ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո անուղղակի կերպով խոստովանել է, որ իրեն չի հաջողվել կանխել գազի սակագնի թանկացումը: «Այսօր մենք կարեւոր հարցի` Հայաստան մատակարարվող բնական գազի սակագնի մասին ենք զրուցել: Կարծում եմ՝ դրա ձեւավորման սկզբունքների հարցում փոխըմբռնման ենք հասել: Այն պետք է բխի գազի շուկայական իրական գնից, բազմապատկած կամ բաժանած, ինչպես ցանկանում եք, Հայաստանի բնական գազի կարիքները հարաբերակցելով տարածաշրջանային գներին` պահպանելով Հայաստանի տնտեսության արդյունավետությունը»,-ասել է նա: Նկատենք, որ Ս. Սարգսյանը խոսում է գազի շուկայական իրական գնի մասին, ինչն ավելի բարձր է, քան այսօր ՀՀ մատակարարվող գազի սակագինը: Սա նշանակում է, որ գազի սակագնի բարձրացումն անխուսափելի է:
Հիշեցնենք, որ Հայաստանը, 90-ականներից սկսած առայսօր, գազը ՌԴ-ից գնել է ոչ թե շուկայական իրական գնով, այլ երկկողմանի պայմանավորվածությունների արդյունքում ստացված սակագնով, որն էականորեն ավելի ցածր է եղել շուկայականից:
Ի դեպ, մոսկովյան աղբյուրները «Ժողովուրդ»-ին տեղեկացնում են, որ երեկվա հանդիպման ժամանակ Սարգսյանն ու Պուտինն այդպես էլ գազի սակագնի շուրջ վերջնական պայմանավորվածություն ձեռք չեն բերել:




Լրահոս