ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՂԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ հուլիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 250 անգամ: ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնից հայտնում են, որ այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց:
ՀԱՐՑ. Ինչո՞ւ Ադրբեջանը չի խաղաղվում: Ի՞նչ պիտի անի Հայաստանը, որպեսզի սահմանին արձակված կրակոցների տարափը դադարի:
ՊԱՏԱՍԽԱՆ. Շատ տարօրինակ հարց եք տալիս: Իսկ ինչո՞ւ պետք է Ադրբեջանը խաղաղվի: Ադրբեջանն ունի խնդիր, որն իր համար հռչակել է որպես առաջին գերակայություն: Այսպես ասած՝ իր կողմից խնդիր ունի՝ տարածքները վերադարձնի եւ ստատուս քվոն վերականգնի: Առաջին հերթին մենք պետք է կարողանանք այդ ուժային հարաբերությունների հետ կապված խնդիրները տեղափոխել քննարկումների դաշտ: Ամենակարեւոր հարցը ոչ թե ստուգելն է, թե ում բանակն է ավելի ուժեղ ու մարտունակ, այլ լավ է հարեւանների հետ բանակցությունների լեզվով խոսել: Մենք պետք է բանալին գտնենք, որը կբավարարի ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Ղարաբաղին, քանի որ հրադադարը խաղաղության պայմանագիր չէ:
ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Մենք պետք է դրսեւորենք դիվանագիտական ճկունություն: Հայաստանի եւ Արցախի սահմանները վերջնականապես պաշտպանելու գործում միակ փրկությունը տեսնում եմ  Եվրասիական գոտի մտնելու մեջ: Արցախի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի դիտորդը մի բան հայտարարեց, որ բավական է Հայաստանը միակողմանի դադարեցնի բանակցային գործընթացը: Հայաստանը դադարեցնում է բանակցային գործընթացը եւ իր տեղը զիջում է Արցախին՝ նրան թողնելով որպես գլխավոր բանակցող կողմ: Այս դեպքում Արցախը՝ որպես ինքնուրույն սուբյեկտ, դիմում է Ռուսաստանին, եւ իրենք մտնում են նրա կազմի մեջ առավել բարձր կարգավիճակով, եւ դա կլինի մեր անկախության առաջին աստիճանը: Սա է միակ ելքը:
ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ
Մարքսիստական կուսակցության նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչու չի հանդարտվում՝ պարզ է, քանի որ ինքը միջազգային իր ճկունությամբ հասել է նրան, որ իրեն ընկալում են ճշմարիտը կոնֆլիկտում եւ տարածքային ամբողջականության սկզբունքի տեր: Հայկական կողմը միջազգային ասպարեզում լուրջ քայլեր չի արել: Երբ արտաքին գործերի նախարարությանը հարցնում ես, իրենք ասում են, թե ամեն ինչ արել են եւ անում են ու կարծում են, որ դրանից ավել պետք չէ, ու բավարարված են զգում իրենց: Իսկ Ադրբեջանը, հակառակը, ամեն ինչ անում է, որ ասի, թե ինքն ունի օկուպացված տարածքներ: Ստեղծված իրավիճակի համար մենք ենք մեղավոր, մեր  դիվանագիտության մեղքն է:
ԱՐԱՄ Գ. ՍԱՐԳՍՅԱՆ
Հայաստանի դեմոկրատական 
կուսակցության նախագահ 
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս