ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրությունն ահազանգ է ստացել Տավուշի մարզի Սեւքար գյուղի բնակիչ Սամվել Ճաղարյանից: Նա ունի հողատարածք, որը սեփականաշնորհման վկայականով եւ բոլոր մյուս անհրաժեշտ փաստաթղթերով ամրագրված է իր անունով: Բայց գյուղի բնակիչներից մեկը` Էդգար Հովհաննիսյանը, արդեն 4 տարի է՝ այդ հողատարածքը ինքն իր որոշմամբ մշակում եւ ամեն տարի շուրջ 2.500 դոլարի եկամուտ է ստանում:
Առաջին անգամ երբ Հովհաննիսյանը ցանկացել է մշակել Ճաղարյանի հողատարածքը, վերջինս թույլ է տվել  ու «կրակն ընկել»: Եւ այդպես 4 տարի: Ճաղարյանի բոլոր բողոքները 4 տարի շարունակ անարձագանք են մնացել: Ավելին, կարծես նրան նյարդայնացնելու եւ հավասարակշռությունից հանելու համար գյուղապետը, Հովհաննիսյանն ամեն անգամ խոստացել են, որ հաջորդ տարի այլեւս չի մշակվի այդ հողատարածքը եւ կտնօրինվի իրական տիրոջ կողմից: Բայց տարին սկսվելուն պես Հովհաննիսյանը Ճաղարյանին պատճառաբանել է. «Արդեն սկսել եմ մշակել, թող մնա հաջորդ տարի»: Ճաղարյանի խոսքերով՝ գյուղապետ Վլադիմիր Մարգարյանը կա՛մ խիստ անտարբերություն է դրսեւորել, կա՛մ պաշտպանել է Հովհաննիսյանին:
Երբ հողատարածքի իրական տերը` Ճաղարյանը, սկսել է սպառնալ Էդգար Հովհաննիսյանին, վերջինս ասել է, թե ինքն ինչ-որ դատախազ բարեկամ ունի ու այդ մասով անհոգ է: Հիմա այդ հողատարածքն օդից կախված վիճակում է. փաստաթղթերով պատկանում է մի մարդու, տնօրինում է մեկ այլ մարդ: «Դա ե՛ւ մարդու իրավունքի, ե՛ւ իմ ազատության ոտնահարում է: բացի այդ, իմ սեփականության ապօրինի տնօրինում»,-«Ժողովուրդ»-ին դժգոհեց քաղաքացին: Նա կարծում է, որ այս երկրում ոչնչի հնարավոր չէ հասնել օրենքով:
Զրուցեցինք նաեւ Սեւքարի գյուղապետ Վլադիմիր Մարգարյանի հետ: «Ես Հովհաննիսյանին ասել եմ, որ դա պատկանում է Ճաղարյանին, ու դու իրավունք չունես այդտեղ վարուցանք անել: Իսկ Հովհաննիսյանն էլ ինձ խոստացել է, որ ինքը Ճաղարյանից այդ տարածքը գնելու է: Հովհաննիսյանը իրագլուխ գնացել ու այդ հողի վրա գարի է ցանել: Սրանից մի 3 օր առաջ նորից այդ հարցով զրուցեցի Հովհաննիսյանի հետ: Նա էլ ասաց, որ 5 հազար դոլարով գնելու է այդ տարածքը, ուղղակի հիմա այդքան գումար չունի, մտադիր է մի մասը հիմա տալ, մյուս մասը` հետո: Ես հիմա սարում եմ ու իջնելուց հետո այդ թեմայով նորից կխոսեմ իրենց հետ»,-պարզաբանեց գյուղապետը:
Այսպիսով՝ քաղաքացին, ունենալով սեփականության վկայական, չի կարողանում տնօրինել ունեցվածքը: Ինչ-որ մեկը հայտ է ներկայացրել՝ գնելու հողատարածքը, բայց գումար չունի: Նման խայտառակություն թերեւս միայն Հայաստանում կարող է արձանագրվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս