Վերին կարմիրաղբյուրցիների դժգոհության ալիքը չի հանդարտվում. հրդեհի գործը հասավ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանին օր է, ինչ լարված իրավիճակ է ՀՀ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրում: Բանն այն է, որ նշված գյուղի բնակիչները դեռեւս նախորդ տարի խաղողի եւ պտղատու այգիների հրկիզվելուց հետո վնասի փոխհատուցում չեն ստացել: Նշենք, որ դրամական օգնություն ստացել է միայն տուժածների մի մասը:

Տեղեկացնենք, որ հրդեհը տեղի էր ունեցել նախորդ տարի, օգոստոսի 7-ին, ինչի արդյունքում վնասվել էին մոտ 7 հազար հա խաղողի տնկիներ, դեղձենու, կեռասենու այգիներ, խոտածածկ տարածքներ, մեղվի փեթակներ: Վերին Կարմիրաղբյուրի բնակիչների պատմելով՝ հրդեհի միակ մեղավորը «Եղվարդշին» ԲԲԸ-ն է, որն այդ ընթացքում իրականացրել է խողովակների ապամոնտաժման աշխատանքները:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում բողոքող քաղաքացիներից մեկը՝ Վազգեն Մանուչարյանը, տեղեկացրեց, որ իր ընտանիքը նախորդ տարի՝ օգոստոսի 7-ին, տեղի ունեցած հրդեհից խոշոր չափի վնասներ է կրել, ինչի դիմաց մինչ օրս փոխհատուցում դեռ չի ստացել: Այս առիթով գյուղի մի խումբ բնակիչներ արդեն մի քանի օր է, ինչ ոչ միայն բողոքի ակցիա են անցկացնում, այլեւ դեպի Նորաշեն տանող ճանապարհն են փակում: Վազգեն Մանուչարյանի խոսքով՝ եթե ընկերությունը չփոխահուցի պատճառած վնասը, ապա նրանք կդիմեն այլ քայլերի:

Պարզվում է՝ «Եղվարդշին» ընկերությունը օգոստոսի 7-ին՝ հրդեհի օրը, փողոցը քանդելու եւ խողովակները ապամոնտաժելու թույլտվություն չի ունեցել: Հրդեհից 15 օր անց միայն ստացել է: Նշենք, որ հրդեհից ավելի մեծ վնաս կրել են Վազգեն Մանուչարյանը, Կամո Մուսինյանը, Վազգեն Բաբայանը եւ Ավագ Ավագյանը: Խնդրի առնչությամբ դժգոհող բնակիչները նամակով դիմել են տարբեր պետական մարմիններ, այդ թվում նաեւ՝ ՀՀ նախագահի նստավայր: Սակայն որեւէ պատասխան չկա:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Եղվարդշին» ընկերության տնօրեն Սամվել Վարդանյանի հետ, ով արդարացավ՝ նշելով, որ հրդեհի հետ ընկերությունը ոչ մի կապ չունի: «Փողոցի քանդման թույլտվություն մենք ունեցել ենք: Իսկ ընկերությունը 22 բնակչի փոխհատուցում է տվել: Այնտեղ միշտ կրակում են, նույնիսկ մեր աշխատանքների ժամանակ էլ են կրակել: Գուցե դա՞ է հրդեհի պատճառը»,- արդարացավ տնօրենը:

Այս խնդրի շուրջ զրուցեցինք նաեւ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանի հետ: Սակայն նա մասամբ էր տեղյակ խնդրին: «Այդ գործը դատական գործընթացում է, դուք պատկան մարմիններից տեղեկացեք մանրամասների մասին»,- անտարբեր տոնով պատասխանեց Սուքոյանը: Ավելի ուշ բնակիչները տեղեկացրին, որ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը իրենց նախորդ տարվա նոյեմբերին 7 օր ժամկետ է պահանջել եւ խոստացել հարցին լուծում տալ: Սակայն ամիսներ են անցել, բայց մարզպետի պաշտոնը զբաղեցնող անձը ո՛չ հանդիպել է բնակիչներին, ո՛չ էլ խնդիրը լուծել: Այս դեպքում զարմանալի է, թե ինչու է նա մարզպետ նշանակվել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս