Փետրվարի 16-ի ուշ երեկոյան լուրեր տարածվեցին, որ ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանին պատկանող հյուրանոցային համալիրում: Հաջորդ օրը պարզ դարձավ, որ Գևորգյանին պատկանող հյուրանոցից մարմնավաճառներ են բերման ենթարկել։
Նույն օրը` կրկին ուշ երեկոյան, Երևանից բերման էր ենթարկվել Նոր Նորքի ԲՀԿ գրասենյակի ղեկավար Արթուր Մամոյանը՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով: Մամոյանին բերման ենթարկելու առնչությամբ ոստիկանությունը պարզաբանել է, որ նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ, որն առգրավվել է: Դրանից ժամեր անց էլ նույն բախտին են արժանացել Արաբկիրի, Մարալիկի, Շենգավիթի ԲՀԿ գրասենյակների ղեկավարները: Ապա ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը հերքեց լուրերը Մարալիկի և Շենգավիթի գրասենյակների ղեկավարներին բերման ենթարկելու մասին, իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ Արաբկիրի գրասենյակի ղեկավար Արման Չատինյանին բերման ենթարկելուն, նա բերման է ենթարկվել կենցաղային վեճի պատճառով. Չատինյանը ոչ սթափ վիճակում է եղել, կոտրել է տան հեռուստացույցը, ծաղկամանները:
Այս ընթացքում Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտարարել էր, որ ոստիկանության մի շարք ներկայացուցիչներ ներխուժել են իր կուսակից պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տուն և փորձել խուզարկություն իրականացնել: Նա հաստատեց տեղեկությունն այն մասին, որ բերման են ենթարկել Արաբկիրի, Մարալիկի, Շենգավիթի ԲՀԿ գրասենյակների ղեկավարները:
Իսկ երեկ` փետրվարի 17-ին, Աջափնյակի ԲՀԿ կառույցից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 19 անձ: Ինչպես Armlur.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանութան լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ նշված հասցեում վիճաբանություն է տեղի ունենում: Մեկնած օպերատիվ խումբը բերման է ենթարկել 19 անձի:
Այս դրվագից չանցած մեկ ժամ` Էլինար Վարդանյանը կրկին հանդես է եկել հայտարարությամբ, թե բերման ենթարկվածները մնացել են ոստիկանությունում մոտ 3 ժամ, և կատարված գործողությունները եղել են օրենքի սահմաններում: ԲՀԿ-ական պատգամավորն այլ հարց է համարել, թե ինչու են բերման ենթարկվում կուսակիցները: Նրա խոսքով` բերման ենթարկելուց հետո երեկ ոստիկանները ղեկավարվել են միայն օրենքով և օրենքի շրջանակներում բացատրություններ վերցնելուց հետո ազատ են արձակել:
Իմանալու համար արդյոք վերջին երեք օրերին տեղի ունեցած «որսը» այսօր շարունակվել է, թե՝ ոչ, Armlur.am-ը դիմեց ոստիկանության լրատվական բաժնին: Այստեղ մեզ հիշեցրին, որ անկախ ամենից` ոստիկանությունը քաղաքական գործառույթներ չի իրականացնում, իսկ նախորդող օրերին տարբեր բաժիններ հրավիրված կամ բերման են ենթարկված անձանց մասին մինչ այդ էլ կառույցը տեղեկություններ ունեցել է` զենք կրելու, վիճաբանություններ սարքելու կամ մարմնավաճառների որջեր պահելու մասին: Այսօր որևէ ահազանգ ոստիկանություն չի ստացվել, և հետևաբար, բերման ենթարկվածներ չկան:
Հ.Գ. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր հետ կանգնեց կես ճանապարհից` հայտարարելով, որ «երկրում տիրող գործընթացները բարի տեղ չեն տանում: Այսպես շարունակել չի կարելի»: Գ. Ծառուկյանն, անդրադառնալով հավանական հեղափոխությանը, որի պատճառը պետք է լինեին նախագահ Սերժ Սարգսյանի` իր հասցեին հնչեցրած սուր քննադատությունները, հայտարարեց, որ բոլոր ճանապարհները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով: Թերևս, ԲՀԿ-ականներն «այլևս» բերման չեն ենթարկվի: