ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՎԱԽԿՈՏ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հատուկ կարծիք» հաղորդման հյուրն էր Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, որը հայտարարեց, թե Քաղաքագետների միությունը ցանկանում են սննկացնել. «Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հովանավորյալ Սենիկ Ջուլհակյանը Քաղաքագետների միությունը սննկացնելու ցանկություն ունի: Սա կազմակերպված քաղաքական հալածանք է»:
-Պարո՛ն Հովհաննիսյան, ի՞նչ է կատարվում Ձեր շուրջը, ովքե՞ր եւ ի՞նչ են ուզում Ձեզնից:
-Երբ Քաղաքագետների միությունը կազմակերպեց ընտրությունների հետ կապված հանրային լսումներ, այդ լսումները որոշ շրջանակների մոտ մտահոգություն առաջացրին, եւ փորձեր արվեցին պիտակավորել մեզ` ասելով, թե մեր նախաձեռնությունը կուսակցությունների կողմից պատվիրված գործունեություն է, միասնական շտաբն անվանեցին Քոչարյանի նախընտրական շտաբ: Այդ կարգի գնահատականներ հնչեցվեցին Արտաշես Գեղամյանի եւ նմանատիպ այլ գործիչների կողմից: Դրանք ոչ մի աղերս չունեին իրականության հետ, քանզի Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը կազմված է անկուսակցական գիտնականներից, որոնք ամենից վեր են դասում օբյեկտիվ, անկողմնակալ մոտեցումները:
Այդ նույն շրջանում Սենիկ Ջուլհակյանը, որը Հայաստանի քաղաքացի էլ չէ, ինձ դիմեց իմ օրինական սեփականությունը հանդիսացող տարածքն ազատելու պահանջով: Այն նույն տարածքը, որտեղ մշտապես տեղակայվում է Քաղաքագետների միությունը, իսկ այդ օրերին նաեւ գործում էր ՀՔՄ վարչության նախաձեռնությամբ ձեւավորված միասնական շտաբը: Մեր շուրջ ստեղծվեցին անտանելի պայմաններ, եւ բավականին բիրտ ճնշումներ կիրառեցին, ինչի վերաբերյալ այդ օրերին ՀՔՄ եւ միասնական շտաբի աշխատակազմը թարմ հետքերով հադես եկավ հայտարարություններով: Խոսքը մասնավորապես իմ մեքենայի կողոպուտի մասին է, ինչպես նաեւ ՀՔՄ գրասենյակի աշխատակիցների նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու եւ ահաբեկելու փորձերի մասին:
Տեղի ունեցավ մի միջադեպ, որը Սենիկը ներկայացրեց իբրեւ բռնություն իր դեմ ու քրեական հայց ներկայացրեց՝ իբր թե ես նրան հարվածել եմ, ինքը վայր է ընկել ու ստացել միջին ծանրության մարմնական վնասվածքներ: Դա հերյուրանք է իմ հասցեին. փորձեցին ինձ ներկայացնել Սենիկ Ջուլհակյանի հովանավոր եւ համագյուղացի, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կերպարով` ներկայանալով հասարակությանը Սիլվա Համբարձումյանի, այսինքն՝ բռնության զոհի կերպարով: Սա կազմակերպված քաղաքական հալածանք է, որի նպատակն է վարկաբեկել ինձ եւ սննկացնել Քաղաքագետների միությունը:  Քաղաքագետներից մի քանիսն այս հալածանքների պատճառով հեռացել են երկրից:
-Դուք մի անգամ ասացիք, որ չէիք կարող դեմ գնալ, հակառակվել Գագիկ Ծառուկյանին, քանի որ կկիսեիք Վահե Ավետյանի դառը ճակատագիրը: Իսկ չե՞ք վախենում, որ Ձեր նշած գործընթացների արդյունքում Վահե Ավետյանի ճակատագիրը Ձեզ սպառնա:
-Ես վախկոտ մարդ չեմ: Իմ պապը զոհ դարձավ ստալինյան բռնություններին: Մեր ընտանիքը դիմացել է բազմաթիվ հալածանքների, բայց, կրկնում եմ, ես վախկոտ մարդ չեմ: Այո՛, Վահե Ավետյանն էլ էր խիզախ մարդ…
-Հիշո՞ւմ եք՝ «Ժողովուրդ» օրաթերթն առաջինը Ձեզ զանգահարեց եւ ասաց, որ Դուք պատգամավոր չեք դառնալու: Դուք մեր տեղեկատվությանը վերաբերվեցիք տարակուսանքով: Այսօր գտե՞լ եք Ձեր` պատգամավոր չդառնալու պատճառները:
-«Ժողովուրդ» թերթը, երբ տպագրեց այն տեղեկությունը, որ որոշ մարդիկ ինքնաբացարկ են հայտնելու, իսկ Հմայակ Հովհաննիսյանի հարցը դեռ որոշված չէ, ես Գագիկ Ծառուկյանին  հիշեցրի, թե ես այն գործիչն եմ, որն ինքնուրույն է տնօրինում իր քաղաքական ճակատագիրը: Ինձ համար պարզ է մի բան, որ ես պաշտպանել եմ իմ իրավունքը` ինքնուրույն տնօրինելու իմ քաղաքական ճակատագիրը: Իսկ Ծառուկյանի դեգերումների պատճառն այն էր, որ այդ պահին նա հույս ուներ հասնել վարչապետի փոփոխության, հույսեր ուներ իր դրածոյին կարգելու վարչապետական աթոռին, ուստի պետք էր կտրել իրեն միասնական շտաբի հետ կապող «պորտալարը»: Սահմանազատվելով միասնական շտաբի կազմակերպիչից՝ նա ձգտում էր սահմանազատվել միասնական շտաբից, ավա՜ղ, դա իշխանությունների կողմից չարժանացավ պատշաճ հատուցման…
-Ի՞նչ գործունեություն կծավալեք, եթե Քաղաքագետների միությունը փակվի:
-Վստահեցնում եմ, որ նման բան չի լինի, բացառվում է, որ նման բան տեղի ունենա: Մենք կանք եւ կլինենք:
Հմայակ Հովհաննիսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել armlur.am կայքում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս