Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանը Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից հետո դեռևս չի հանդիպել ԲՀԿ առաջնորդին: Նա նշեց, որ տեղյակ չէ ԲՀԿ քաղխորհրդի տարածած հաղորդագրությանը:
Մեր այն հարցին, թե դրական եք համարում Գ. Ծառուկյանի` զիջումների գնալու քայլը, նա նշեց. «Իհարկե, դրական չեմ համարում: Ինչպես հասկացանք, պարոն Ծառուկյանն արյունահեղությունից է խուսափել»:
Վ. Կարապետյանն անդրադարձավ նաև Գ. Ծառուկյանի` այդպիսի քայլ անելու պատճառներին և կարծիք հայտնեց, թե Ծառուկյանը հաշվարկել է, որ այս պահին ճիշտ քայլը դա էր:
«Ճիշտն ասած իրադարձություններն այնպես ծավալվեցին, որ մասսայական ձերբակալություններ եղան, Պարոն Ծառուկյանը հաշվարկեց, որ այս պարագայում ճիշտ քայլը դա էր: Եթե ժողովրդին հաներ, արդեն պետք է գնայինք առճակատման, ինքը խուսափեց արյունահեղությունից», – եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ երեկ Հալաբյան փողոցում գտնվող Աջափնյակ համայնքի ԲՀԿ կառույցից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման էին ենթարկվել 19 անձ, ովքեր որոշ ժամանակ անց ազատ էին արձակվել: