Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել բուհի կառավարման խորհրդի նիստ, որի օրակարգում կառավարման խորհրդի նախագահի ընտրության հարցն էր: Բացելով նիստը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ քանի որ բուհի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ընտրվել է Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ, վերջինս խնդրել է դադարեցնել իր լիազորությունը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Վիգեն Սարգսյանին` կատարած աշխատանքի և բուհին աջակցելու համար: Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի համապատասխան որոշման համաձայն` լեզվահասարակագիտական համալսարանի կառավարման խորհրդի կազմում կատարվել են փոփոխություններ. այն համալրվել է նոր անդամներով: Նախարարը ողջունել է խորհրդի նորընտիր անդամներին` նրանց հորդորելով հետևողական լինել բուհի խնդիրների լուծման գործում: Այնուհետև կառավարման խորհրդի անդամներն անցել են օրակարգի բուն հարցին` բուհի խորհրդի նախագահի ընտրությանը, որի համար առաջարկվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի թեկնածությունը:
Վերջինս բուհի կառավարման խորհրդին ուղղված իր ուղերձում նշել է, որ լեզվահասարակագիտական համալսարանը հիրավի ձևավորված ավանդույթներով բուհ է, որտեղ աշխատում է հմուտ կոլեկտիվ, սովորում առաջադեմ ուսանողություն: «Աշխատանքի բերումով ծանոթ եմ բուհի բազմաթիվ խնդիրերին, որոնց մի մասն ունեն օբյեկտիվ պատճառներ: Վստահ եմ, որ համակարգի արդունավետ կառավարման պարագայում բուհն առաջընթաց և նոր հաջողություններ կարձանագրի: Ես իմ ուժերի և հնարավորությունների ներածին չափով կանեմ ամեն ինչ, որպեսզի միասին շարժվենք առաջ` հանուն մեր միասնական գործի»,-նշել է Հովհաննես Հովսեփյանը:
Այնուհետև տեղի է ունեցել կառավարման խորհրդի նախագահի ընտրությունը. քվեարկությամբ Հովհաննես Հովսեփյանը միաձայն ընտրվել է խորհրդի նախագահ: Վերջինս շնորհակալություն է հայտնել կառավարման խորհրդի անդամներին` կրկին վստահեցնելով, որ ուսանողների խնդիրները լինելու են իր ուշադրության կենտրոնում:
Նիստի ավարտին բուհի ռեկտոր Գայանե Գասպարյանը բուհի անձնակազմի կողմից շնորհավորել է նորընտիր ղեկավարին` հավաստելով, որ բուհն իր կողմից կանի հնարավորը` համագործակցությունը սերտ և բեղմնավոր դարձնելու համար:
Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են բուհի բյուջեի նախահաշվի հետ կապված այլ հարցեր:
Հիշեցնենք, որ Հովիկ Հովսեփյանը նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության պետն է: