ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՆՔՆԱՆԵՐԱՐԿՈՒՄ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Հանրապետություն փողոցում՝ շախմատի դպրոցի հարեւանությամբ գտնվող այգում, 47-ամյա Արայիկ Խաչատրյանը փորձել է 20 մգ տարողություն ունեցող ներարկիչով ներարկում կատարել իրեն: Սակայն այգում ոստիկաններ են եղել եւ նկատել նրան ու բերման ենթարկել: Ոստիկանության ՀԿԼՎ-ից տեղեկացանք, որ Ա. Խաչատրյանի մոտ հայտնաբերվել են 2 հատ 20 մգ դատարկ ներարկիչ, տարբեր տեսակի դեղահաբեր եւ դատարկ սրվակներ, որոնք ուղարկվել են փորձաքրեագիտական վարչություն: Իսկ Ա. Խաչատրյանին նարկոդիսպանսերի ուղեգիր է տրվել: Նախաքննությունը շարունակվում է:

ՄԱՀԱՑԱԾ ԷՐ
Օգոստոսի 6-ին Արագածոտնի մարզի Փարպի գյուղում հայտնաբերվել է 79-ամյա Նադեժդա Արտազյանի դին: Փարպի համայնքի ղեկավար Իշխան Առաքելյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ Ն. Արտազյանը մալական է եղել. «Նա 1950-ականներից եկել է գյուղ ու ամուսնացել հայ տղամարդու հետ, մնացել այստեղ: Նադեժդան ոչ ոքի հետ երբեւէ չի շփվել:  Ապրում էր իր աղջկա հետ, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Ինձ պատմեցին, որ աղջիկը կարծել է՝ մայրը քնած է, դրա համար չի արթնացրել, որպեսզի չխանգարի նրան: Այդպես անցել է մի քանի օր: 3-4 օր հետո, երբ աղջիկը ձեռքով կպել է մորը, տեսել է, որ չի շարժվում»:

ԱՐԴԱՐԱՆՈՒՄ ԵՆ
Մայր աթոռը երեկ պաշտոնապես արձագանքել է գաղտնազերծված փաստաթղթին. խոսքը կառավարության խնդրանքով Գարեգին Բ կաթողիկոսի անունից Մայր աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի՝ թեմերին ուղղված դիմումի մասին է, որով խնդրել են տեղեկություններ տրամադրել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների մասին: «…Աշխարհի տարբեր երկրներում հայի համար Հայոց Եկեղեցին է նկատվել այն վստահելի կառույցը եւ հաստատությունը, որի զորակցությանն է ապավինել օտար ափերում կամա թե ակամա հանգրվանած հայը: Հայրենիքի անկախացման շրջանում եւ հետագա տարիների սոցիալական-տնտեսական դժվարին պայմանների բերումով Սփյուռքի տարբեր գաղթօջախներում հաստատված ՀՀ քաղաքացիների զանազան խնդիրներ, այդ թվում՝ փաստաթղթային, նաեւ կարգավորվել ու կարգավորվում են Հայոց Եկեղեցու թեմերի միջոցով: Ռիսկային պայմաններում հայտնված փաստաթղթային խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիներին օգտակարություն բերելու եւ ՀՀ կառավարության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության ճշգրիտ սահմանման նպատակով ՀՀ կառավարության համապատասխան կառույցը դիմել է Մայր Աթոռին՝ նկատի ունենալով Հայ Առաքելական Եկեղեցու փորձառությունը նման հարցերում»,-ասված է պարզաբանման մեջ: Նրանք նաեւ ընդգծել են, որ խոսքը վերաբերում է անձը եւ ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթեր չունեցող ՀՀ քաղաքացիների խնդիրներին, այլ ոչ թե նրանց անձնական տվյալներին:




Լրահոս