Աջափնյակից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանն Armlur.am-ին հայտնեց, որ ինքն այս պահին գտնվում է Աջափնյակի տարածքային կառույցում:
Նա հայտնեց, որ այդ պահին շտաբում եղել են կանայք և երեխաներ, որևէ վիճաբանություն չի եղել: Պատգամավորի խոսքով` այլ տեղից ահազանգ է եղել, թե իբր տարածքում վիճաբանություն է, ոստիկաններն էլ ահազանգի հետքերով եկել և տղաներին բերման են ենթարկել: Վ. Կարապետյանը դժվարացավ ասել` ստույգ քանի հոգու են տարել: «Ես կապ եմ հաստատել ոստիկանություն: Ինձ ասացին, որ կպարզեն, բացատրություն կվերցնեն, բաց կթողնեն: Շտաբում շատ-շատ մարդ է եղել, կոնկրետ չեմ կարող ասել` ինչքան»:
Մեր զրուցակցի խոսքով` ԲՀԿ-ական կանանց բերման չեն ենթարկել: Նա վստահ է, որ սա քաղաքական հետապնդման արդյունք է:
Նշենք, որ նշված շտաբին կից գտնվում է ՀՀԿ տարածքային կառույցը:
Հիշեցնենք, որ օրերս Վահան Կարապետյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ից դուրս չի գալու, չնայած` մամուլում հաճախ է խոսվում այդ մասին:
Հիշեցնենք նաև, որ քիչ առաջ ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկվել 19 ԲՀԿ-ականներ: