ԱՆՀԱՅՏԱՑԱԾ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ” օրաթերթին  տված հարցազրույցից հետո հետապնդումների շարք է սկսվել Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերից մեկի՝ Գետքի համայնքապետ Հովիկ Մխիթարյանի նկատմամբ:
Բանն այն է, որ Մխիթարյանը տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին մեղադրել էր իրենց գյուղի ջրագծի խողովակները գողանալու մեջ: “Խմելու ջրագիծն ու ոռոգման ցանցն էն վատ թվերին տարածքային կառավարման նախարարությունը Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ գողացավ տարավ: Մի քանի փաստաթուղթ սարքեցին, թե աշխատավարձ կտան, էդպես էլ չիմացանք, թե ինչպես թոզմիշ արեցին: 1422 մմ տրամաչափի 1930 գծամետր տրուբա տարան կերան, էսօր մի ամբողջ գյուղ դրա պատճառով իր հողերի 50 տոկոսը չի մշակում: Էս են մեր իշխանությունները”,-ասել էր գյուղապետը: Հիշեցնենք, որ ջրային տնտեսության պետական կոմիտեն գործում է տարածքային կառավարման նախարարության ենթակայության ներքո. նախարարություն, որը ժամանակին գլխավորում էր Հովիկ Աբրահամյանը:
Եւ ահա, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, այս հայտարարությունները մեծ իրարանցում են առաջացրել իշխանական վերնախավում: Իսկ Հովիկ Աբրահամյանն իր հերթին, ԱԱԾ-ից էլ իրենց հերթին սկսել են ահաբեկել գյուղապետին՝ սպառնալով հաշվեհարդար տեսնել, եթե շարունակի պնդել ասածը: “Ժողովուրդ”-ի աղբյուրների համաձայն՝ գյուղապետին նույնիսկ կանչել են Երեւան: Այստեղ եւս սպառնացել են, որ իր խոսքերի համար պատասխան է տալու: Նաեւ ասել են, որ իրավապահները կարող են ընթացք տալ խողովակներ գողանալու վերաբերյալ հայտարարություններին՝ որպես հաղորդում հանցագործության մասին, արդյունքում՝ սուտ մատնության համար գյուղապետին պատասխանատվության կենթարկեն: Թերթի հրապարակման հաջորդ օրը Հովիկ Մխիթարյանն անձամբ այցելել էր խմբագրություն. նա շփոթված ու վախեցած վիճակում էր: Պահանջում էր հերքում տպագրել: Բնականաբար, մերժեցինք: Դրանից հետո պահանջեց իրեն տալ ձայնագրությունը: Այնուհետեւ Մխիթարյանի հետ կապ հաստատելու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան. նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:
ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
Որքան էլ իշխանական տարբեր օղակներից Հովիկ Մխիթարյանին ստիպեն հերքել իր հայտարարությունները, փաստ է մեկ բան. այսօր չկան Շիրակի մարզի Գետք գյուղի խմելու եւ ոռոգման ջրի խողովակները: Նշենք, որ խոսքը Հայաստանի հեռավոր, սահմանամերձ գյուղերից մեկի մասին է, որը, թվում էր, թե պետք է գտնվի պետական հոգածության ներքո: Մանավանդ, որ Սերժ եւ Տիգրան Սարգսյաններն առիթը բաց չեն թողնում դեմքով դեպի գյուղը շրջվելու անհրաժեշտության մասին խոսելու համար: Իսկ խողովակները չկան, որովհետեւ Հովիկ Աբրահամյանի՝ տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ դրանք համարվել են Գետքի համար ոչ պիտանի գույք եւ օտարվել (փող է պետք եղել):
Նախօրեին Հովիկ Աբրահամյանի միջամտությամբ փաստն անուղղակի կերպով հաստատեցին նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեից, որտեղից նամակ էին ուղարկել ,Ժողովուրդե-ի խմբագրություն՝ պարզաբանելով կատարվածը: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նամակի համաձայն՝ դեռեւս ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 1952-Ն որոշման 3-րդ կետով թույլատրվել է ջրային տնտեսության համակարգի կազմակերպություններին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել կամ օտարել ընկերությունների կողմից օգտագործման համար ոչ պիտանի գույքը: Իսկ այդ քայլին գնացել են, որովհետեւ ջրային տնտեսության համակարգի կազմակերպություններում գտնվող եւ օգտագործման համար ոչ պիտանի գույքի առավել արդյունավետ տնօրինելու եւ օգտագործելու նկատառումներով ջրային տնտեսության ոլորտում իրականացվում են գույքային տեղաշարժեր եւ օտարումներ: 
“Տվյալ համատեքստում որեւէ համայնքում գտնվող որեւէ գույքի հետագա ճակատագրի որոշումը պայմանավորված է այդ գույքերի առավել արդյունավետ օգտագործմամբ եւ տնտեսության մեջ առավել արդյունավետ ներդրմամբ: Նման պարագայում առնվազն անընդունելի են եւ կոռեկտ չեն ՀՀ Շիրակի մարզի Գետքի համայնքի ղեկավարի հայտարարությունները”,-գրել են նամակում ու հավելել, որ այդ գյուղի ոռոգումն իրականացվում է Ջաջուռ գետից, գյուղն ունի նաեւ խմելու ջրի շուրջօրյա ջրամատակարարում:
Ահա այսպես էլ ջրային տնտեսության պետական կոմիտեն հաստատել է, որ խողովակները անհետացել են, պարզապես փորձել է հարվածն իր վրա վերցնել, որպեսզի “փրկի” Հովիկ Արգամիչին: Իհարկե, զարմանալու ոչինչ չկա, հատկապես որ նա սովոր է իր արարքների բարդություններն ու հետեւանքները թողնել ավելի ցածր օղակների վրա:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս