Մինչ այս պահը Հայաստանի իշխանական կուլիսներում դեռ շարունակվում են քննարկումներն ու բանակցությունները. ինչպե՞ս հաշտեցնել ՀՀԿ եւ ԲՀԿ առաջնորդներին եւ ամենակարևորը՝ ինչպես մեկնաբանել այդ հաշտությունը, որ երկու կողմերի (նաև թիմերի) համար էլ լավ լինի:
Այն, որ Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը դեմ առ դեմ հանդիպել են, դա անհերքելի իրողություն է, ինչի մասին Armlur.am-ն արդեն հայտնել է: Բայց քիչ առաջ լուրեր ստացանք առ այն, որ ՀՀԿ եւ ԲՀԿ առաջնորդներն ինչ-որ հարցերի շուրջ, այնուամենայնիվ, չեն կարողանում համաձայնության գալ:
Armlur.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ իշխող էլիտայի մի մասն այս պահին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատանն է. այնտեղ են նաեւ Սերժ Սարգսյանը, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, «Տաշիր» ընկերության սեփականատեր, մոսկվաբնակ Սամվել Կարապետյանը և դաշնակցական մի քանի պատգամավորներ: Նրանք փորձում են այնպիսի ելքեր գտնել, որ և՛ Ծառուկյանը, և՛ Սարգսյանը նահանջողի դերում չլինեն:
Մեզ լուրեր հասան, որ Գագիկ Ծառուկյանը ցանկանում է ամեն կերպ պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի փետրվարի 20-ին հրավիրված հանրահավաքը կայանա՝ թեկուզ այնպիսի մեղմ շեշտադրումներով, ինչպիսին էին քիչ առաջ թողարկված «Կենտրոն» հեռուստաընկերության լուրերը, սակայն Սարգսյանը չի համաձայնում՝ պնդելով, որ Ծառուկյանը ընդհանրապես չպետք է ներկա գտնվի հանրահավաքին. կարող է որևէ պատճառով մեկնել երկրից: Բացի այս, էլի կան հարցեր, որոնց շուրջ դեռ չի հաջողվում պայմանավորվածություն ձեռք բերել:
Թերևս սա է պատճառը, որ ՀՀ նախագահի նստավայրից դեռեւս չեն շտապում հաստատել Սարգսյան-Ծառուկյան հանդիպման լուրը: Հանրապետական կուսակցությունից էլ դեռ չեն շտապում տեղեկություններ հայտնել հանդիպման մասին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, թե կարող ենք դաշնակցականներին հարցնել, թե ինչ հանդիպում է եղել:
Հիշեցնենք, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը հաստատել են մեր հրապարակած լուրերը՝ Ծառուկյանի եւ Սարգսյանի հանդիպման վերաբերյալ՝ հավելելով, որ «սառույցը հալվում է»:
Ու քանի որ դեռ կողմերին չի հաջողվում վերջնական պայմանավորվածություն ձեռք բերել, թերեւս այդ պատճառով ՀՀ ոստիկանությունը դեռ շարունակում է ճնշումներ գործադրել ԲՀԿ-ականների նկատմամբ, մինչեւ ցանկալի արդյունքին հասնելը: