ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ամեն ամիս պարտաճանաչ կերպով վճարել եմ թե՛ իմ բնակարանում սպառած գազի եւ թե՛ սպասարկման ծառայության դիմաց: Մեկ ամսվա թերացումը (սպասարկման վարձը չէի մուծել, ուշացրել էի) պատմություն դարձավ, եւ հինգ հարյուր դրամի համար գազի տեսուչը սպառնում է բնակարանս գազազրկել՝ ասելով, որ դրա իրավունքն ունի: Հիմա ուզում եմ իմանալ՝ գազի տեսուչը նման իրավունք ունի, թե ոչ: Ավելացնեմ, որ շատ դժգոհ եմ գազի սպասարկումից:

Ռուզաննա Եղիազարյան, 46 տարեկան, տնային տնտեսուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Ասեմ, որ ներտնային տեխնիկական սպասարկումը եւ վճարումը իրականացվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված նորմատիվներով, այսինքն՝ ԳՄՕ-ի կանոններով, եւ այնտեղ կարծեմ կետ կա, որ ներտնային սպասարկման վարձը չվճարելու դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել գազամատակարարումը: Այս պարագայում մեկ ամսվանը մի քիչ ծայրահեղացված է, ես չեմ ընդունում, բայց եթե մենք կարգով եւ նորմատիվներով ենք առաջնորդվում, ապա այո՛, տեսուչն իրավունք ունի: Սակայն այս դեպքում մենք, բնականաբար, պետք է ներողամտաբար մոտենանք. բոլորս էլ մարդ ենք, կարելի է հասկանալ:

«Հայռուսգազարդ»-ի մամլո խոսնակ
Շուշան Սարդարյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ռուսական «Գազպրոմ»-ի հերթական թանկացման սպառնալիքների ֆոնին բաժանորդներին «ներողամտաբար» վերաբերվող «Հայռուսգազարդ»-ը ի վերջո շրջանառությունից պետք է հանի սպասարկման վարձ կոչվող անհեթեթությունը: Հինգ հարյուր դրամի կարգի գումարը, որն առայսօր անհասկանալի է, թե ինչու է գանձվում մարդկանցից, այդպես էլ չընդունվեց սպառողների կողմից: Թեման արծարծելու հերթական առիթը ստիպում է դարձյալ «Հայռուսգազարդ»-ին հորդորել չեղյալ համարել սպասարկում կոչվածի դիմաց բաժանորդներից գումար գանձելու մասին որոշումը:




Լրահոս