Փոստային բաժնի 3 աշխատակիցներ կաշառք են վերցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ վարչությունում ավարտվել է ևևՀայփոստևև ՓԲ ընկերության Երեւան քաղաքի թիվ 0004 փոստային բաժանմունքի` թվով 3 աշխատակիցների կողմից առեւտրային կաշառք ստանալու և իրենց լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ “Հայփոստ” ՓԲ ընկերության Երևան քաղաքի թիվ 0004 փոստային բաժանմունքի օպերատորներ Ա. Մկրտչյանը, Կ. Միրիջանյանը եւ Ա. Իսրայելյանը 2010թ. սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում օժանդակել են նույն փոստային բաժանմունքի պետ, կարգադրիչ և կառավարչական լիազորություններ իրականացնող առևտրային կազմակերպության ծառայող Ս. Գրիգորյանին` լիազորությունները չարաշահելուն և առևտրային կաշառք ստանալուն: Մասնավորապես` Ա. Մկրտչյանը, Կ. Միրիջանյանը, Ա. Իսրայելյանը և Ս. Գրիգորյանը, օժտված լինելով ՀՀ տարածքում ապրանքներ և ծառայություններ ձեռք բերող անձանց տրամադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակները ներկայացնող անձանցից անձը հաստատող փաստաթղթով դրանք ընդունելու և դրանց համար հաշվարկված բոնուսային գումարներ տրամադրելու լիազորություններով, հիշյալ բաժանմունքի պետի գիտությամբ և հանձնարարությամբ ընդունել են քաղաքացի Ի. Գևորգյանի կողմից հանձնված հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների խմբաքանակներում կեղծ, իրականում կազմակերպությունների անվամբ չելքագրված և այդ կազմակերպությունների ֆիսկալային հաշվետվություններին չհամապատասխանող կտրոններ պարունակող խմբաքանակներ:
Հիշյալ աշխատակիցները նշված խմբաքանակներն ընդունել են տարբեր քաղաքացիների անձնագրերի պատճեներով, դրանք ձևակերպել առանց այդ քաղաքացիների ներկայության և վճարել բոնուսային գումարներ` այդ կերպ օժանդակելով բաժանմունքի պետ Ս. Գրիգորյանին` չարաշահելու իր լիազորությունները և դրանք օգտագործելու Ի. Գևորգյանի օգտին: 
Արդյունքում` Ա. Մկրտչյանի կողմից ելքագրվել է 8 203 600 դրամի, Կ. Միրիջանյանի կողմից` 9 306 200 դրամի, իսկ Ա. Իսրայելյանի կողմից` 8 572 900 դրամի բոնուսային գումար, որի հետևանքով պետությանը պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող գույքային վնաս:
Ի. Գևորգյանին այդ կերպ օժանադակելու դիմաց վերոհիշյալ փոստային բաժանմունքի օպերատորներ Ա. Մկրտչյանը, Կ. Միրիջանյանը, Ա. Իսրայելյանը և բաժանմունքի պետ Ս. Գրիգորյանը Ի. Գևորգյանից ստացել են ընդհանուր 1 000 000 դրամ առևտրային կաշառք, որը հավասարապես բաժանել են:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Մկրտչյանին, Կ. Միրիջանյանին և Ա. Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-214-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-200-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց մասով դրվագն առանձնացվել է առանձին վարույթ և ուղարկվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Փոստային բաժանմունքի պետ Ս. Գրիգորյանի մասով քրեական գործը կարճվել է` վերջինիս մահվան հիմքով:
Իսկ Ի. Գևորգյանի վերաբերյալ դրվագը դատարան էր ուղարկվել ավելի վաղ և գտնվում է դատաքննության փուլում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս