այն էլ պաշտոնյա կին ու բազմազավակ մայր: Ա՛յ սրանցից պետք է ազատվել:

Խնդրեմ` Հերմինե Նաղդալյան, հայտնի վաշխառու, իր անուսինը` կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյան, նրանց ընկերը՝ Ռազմիկ Ավագյան` հարկայինի իրավաբանական վարչության պետ: Սրանց մոտ են մեր բնակարանները, որոնք վերադարձնելու համար, արդեն 5 տարի է, պայքարում ենք, հիմա էլ պիտի պայքարենք նաև դատավոր Մարինե Մելքոնյանի ու նրա քմահաճույքով կայացրած որոշումների դեմ: Սա էլ նոր չարիք էր, բերին կպցրին մեզ, ո՛չ իրավաբանությունից է հասկանում, ո՛չ այս քրեական գործից: Հալալ չէ՞ր Վազգեն Ռշտունուն»,- վրդովված ասացին բնակիչները:

Հիշեցնենք, որ գործով որպես մեղադրյալ ներգրավված Արմեն Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ, իր գործընկերոջ` Լուսաբեկ Սամվելյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ նույն կոոպերատիվի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով 2007-2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով՝ նրանց հետ կնքել է բնակարանների նախնական և նախավճարի պայմանագրեր:

Ապա նրանք միասին գանձել և հափշտակել են 1 մլրդ 843 մլն 379 հազար 449 դրամ առանձնապես խոշոր չափի գումար, բնակարանները հետագայում իրացրել այլ անձանց, իսկ Ցոլակ Պետրոսյանը կամակերպել ու ղեկավարել է Ա. Թադևոսյանի և Լ. Սամվելյանի կողմից խարդախությամբ մի շարք անձանց առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակությունը:

Իսկ հետագայում ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու նրա ամուսինը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ազգականը` Ռազմիկ Ավագյանն ու այլ բարձրաստիճան վաշխառուներ` նկատելով, որ քրեական դատավարությունում օրեցօր նոր բացահայտումներ են կատարվում` ուղղված իրենց և մյուս վաշխառուների դեմ, միաժամանակ գիտակցելով, որ գործը կարող է դուրս գալ իրենց վերահսկողությունից` գործը քննող դատավոր Արթուր Սմբատյանից պահանջում են սնանկ ճանաչել «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվը:




Լրահոս