ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական էլիտայի երկու թեւերի` գործող իշխանության եւ նրա թիկունքը պահող ոչ իշխանական ուժերի հարաբերությունները վերջին երկու օրերին կտրուկ սրվեցին, եւ ոչ ոք չի կարող ասել, թե այս պատմությունը ինչպես կավարտվի: Առիթը ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առեւանգելու եւ դաժան ծեծի ենթարկելու փաստն է: Ակտիվիստների ծեծի երեւույթը վաղուց դարձել է Հայաստանի քաղաքական դաշտի անբաժանելի մասը: Սակայն առաջին անգամ դրա զոհը դարձավ իշխանական էլիտայի մաս կազմող քաղաքական ուժի` ԲՀԿ-ի ներկայացուցիչը: Արտակ Խաչատրյանի ծեծի առնչությամբ ԲՀԿ-ի տարածած հայտարարության առաջին գնահատականի մասը նախորդ ծեծերի առնչությամբ ընդդիմադիր կուսակցությունների տարածած համանման հայտարարություններից չի տարբերվում. տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը դրվում է գործող իշխանությունների վրա, ինչպես եւ պետք է լիներ: Սակայն ԲՀԿ-ի հետագա անելիքների մասով անհասկանալի է մնում ԱԺ ԲՀԿ խմբակցության` խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու որոշումը: Եթե նպատակն արդարության հասնելն է, ապա խորհրդարանը ամենալուրջ ամբիոնն է, որը օգտագործելով՝ ԲՀԿ-ն պետք է իշխանություններին ստիպի բացահայտել տեղի ունեցածը՝ կանխելով նմանօրինակ դեպքերը:

 

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում «Արմսվիսբանկ»-ն ու «Արցախբանկ»-ը կհայտարարեն իրենց միավորման մասին: «Արցախբանկ»-ից «Ժողովուրդ»-ին պատասխանեցին, որ իրենք շարունակում են իրենց բնականոն հունով աշխատել, եւ բանկի ներսում նման թեմայի շուրջ քննարկումներ տեղի չեն ունենում: Բայց մենք տեղեկացանք, որ «Արցախբանկ»-ի 43.1 տոկոս բաժնեմասը եւ «Արմսվիսբանկ»-ի 80 տոկոս բաժնեմասը պատկանում են նույն մարդուն՝ Վարդան Սիրմաքեսին: Ինչպես հայտնի է՝ բանկերի միաձուլման համար առանցքային որոշումը պետք է կայացնեն բաժնետերերը: Իսկ երկու բանկում միեւնույն բաժնետիրոջ առկայությունը նման որոշման կայացումն առավել քան հեշտացնում է: Ի դեպ, նույն գործարարը նաեւ ժամացույցների «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ընկերության հիմնադիրն է եւ սեփականատերը: «Արմսվիսբանկ»-ի մարկետինգի բաժնի ներկայացուցիչների հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել:

 

 

 

 

 

Երեկ երեկոյան զավեշտալի դեպք է արձանագրվել ռուսական ավիաընկերության՝ «Աէրոֆլոտի» կողմից իրականացվող Մոսկվա-Երեւան թիվ SU 1866 չվերթի ժամանակ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, երբ արդեն ուղեւորները տեղավորվել են, ու ինքնաթիռը պատրաստվել է թռիչքի, հնչել է ուղեւորներին ողջունելու մասին հայտնի տեքսը, բնականաբար, սկզբում՝ ռուսերեն, որից հետո՝ ադրբեջաներեն: Ուղեւորների շրջանում մի իսկական խուճապ է առաջացել: Մարդիկ կարծել են, թե ինչ-որ դավադրություն է, եւ իրենց ինքնաթիռը թռչում է Բաքու: Ինքնաթիռի անձնակազմը ստիպված է եղել ջանք ու եռանդ թափել՝ մարդկանց հանգստացնելու համար՝ ներկայացնելով, որ տեղի ունեցածը տեխնիկական սխալ է եղել: Ավելին՝ պարզվել է՝ ինքնաթիռի անձնակազմի հրամանատարն էլ հայ է եղել` Էդուարդ Հովհաննիսյան: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ո՛չ հայ հրամանատարը, ո՛չ էլ ադրբեջաներեն ողջույնի խոսքեր ասած բորդ ուղեկցորդուհին՝ Սվետլանան, հայ ուղեւորներին սարսափահար անելու համար այդպես էլ ներողություն չեն խնդրել:

 

 

 

 

 

ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի ավագ որդին` Դավիթ Բալայանը, հերթական պաշտոնի բարձրացումն է ստացել. նա նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ փոխարինելով ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հորը: Մինչ այս Դավիթ Բալայանը զբաղեցնում էր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ 2008-ի Մարտի 1-ի դեպքերից հետո Կիմ Բալայանի ընտանիքի անդամների պաշտոնական առաջխաղացումը դեռ չի դադարում: Հիշեցնենք, որ «վիկիլիքսյան» փաստաթղթերից մեկում ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանը ԱՄՆ դիվանագետներին պատմել էր, որ 2008-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ բողոքը ՍԴ-ում քննելիս այդ դատարանի անդամներից Կիմ Բալայանին ՀՀ իշխանությունները խոստացել էին «իրեն ճիշտ պահելու» դեպքում նրա որդուն նշանակել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ: Հետագայում հենց այդպես էլ եղավ. Բալայանի որդին` Տիգրան Բալայանը, նշանակվեց ԱԳՆ մամուլի խոսնակ:

 

 

 

 
ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ

Մինչ Հայաստանում նոր թափ է հավաքում ներիշխանական գզվռտոցը, որի շրջանակներում հանրության ուշադրությունը սեւեռվում է այս կամ այն ակտիվիստի կամ ակտիվիստների խմբի ծեծի վրա, աշխարհում տեղի են ունենում լրջագույն զարգացումներ, որոնք Հայաստանի համար չափազանց մտահոգիչ հեռանկարներ են ուրվագծում:
Մասնավորապես` անցած շաբաթ, բացի ԲՀԿ-ական մի ակտիվիստի ծեծից, տեղի ունեցավ նաեւ այնպիսի «ոչ նշանակալից» իրադարձություն, ինչպիսին Ուկրաինայի հարցով Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպումն էր, որի արդյունքում, սակայն, հնչեցին Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին հայտարարություններ: Ու թեեւ եւս մեկ հանդիպում` արդեն Ուկրաինայի նախագահի մասնակցությամբ, նախատեսված է անցկացնել չորեքշաբթի, կարելի է չկասկածել, որ լավագույն դեպքում այն շատ կարճ ժամանակահատվածով իրավիճակի սառեցմանն է հանգեցնելու: Աշխարհը գնում է լրջագույն առճակատման մեր ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի հետ, եւ բոլոր հարակից գործընթացներում այդ հանգամանքը որոշիչ նշանակություն է ունենալու:
Տվյալ դեպքում խոսքը ղարաբաղյան հակամարտության մասին է, որը, ինչպես օրերս հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը, ներկայումս վերաճել է «սահմանային դանդաղ պատերազմի»: Եվ այն, որ հունվարից ի վեր, չնայած միջնորդների արդեն անթաքույց զգուշացումներին, Ադրբեջանը ոչ միայն չի նվազեցնում սահմանային լարվածությունը, այլեւ է՛լ ավելի է խստացնում պատերազմական հռետորաբանությունը, ցույց է տալիս, որ Բաքվում չեն պատրաստվում «ձեռքից բաց թողնել» աշխարհաքաղաքական ներկայիս խառնաշփոթը: Նախօրեին Մյունխենի անվտանգության գագաթանաժողովում Ի. Ալիեւի արած աննախադեպ հայտարարությունները, համենայն դեպս, խաղաղ կարգավորման պատրաստակամության անգամ ֆորմալ տարրեր չէին պարունակում:
Տարիներ շարունակ, երբ Ալիեւ կրտսերը հանդես էր գալիս նմանատիպ հոխորտանքներով, ՀՀ պաշտոնական քարոզչամեքենան հավաստիացնում էր, թե դրանք Ադրբեջանի «ներքին լսարանի համար արված հայտարարություններ են, եւ թե Ալիեւնը բանակցային սեղանի շուրջ իրեն գառան նման հեզ է պահում»: Մինչդեռ հիմա մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի նախագահը պատերազմի սուր է ճոճում արդեն արտաքին լսարանի առջեւ` չարժանանալով գերտերությունների զսպիչ հորդորներին անգամ:
Սակայն պատերազմի անմիջական, թերեւս, առավել քան երբեւէ՝ իրական վտանգը, կարծես թե չի մտահոգում աթոռակռվից բացի այլ բանի մասին մտածելու ոչ ունակ ՀՀ քաղաքական վերնախավին: Եվ էական չէ, թե ինչի արդյունքում է տարբեր քաղաքական առաջնորդների անմեղսունակությունը` քյաբաբի չարաշահումից, առաջացած տարիքից, կոկաինի գերդոզավորումից, թե պարզապես` ի ծնե:




Լրահոս