2014թ. օգոստոսի 7-ին սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի խաղողի եւ պտղատու այգիներում «Եղվարդշին» ԲԲԸ-ի կողմից իրականացված ոռոգման ջրագծի ապամոնտաժման աշխատանքների ժամանակ, անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանքով, եռակցման ապարատից թռած կայծից հրդեհ է բռնկվել, որը մեծ վնաս է պատճառել: Նախկինում խոսք էր գնում 48 ընտանիքներին պատկանող 12 հա այգիների, հետո 37 ընտանիքի պատկանող 6.8 հա այգու մասին:Հրդեհի կապակցությամբ հարուցված քրեական գործը քննվում է Բերդի ոստիկանությունում:
Հավելենք, որ «Եղվարդշինը» հրդեհի պատճառ դարձած աշխատանքները կատարել է առանց շինարարական թույլտվության, այն միայն հրդեհից հետո է Վ. Կարմիրաղբյուրի համայնքապետարանից ստացել շինթույլտվություն: Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը հայտնեց, որ փետրվարի 14-ին իրենց համայնք է եկել «Եղվարդշին» ԲԲԸ տնօրեն Սամվել Վարդանյանը:
Վերջինս հանդիպել է հրդեհից առավել վնասներ կրած Վերին Կարմիրաղբյուրի 5 բնակիչների հետ եւ զրույցի ընթացքում նրանց սպառնացել: Գյուղապետը հայտնեց, որ հրդեհի գործը դեռ դատարան չի ուղարկել: Կ. Չոբանյանի համոզմամբ` գործն այնպես է տարվում, որ հրդեհի միակ մեղավոր համարվի եռակցման աշխատանքներ կատարած բանվորը: Գյուղապետի խոսքերով՝ վերջինիս ունեցվածքն այս ընթացքում օտարվել է, նրա հաշվին մնացել է ընդամենը 1 հա հող: Նման ունեցվածքով եռակցողը, բնականաբար, չի կարող փոխհատուցել գյուղացիների այրված այգիների կորուստը: Կ. Չոբանյանը համարում է, որ «Եղվարդշինի» տնօրենը հովանավորներ ունի: Նա նաեւ կարծում է, որ երկրի նախագահը, վարչապետը չգիտեն այդ հրդեհի հետ կապված ճշմարտությունը:
Իսկ, ահա, Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Վազգեն Մանուչարյանը «Ժողովուրդ»-ին ասաց. «Հրդեհից կորցրել եմ իմ ունեցվածքը: Մենք թուրքի առաջ չենք նահանջել, հիմա էլ չենք նահանջելու ներքին թուրքի առաջ: 5 անգամ երկրի նախագահի նստավայրն ենք գնացել, 4 անգամ՝ նամակ հանձնել, 2 անգամ ճանապարհ ենք փակել: Հունվարի 21-ին ՀՀ նախագահի նստավայրի առաջ 4 հոգով մեզ վրա բենզին լցրինք, որ հրկիզվենք, սակայն մեզ բռնեցին, կանխեցին: Մենք չենք նահանջելու: «Եղվարդշինի» տերը իր վաստակած փողերով արտասահմանում է հանգստանում, իսկ մենք առանց գոյության միջոցների ենք մնացել»:
Նշենք, որ գյուղապետ Կ. Չոբանյանը մտադիր է հանդիպել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ, որպեսզի նրան ներկայացնի խնդիրը, եւ որոշվեն դրա լուծման ուղիները:
Ոսկան Սարգսյան
Տավուշ