ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՄԱՂԱՐԻՉԻ» ԳՈՐԾՈՎ
ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Աղաս Ալոյանը: Ըստ որոշ լուրերի՝ Ալոյանի՝ աշխատանքից ազատվելու պատճառն այն տեղեկություններն են, որ  նա եւ ՃՈ նախկին աշխատակից, ոստիկանության մայոր Արթուր Ղալումյանը փորձել են «մաղարիչի» միջոցով բարձր պաշտոններ ստանալ ՃՈ համակարգում: Նրանք փորձել էին այդ գործը կատարել ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի մորաքրոջ որդու` «Սերվիսի Արթուր» մականվամբ անձի հետ: Վերջինիս ոստիկանությունը փնտրում է. կա տեղեկություն, որ նա Հայաստանից մեկնել է: Փաստի հետ կապված նյութերը ոստիկանությունից ուղարկվել են Հայաստանի հատուկ քննչական ծառայություն:

ՔԱՌԱՍՈՒՆՔԻ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ
Զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ 2012թ. օգոստոսի 7-ին` ժամը 19:00-ին,  «Հարսնաքար»-ի տարածքում տեղի է ունենալու մոմավառություն, որին հետեւելու է բողոքի երթ Ավան թաղամաս: «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հորդորում ենք Ձեր ներկայությամբ հարգել Վահե Ավետյանի հիշատակը եւ պահանջել պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին, ինչպես նաեւ միանալ քրեաօլիգարխիկ համակարգի բռնության հակամշակույթի հանդեպ հանրային համատարած մերժման, պարսավանքի եւ անհանդուրժողականության շարժմանը»:

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայերին շնորհավորել է օլիմպիական 2 մեդալ նվաճելու կապակցությամբ: «Հայաստան` բրոնզե մեդալ եւ արծաթե մեդալ: Շնորհավորում եմ»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է դեսպանը:

ՍԿՍՎԵԼ Է
Օգոստոսի 5-ից մեկնարկել է  Վանաձորի քաղաքապետի եւ ավագանու թեկնածուների առաջադրման գործընթացը:  Առաջինը քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Վանաձորի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը, ապա` անկուսակցական փաստաբան Կարեն Թումանյանը: Իսկ ավագանու պաշտոնի համար երեկվա դրությամբ առաջադրվել է  11 թեկնածու: Թեկնածուների առաջադրման գործընթացը կավարտվի օգոստոսի 10-ին: Էջմիածնում եւ Տաշիրում ինքնաառաջադրվել են անկուսակցականներ, գործող քաղաքապետեր Կարեն Գրիգորյանը եւ Նշան Սողոյանը, իսկ Կապանում` գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արթուր Աթայանը:
Գյումրիում առաջադրվել է ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը: Իսկ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը, որ օրեր առաջ հայտարարել էր, թե Ղուկասյանն անպայման առաջադրելու է իր թեկնածությունը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Դեռ ժամանակ կա: Ղուկասյանի որոշման մասին դուք կիրազեկվեք ճիշտ ժամանակին եւ ճիշտ պահին»:
Որպես ավագանու թեկնածուներ՝ առաջադրվել են ներկայում Գյումրու ավագանու անդամ Մխիթար Սահակյանը, ԲՀԿ անդամ Անահիտ Խաչատրյանը եւ անկուսակցական Կարեն  Տոնոյանը: Առաջադրումները կշարունակվեն մինչեւ օգոստոսի 10-ը:

ՎԹԱՐ
NEWS.am-ի տեղեկացմամբ` Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբայրը` Անդրանիկ Ավետիսյանը, կնոջ` Նաիրա Ավետիսյանի հետ օգոստոսի 5-ին հանգստանալու նպատակով Վրաստան մեկնելու ճանապարհին վրաերթի է ենթարկվել: Վթարի հետեւանքով պատգամավորի եղբոր կինը մահացել է, իսկ եղբայրը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:




Լրահոս